24.11.2024
«Հայաստան» դաշինքը նոյեմբերի 8–ին հրավիրում է հանրահավաք Ազատության հրապարակում
prev Նախորդ նորություն

Փաշինյանն Էրիկա Օլսոնին հայտնել է Ադրբեջանում պահվող գերիների վերադարձի անհրաժեշտությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկա Օլսոնի գլխավորած պատվիրակությանը, հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից:


Վարչապետը ողջունել է ԱՄՆ պետքարտուղարության պատվիրակությանը և նշել, որ ՀՀ կառավարությունը կարևորում ու բարձր է գնահատում Հայաստանի և ԱՄՆ-ի միջև հաստատված բարեկամական հարաբերությունները: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ 2019 թվականից սկսվել է հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսությունը, որը միտված է հարաբերությունների հետագա զարգացմանն ու առաջմղմանը:


«Ցանկանում եմ ընդգծել ԱՄՆ կառավարության դերը Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական բարեփոխումների առաջմղման գործում: Վերջերս այս առումով արձանագրել ենք կոնկրետ արդյունք՝ ի դեմս Պարեկային ոստիկանության ստեղծման»,- ասել է կառավարության ղեկավարը: Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել նաև ԱՄՆ դերը ընթացիկ տարվա հունիսին Ադրբեջանից 15 հայ գերիների վերադարձի գործում: Վարչապետը գոհունակությամբ է արձանագրել, որ ԱՄՆ-ը շարունակում է ջանքերի գործադրումն այդ ուղղությամբ:


Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ջանքերին, Ադրբեջանում պահվող հայ գերիների, պատանդների և պահվող այլ անձանց վերադարձի ապահովմանը, Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումներին վերաբերող մի շարք հարցեր:


Վարչապետ Փաշինյանը կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության գործունեությունը, վերջերս Նյու-Յորքում Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպման կազմակերպումը և համանախագահների սպասվող այցը տարածաշրջան: Նիկոլ Փաշինյանը շեշտել է Ադրբեջանում պահվող գերիների վերադարձի անհրաժեշտությունը և նկատել, որ Ադրբեջանը շարունակում է խախտել 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության համապատասխան կետը:


ՀՀ կառավարության ղեկավարն անդրադարձել է նաև տարածաշրջանային կոմունիկացիների բացման ու Հայաստանի և Ադրբեջանի միջև դեմարկացիայի և դելիմիտացիայի իրականացման հնարավորություններին՝ ներկայացնելով մեր երկրի հստակ դիրքորոշումները: Նիկոլ Փաշինյանը խոսել է նաև ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանն ուղղված կառավարության հետագա ծրագրերի ու քայլերի վերաբերյալ՝ շեշտելով, որ մեր երկիրը շարունակելու է հետևողականորեն ու հաստատակամ շարժվել ժողովրդավարության զարգացման և ամրապնդման ուղղությամբ:


ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկա Օլսոնը նշել է ԱՄՆ պատրաստակամությունը՝ նպաստելու տարածաշրջանում հումանիտար խնդիրների լուծմանը, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորմանը: Միաժամանակ, նա ընդգծել է ժողովրդավարական բարեփոխումների գործում ՀՀ կառավարությանը շարունակական օժանդակություն ցուցաբերելու ամերիկյան կողմի շահագրգռվածությունը: