Պետբյուջեով վարչապետի աշխատակազմին 2022 թվականին կհատկացվի 19 մլրդ 675 մլն դրամ
Նոյեմբերի 3-ին ԱԺ պետական-իրավական ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ներկայացրել է վարչապետի աշխատակազմի բյուջետային հայտը:
2022 թ. պետական բյուջեի նախագծով վարչապետի աշխատակազմին նախատեսվում է հատկացնել 19 մլրդ 675 մլն դրամ, իրականացվելու է 11 ծրագիր եւ 45 միջոցառում: Դրամաշնորհային մեկ ծրագիր եւ միջոցառում է իրականացվելու՝ շուրջ 122 մլն դրամի չափով: Վարչապետի աշխատակազմի կողմից 2021-ին իրականացվող 6 միջոցառումները 2022-ի բյուջեով կփոխանցվեն այլ պետական մարմիններին, որոնք բովանդակային առումով արդյունավետ կիրականացնեն դրանք: Աջակցություն կուսակցություններին եւ կուսակցությունների դաշինքներին միջոցառումը կիրականացնի Ազգային ժողովը: ՀՀ վետերանների միավորում հասարակական կազմակերպությանն աջակցելուն ուղղված միջոցառումը կիրականացնի Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը: Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանն է փոխանցվել Տվյալների փոխանակման միջգերատեսչական կապի ապահովմանը վերաբերող միջոցառման իրականացումը՝ 215 մլն դրամի չափով: Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Առեւտրի եւ ենթակառուցվածքների զարգացման ծրագիրը՝ 2,6 մլրդ դրամի չափով, Շենքերի եւ շինությունների շինարարություն եւ հիմնանորոգում ծրագիրը՝ 1,6 մլրդ դրամի չափով, 1,2 մլրդ դրամի չափով սարքավորումների ձեռքբերման ծրագիրը եւս կիրականացնի ԲՏԱ նախարարությունը:
2022 թվականի բյուջեով ավելացել են 3 միջոցառումներ: «Պետական աջակցություն ՀՀ- ում եւ արտերկրում ներդրումային եւ ՊՄԳ ծրագրերի իրականացմանը» ծրագրին կուղղվի 1,8 մլրդ դրամ, Սննդամթերքի լաբորատոր հետազոտություն միջոցառմանը՝ 20 մլն դրամի չափով գումար: Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող «Հայաստանի արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությանն աջակցության լրացուցիչ ֆինանսավորում» դրամաշնորհային ծրագիրը եւս կլինի բյուջեում:
Կան մի շարք շարունակական ծրագրեր, որոնք նախորդ տարիներին եւս իրականացվել են: Դրանց թվում է Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող պետական հատվածի արդիականացմանն առնչվող ծրագիրը:
Պատգամավոր Արամ Վարդեւանյանը հարցուպատասխանի ընթացքում կարեւորել է բյուջետային հասցեական հատկացումները Տեսչական մարմիններին, ինչը, ըստ նրա, կընդգծի այդ մարմինների անկախությունը: Արայիկ Հարությունյանը պարզաբանել է, որ վարչապետի աշխատակազմն իրականացնում է տեխնիկական գործառույթ, բովանդակային իմաստով տեսչական մարմիններն անկախ են: Ըստ նրա՝ տեսչական մարմինների առանձին աշխատակազմ ունենալը լրացուցիչ բյուջետային զգալի ծախսեր կպահանջի: