Ցանկացած հարևանի հետ էլ հնարավոր է խաղաղության դարաշրջան բացել. Սուքիասյան
Ցանկացած հարևանի հետ էլ հնարավոր է խաղաղության դարաշրջան բացել: Այս մասին «Եռաբլուր» պանթեոնում news.am-ին ասել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը:
«Մենք պետք է մի բան գիտակցենք, որ մեր սերունդները ապրելու են նույն տարածքում, մենք չենք կարող Հայաստանը մեկ այլ երկիր տեղափոխել: Իհարկե, անընդունելի են սադրանքները, զոհերը, բայց ինչ-որ պահի իրենք էլ պետք է գիտակցեն իրական խաղաղության ամբողջ գործընթացը պետք է համարել սկսած: Ինչպես զարգացած երկրներն են, որ իրենց տարածքներն օգտագործում են հարեւան երկրների համար, այդպես էլ պետք է լինի Հայաստանի, Ադրբեջանի եւ մյուս հարեւանների տարածքները»,- ասաց պատգամավորը:
Ինչ վերաբերում է պատերազմի դասերին, Խաչատուր Սուքիասյանը նշեց, որ 44-օրյա պատերազմը մեզ ցույց տվեց, որ շատ սխալ համակարգեր ենք ստեղծել, որոնք իբրև պետք է մեզ պաշտպանեին ու զոհեր չունենայինք: Այս պատերազմի դասը նաև այն էր, որ պետք է կազմակերպված լինենք:
«Կան մեղավորներ, մենք էլ մեր մեղքի բաժինն ունենք, ցանկացած քաղաքացի, ցանկացած պաշտոնյա ունի, եթե թերացել է: Խնդիրն այն է, որ պետք է խորը ուսումնասիրել ու եզրահանգման գալ»,- հավելել է նա: