Վրաստանի իշխանությունները հրաժարվում են հացադուլավոր նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին բանտից տեղափոխել մասնավոր կլինիկա, քանի որ վախենում են բուժհաստատության մոտ տեղի ունեցած անկարգություններից:
Այս մասին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է «Իմեդի» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, փոխանցում է «Նովոստի Գրուզիա»-ն։
Ղարիբաշվիլին պնդում է, որ քաղաքացիական հիվանդանոց տեղափոխվելը, որտեղ «անվտանգության ոչ մի պայմաններ չկան», «Սահակաշվիլիի պլանի» մի մասն է:
«Ըստ նրա ծրագրի՝ մենք պետք է տեղափոխենք նրան մասնավոր կլինիկա։ ( ... ) Ավելին, նրանց ծրագիրն է մոբիլիզացնել մի քանի հազար մարդ, 4-5 կամ 10 հազար: Մենք պետք է տեղակայենք այնտեղ ոստիկանների, կիրառենք հատուկ միջոցներ և մնանք հավերժական քաոսի և անկարգությունների մեջ», - ասել է Ղարիբաշվիլին։
Մեկնաբանելով նախկին նախագահի հացադուլը՝ նա նաեւ հայտարարել է, որ «մարդն ինքնասպանության իրավունք ունի», եւ պետությունը դրա համար պատասխանատվություն չի կրում:
«Օրենքում գրված է, որ մարդն ինքնասպանության իրավունք ունի։ Եթե մարդը որոշի սպանել իրեն, ապա նա կարող է իրեն սպանել, սակայն, իհարկե, պետությունը դրա պատասխանատվությունը չի վերցնի», — ասաց նա։
Վրաստանի կառավարության ղեկավարը նաեւ բացառել է Սահակաշվիլիի արտահանձնումն Ուկրաինային կամ նրա վաղաժամկետ ազատ արձակումը: Ղարիբաշվիլիի կարծիքով՝ դա կնշանակի, որ «իշխանությունը չի հարգում երկրի օրենքները»:
«Իհարկե, բացառված է Սահակաշվիլիի վաղաժամկետ ազատ արձակումը։ Բացառված է նաև նրա փոխանցումը Ուկրաինային։ Եթե մենք նման բան անենք, դա նշանակում է, որ մեր ամբողջ կառավարությունը պետք է դիմում գրի եւ հաջորդ օրը հրաժարական տա», - ասել է Ղարիբաշվիլին։
Սահակաշվիլին ձերբակալվել է հոկտեմբերի 1-ին Թբիլիսիում այն բանից հետո, երբ գաղտնի ժամանել էր Ուկրաինայից։ Նա բանտ է տեղափոխվել ավելի վաղ դատարանի կայացրած պաշտոնական հանցագործությունների վերաբերյալ դատավճռի հիման վրա, որում նրան մեղադրել է «Վրացական երազանքի» կառավարությունը: