10.10.2024
Արշակ Կարապետյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Մոսկվա
prev Նախորդ նորություն

Հայ ժողովրդի թիկունքում գործարքներ չեն լինելու. ՌԴ դեսպանը` ապաշրջափակման մասին

Ադրբեջանի հետ կոմունիկացիաների բացման գործընթացում հայ ժողովրդի թիկունքում գործարքներ չեն արվի։ Sputnik Արմենիայի և 24News-ի հետ հարցազրույցում այս մասին ասաց Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։


Նրա խոսքով` մեկ տարի առաջ Երևանի, Մոսկվայի ու Բաքվի միջև կնքված պայմանագրերը, ընդհանուր առմամբ, աշխատում են, թեև ոչ առանց խնդիրների ու ողբերգական միջադեպերի։


«Հակամարտության ներուժի, տասնամյակներ շարունակ կուտակված հուզական լարվածության ֆոնին, մեկ տարի առաջ տեղի ունեցած ողբերգության ֆոնին, կարելի է ասել, որ պայմանավորվածությունները գործում են և կարևոր դերակատարում ունեն արյունահեղությունը կանխելու, բնակչության անվտանգության ապահովման, իրավիճակի հանգուցալուծման ուղիների որոնման առումով»,- ասաց Կոպիրկինը։


Դեսպանը հիշեցրել է, որ նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունների մշակման համար 2021 թվականի հունվարի 11-ին հայտարարություն էր ընդունվել, որի համաձայն ստեղծվել է աշխատանքային խումբ՝ կոմունիկացիաների վերաբացման նպատակով։


Նրա խոսքով` աշխատանքը հեշտ չէ։ Քննարկում են հաղորդակցությունների բացման տարբեր տարբերակներ։ Բոլոր աշխատանքները կառուցված են երկխոսության վրա, հիմնված կողմերի շահերի վրա։ Դեսպանի բնորոշմամբ` խոսքը ոչ թե ինչ-որ մեկին ինչ-որ բան պարտադրելու մասին է, այլ շահերի հավասարակշռության, փոխզիջումային տարբերակների, որոնք ձեռնտու կլինեն երկու կողմերին։


«Դրա համար, հավանաբար, ամեն ինչ չէ, որ տեղի է ունենում այնքան արագ, որքան մենք կցանկանայինք: Խնդիրն ընդհանուր շփման կետեր գտնելն է: Ոչ մի գործարք, ինչպես մտահոգվում են, շահերի հանձնում, դավաճանություն հայ ժողովրդի թիկունքում չի լինի` իհարկե նման տրամաբանությունը բացառվում է»,- նշել է դեսպանը։


Նա հավելել է, որ Ռուսաստանը շատ զգույշ է աշխատում՝ հարգելով երկու կողմերի ինքնիշխանությունը։ Տվյալ դեպքում Մոսկվայի խնդիրն է ստեղծել առավել բարենպաստ պայմաններ փոխադարձ ընդունելի լուծումներ փնտրելու համար։


 


 

Մարտավարական զորավարժություն՝ տանկային ստորաբաժանումների ներգրավմամբ
Հաջորդ նորություն next
 Պուտինն ընդլայնել է Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզայի մուտքի հնարավորությունները
10.10.2024
Պուտինն ընդլայնել է Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզայի մուտքի հնարավորությունները