23.11.2024
Հայաստանում գլխուղեղի կաթվածների թիվը յուրաքանչյուր տարի կազմում է շուրջ 5000-6000 դեպք
prev Նախորդ նորություն

Իշխանությունը խուսափում է պատերազմի դեպքերն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմավորումից

Արցախի դեմ 44-օրյա պատերազմի դեպքերն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը մինչ օրս չի ձևավորվել, քանի որ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը դեռևս չի ընտրել նախագահի տեղակալ։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 29-ին, ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության անդամ Արամ Վարդեւանյանը։


Ըստ նրա, իշխող ուժը, ղեկավարվելով քաղաքական որոշմամբ, հետևողականորեն չի ընտրում «Հայաստան» դաշինքի թեկնածու Արթուր Ղազինյանին պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ՝ անտեսելով օրենսդրության պահանջները և Դ’ Օնդտի մեթոդը: «Սա տեխնիկական հարց է, օրենսդրական պահանջ, որը չպետք է հանգեցներ նման իրավիճակի», - ասաց նա:


Պատգամավորը լրագրողների ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովում սահմանային իրավիճակի հետ կապված որևէ քննարկում չի անցկացվել: «Դա տեղի է ունենում այն պատճառով, որ հանձնաժողովի նախագահը (Անդրանիկ Քոչարյանը) սահմանափակ է իր գործողություններում», - հայտարարել է նա: Պատգամավորը դա ակնհայտ է համարում՝ նշելով, որ Անդրանիկ Քոչարյանը մեկն էր նրանցից, ովքեր անմիջական առնչություն են ունեցել այն գործընթացների հետ, որոնք հանգեցրել են 44-օրյա պատերազմի աղետալի արդյունքների։


«Այդ իսկ պատճառով նրանք խուսափում են ոչ միայն այս քննչական հանձնաժողովի կազմավորումից, այլև տեղի ունեցածի և ընդհանրապես սահմաններում իրավիճակի որևէ քննարկումից։ Իրականում ընդդիմությունը ստիպված էր նախաձեռնել այդ հրատապ քննարկումները խորհրդարանում։ Իրականում նման հարցերը պետք է քննարկվեին գլխադասային հանձնաժողովի շրջանակներում», - հայտարարել է Վարդևանյանը։