Աշխատանքի և սոցիալական ոլորտի ֆինանսական հատկացումները կավելանան 15,1 տոկոսով
ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում նոյեմբերի 5-ին քննարկվել են «ՀՀ 2022թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծում նախատեսված սոցիալական ապահովության, նպաստների եւ թոշակների գծով ֆինանսական հատկացումները:
ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը նշել է, որ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը 2022-ին պետական բյուջեի նախագծով հատկացվելու է 579 մլրդ 880 մլն 700 հազար դրամ: Նախարարի հավաստմամբ՝ Կառավարության կողմից նախատեսված սոցիալական ոլորտի ծախսերն ամենածավալունն են:
2022 թվականին նախատեսվում է իրականացնել 16 ծրագիր եւ 93 միջոցառում:
«2022-ի բյուջեի նախագծով նախատեսված է շուրջ 580 մլրդ դրամ ֆինանսավորում: 2021-ին հաստատված բյուջեով նախատեսված է եղել 503 մլրդ 670 մլն դրամ ֆինանսավորում, աճը կազմում է 15.1 տոկոս»,- ասել է ֆինանսների նախարարը: