Համայնքներում ավելի քան 200 մլն դոլարի ներդրում ենք ապահովել. Նիկոլ Փաշինյան
Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց 9 մարզերի մարզպետարաններին ևս 532 մլն դրամ հատկացնել՝ սուբվենցիոն ծրագրերի իրականացման նպատակով։
ՀՀ պետական բյուջեից մարզպետարաններին գումար հատկացնելու կարիքը ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը բացատրեց «համապատասխան շինարարական աշխատանքները ֆինանսավորելու նպատակով»։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ սուբվենցիոն ծրագրերը դարձել են տարածքային համաչափ զարգացման առանցքային գործիք։ «Սուբվենցիոն ծրագրերի էությունը հետևյալն է՝ մենք համայնքներին առաջարկում ենք ներկայացնել ենթակառուցվածքների զարգացման և կապիտալ ներդրումների ծրագրեր, որոնք ներկայացվում են կառավարություն», - ասաց նա՝ հավելելով, որ 2018-2020 թվականների ընթացքում սուբվենցիոն ծրագրերի շրջանակերում բոլոր մարզերում իրականացվել է 1193 ծրագիրր։
«Ընդհանուր գումարը կազմել է ավելի քան 47 մլրդ դրամ։ Ծրագրերի բովանդակությունը հետևյալն է՝ բնակավայրերի փողոցների կառուցում, նորոգում, ասֆալտապատում, խմելու ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի կառուցում, նորոգում, հիմնանորոգում, ոռոգման համակարգերի կառուցում կամ նորոգում, փողոցային լուսավորության կառուցում, վերականգնվող էներգետիկա, բնակարանների գազաֆիկացում, մանկապարտեզների կառուցում կամ նորոգում և այլն», - աաց նա։
Միևնույն ժամանակ նա հավելեց, որ 2018-21 թթ․ համայնքներում ավելի քան 200 մլն դոլարի ներդրում ենք ապահովել։ «Եթե 2018-2020 թվականներին իրականացրել ենք ավելի քան 47 մլրդ դրամի սուբվենցիոն ծրագիր, ապա միայն 2021 թվականին այս պահին ընթացքի մեջ են 678 ծրագիր՝ 48 մլրդ 400 մլն դրամ արժեքով»,- ասաց նա։