Պարտության հիմքերը դրվել են դեռ մարտական գործողությունների մեկնարկից առաջ. Աբրահամյան
Պետությունը և զինված ուժերը պատրաստ չէին Ադրբեջանի հարձակմանը, թեև պատրաստվող ագրեսիայի մասին հայտնի դարձավ դրա մեկնարկից երկու օր առաջ։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 29-ին, ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը։
Նրա խոսքով՝ կառավարության հետ հարց ու պատասխանի ընթացքում խորհրդարանում շատ հետաքրքիր տեղեկություն է հայտնի դարձել. վարչապետը խոստովանել է, որ պատերազմի վերահաս սպառնալիքի՝ ադրբեջանական զորքերի տեղաշարժի, ռազմական տեխնիկայի մեծ ծավալների կուտակումների մասին տեսանելի ազդանշաններից բացի, ռազմական գործողությունների սկսվելուց երկու օր առաջ տեղի է ունեցել ռադիոհաղորդում, որը վստահություն ներշնչող տեղեկատվություն է պարունակում ռազմական գործողություններ սկսելու մասին:
Այս ամենը նշանակում է, որ վարչապետը, երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունը, ունենալով բավարար տեղեկություններ և պատերազմ սկսելու հեռանկարներ, իրավիճակին համահունչ գործողություններ չեն ձեռնարկել։ Դրանով իսկ մինչև մարտական գործողությունների սկսվելը դրվել են պարտության հիմքերը։
«Դա նաև նշանակում է, որ նման դեպքերի համար նախատեսված միջոցառումների ցանկը չի գործարկվել, մեխանիզմները չեն աշխատել, այսինքն՝ պետությունը, զինված ուժերը պատրաստ չեն եղել այդ ագրեսիային», - հայտարարեց Աբրահամյանը: