22.11.2024
Մեղրիի ՀԷԿ-ի նախագիծը կոնսերվացվում է. Բաքուն կօգտվի իրավիճակից. փորձագետ
prev Նախորդ նորություն

Մամուլ. Արման Թաթոյանին, որպես հնարավոր վարչապետի թեկնածու, ձեռքից ձեռք են խլում

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» թերթը գրում է. «Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է 2022 թվականի փետրվարի 23-ին: Նա նորից չի կարող առաջադրվել։ Ավելին՝ իշխանական կուլիսներում արդեն քննարկվում են Թաթոյանին փոխարինողների անունները՝ Դանիել Իոաննիսյան, Վահագն Հովակիմյան, Էդմոն Մարուքյան։ Սրան զուգահեռ, կուսակցություններն են միմյանց դեմ պայքար սկսել՝ Արման Թաթոյանին, պաշտոնավարման ժամկետը լրանալուց հետո, իրենց մոտ տանելու համար։ Գաղտնիք չէ, որ Թաթոյանն այսօր ամենաբարձր ռեյտինգն ունեցող գործիչն է եւ հանգիստ կարող է հավակնել վարչապետի աթոռին: Մեզ հասած տեղեկություններով՝ Թաթոյանին ամեն գնով ուզում է իր կողմը գրավել «Ապրելու երկիր» կուսակցության հովանավոր Ռուբեն Վարդանյանը, նույնիսկ ասում են, որ ցանկանում է խորհրդարանական հաջորդ ընտրություններին Թաթոյանին առաջադրել որպես վարչապետի թեկնածու։  «Ապրելու երկիր» կուսակցության անդամ Մովսես Առաքելյանին հարցրինք՝ ճի՞շտ է, որ Թաթոյանի հետ բանակցություններ են սկսել։ «Մեր կուսակցության ղեկավար կազմը հայտնի է, կուսակցության ղեկավարը Մանե Թանդիլյանն է, մեր կուսակցությունում ով էլ ներգրավվում է, հանրությունը պատշաճ տեղեկանում է»,- չհերքեց Մեսրոպ Առաքելյանը։ Նշենք, որ Արման Թաթոյանը, կարելի է ասել, միակ պաշտոնյան է, որն ինտենսիվ զբաղվում է սահմանամերձ բնակավայրերի, արցախցիների հարցերով, արտերկրի տարբեր կառույցներին է ներկայացնում զեկույցներ մեր գերիների, գրավված տարածքների մասին եւ, առհասարակ, իր վրա է վերցրել պետության ֆունկցիաները՝ դրսում մեր հարցերը բարձրացնելու եւ ադրբեջանական ապատեղեկատվությանը հակազդելու գործում»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Մանիպուլյացիաները, քաղաքական խարդավանքներն ու դեմագոգիան միշտ են մեր կյանքի անբաժան մասը եղել: Երբ քաղաքական գործիչը խոսում է անորոշ տերմինոլոգիայով, դիպչում է մարդկանց ազգային ու հայրենասիրական նուրբ լարերին, ակնարկներ է օգտագործում` առանց փաստարկների, էժանագին դիվիդենտներ է շահում` հաճոյանալով հանրությանը, պոպուլիստական ճառեր է ասում. այս բոլորը մանիպուլյացիոն դաշտի տարբեր դրսեւորումներ են: Մենք հաճախ ուշադրություն չենք դարձնում դրան, բայց, որպես կանոն, այդ խայծը կուլ ենք տալիս: 30 տարի շարունակ նման մանիպուլյացիաների ու էժան շահարկումների առարկա է եղել Արցախի թեման: Կեղծ արժեքների ու դեմագոգության պարարտ դաշտ է ձեւավորվել ղարաբաղյան թեմայով, սկսած «Սերգո ջան, լավ չես ապրելու» արտահայտությունից, վերջացրած «Արցախը Հայաստան է եւ վերջ» արտահայտությամբ: Սակայն 2020-ի պատերազմն ու դրանից հետո ծավալված դեպքերը ցույց տվեցին, որ ո՛չ տասնամյակներ շարունակ մեր թափած արցունքներն ու սրտակեղեք սպառնալիքներն էին իրական, որոնք ուղղվում էին «հող հանձնելու» մտադրություն ունեցողներին, ո՛չ էլ Արցախին ու արցախցիներին ուղղված սերն ու հոգատարությունն էր անկեղծ ու սրտից բխած: Պարզվեց` կեղծ ու հորինված են ե՛ւ սերը, ե՛ւ ազգային նպատակները, ե՛ւ կորսված հայրենիքը հետ բերելու մասին դարավոր երազները: Պարզվեց` մենք ունակ ենք ամեն ինչ արդարացնելու եւ ամեն ինչի հետ հաշտվելու: Եվ իզուր էին ժամանակին ՀՀ նախագահներն այդքան վախենում ինչ-որ փաստաթղթեր ստորագրելուց: Եկավ մի պահ, որ ամենաանընդունելի փաստաթուղթն էլ ստորագրվեց, եւ ստորագրողը հպարտ ու բաց ճակատով կարողանում է կանգնել հայ ժողովրդի առաջ` ելույթներ է ունենում, ուրիշներին մեղադրում կատարվածի մեջ: Չի պատժվում, անեծքի  չի արժանանում»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Նազելի Բաղդասարյանն առաջիկայում Շիրակի մարզպետ կնշանակվի։ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ մարզպետի նման փոփոխության հարցով քննարկում է եղել, ու առաջարկվել է մարզպետ Հովհաննես Հարությունյանին (որ Գյումրու համայնքապետի ընտրությունններում պարտություն կրեց) փոխարինել Բաղդասարյանով։ Մեզ հետ զրուցյում պատգամավոր Բաղդասարյանը, սակայն, նշեց, որ մարզպետի փոփոխության հարցի քննարկումներին ծանոթ չէ։ «Մարզպետի ազատման կամ փոփոխության հարցը վարչապետի աշխատակազմում է քննարկվում, ու ինձ նման քննարկումներ հայտնի չեն։ Ընդամենը տեղյակ եմ, որ Հովհաննես Հարությունյանը հրաժարվել է ավագանու իր մանդատից»,- նշեց նա։ Ինչ վերաբերում է Հարությունյանի հետ համագործակցելուն, ապա Բաղդասարյանը նշեց, որ պատգամավոր-մարզպետ համագործակցությունն իրենց մոտ ստացվել է, հաջողել են։ «Քաղաքական մեր գիծը պահելով է աշխատել պրն Հարությունյանը ու բավական սկզբունքային է եղել որոշումներ ընդունելիս»,- հավելեց ՔՊ խմբակցության քարտուղարը։ Նշենք, որ մարզպետ Հարությունյանին փոխարինելու հարցը ՔՊ-ականները քննարկում էին Գյումրու ՏԻՄ ընտրություններից անմիջապես հետո։ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պատգամավոր Հովիկ Աղազարյանը տեսակետ էր հայտնել, որ ընտրության արդյունքներն արդեն իսկ որոշակի ցուցիչ են՝ վերլուծելու ու հասկանալու համար մարզպետի գործունեությունը։ Եվ եթե նա ընտրություններում չի հաջողել, ապա դա արդեն ինչ-որ բան նշանակում է»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ինչպես հայտնի է, երկու օր առաջ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Կամո Քոչունցն Ազգային ժողովում էր: Նա հրաժարվեց ինչպես լրագրողների, այնպես էլ պատգամավորների որեւէ հարցի պատասխանելուց: Իսկ ինչո՞ւ էին հենց նորանշանակ տեղակալին գործուղել Ազգային ժողով: Բանն այն է, որ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալներից մեկը՝ Ստեփան Գալստյանը, կալանքի տակ է, մյուս տեղակալ Անդրանիկ Մակարյանի դեմ պատերազմի մասով հարուցված քրեական գործ է առկա, մյուս տեղակալ Արայիկ Հարությունյանը, որը եղել է բանակային 2-րդ կորպուսի հրամամանատար, կրկին նոր է նշանակվել պետի տեղակալի պաշտոնում: Այս ամենը հաշվի առնելով՝ որոշում է կայացվել հենց Կամո Քոչունցին ուղարկել Ազգային ժողով, որը համեմատաբար ավելի պատրաստված է: Ի դեպ, Պաշտպանության նախարարությունում արդեն խոսակցություններ կան, որ չնայած Կամո Քոչունցը պրոֆեսիոնալ գեներալ է, բայց երկար չի դիմանա ԳՇ պետի տեղակալի պաշտոնում»:


«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես երևում է, գործող իշխանությունների վիճակը, շատ մեղմ ասած, այնքան էլ լավ չէ մի շարք համայնքներում՝ կապված առաջիկայում սպասվող ՏԻՄ ընտրությունների հետ: Որոշ տեղերում նրանք այդպես էլ «մրցակցային» թեկնածու չեն գտնում, որոշ տեղերում հենց սկզբից ակնհայտ պարտված են, որոշ տեղերում էլ քննարկվող թեկնածուները հրաժարվում են ճանապարհ անցնել Նիկոլ Փաշինյանի ու նրա քաղաքական ուժի հետ: Վերջինների թվում է նաև Արթիկը: Նախորդ համարներից մեկում «Փաստը» գրել էր, որ իշխանությունները, տեսնելով, թե ինչպես պարտվեցին Գյումրիում և Գորիսում, Արթիկում փորձում են ոչ թե միանգամից կենտրոնանալ մեկ թեկնածուի վրա, այլ առաջնորդվել «ցանցային» մեթոդով։ Նշել էինք նաև, որ թեկնածուներից առաջինն Արթիկի գործող քաղաքապետ Մխիթար Վարագյանն է։ Երեկ ՔՊ-ն հայտարարեց, որ իրենց ցուցակը գլխավորելու է Անան Ոսկանյանը: Մեր ունեցած հավաստի տեղեկություններով, Վարագյանը հրաժարվել է գլխավորել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը, այսինքն՝ դառնալ Արթիկի քաղաքապետի՝ «փաշինյանական» թեկնածու: Մեր աղբյուրների փոխանցմամբ, նա ասել է, որ ցանկություն չունի որևէ առնչություն ունենալ Նիկոլ Փաշինյանի հետ, քանի դեռ մեր տղաները, այդ թվում՝ արթիկցի, գերեվարված են մնում Ադրբեջանում: Մխիթար Վարագյանը, մեր տեղեկություններով, կմասնակցի Արթիկի ավագանու ընտրություններին, սակայն առանձին դաշինքով, որի ստեղծման ուղղությամբ ներկայումս բանակցություններ են տարվում»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխող ՔՊ-ն իր արսենալի բոլոր զենքերը կիրառում է Տաթեւում իշխանությունն ընդդիմությանը չհանձնելու համար: Իշխող կուսակցությունը երեկ դիմել է վարչական դատարան՝ բողոքարկելով վերահաշվարկի արդյունքները: Մեզ չհաջողվեց պարզել դիմումի բովանդակությունը, սակայն երկրորդ տեղը գրաված «Շանթ դաշինքի» հիմնադիր Շահեն Հարությունյանն ասաց, որ խոսքը 1 անվավեր քվեաթերթիկի վավեր ճանաչելու մասին է: Եթե դատարանը բավարարի ՔՊ պահանջը, ապա Տաթեւում ձայները կհավասարվեն: Հիշեցնենք, որ «Շանթ դաշինքն» ու «Ապրելու երկիր» կուսակցությունը միասին ընդամենը 1 մանդատով են ավելի ՔՊ-ից, եթե ձայները հավասարվեն, կհայտարարվեն նոր ընտրություններ: «Մենք շատ ուրախ կլինենք նման զարգացումների դեպքում, քանի որ արդեն ունենք ընդհանուր պատկերը, գիտենք՝ ինչ տեղի ունեցավ, ու պատրաստ ենք անգամ այդ զարգացումների դեպքում էլ ավելի լավ ցուցանիշ գրանցելու։  Մենք մտել ենք պայքարի մեջ, բնականաբար, պայքարը շարունակելու ենք` անկախ նրանից, թե իշխող ուժն ինչ քայլերի կդիմի»,- մեզ ասաց Շահեն Հարությունյանը եւ հիշեցրեց, որ իրենց օգտին 3 նման անվավեր թերթիկ կա․ եթե դատարանը ՔՊ-ի մեկ անվավերը վավեր ճանաչի, ապա դա իրենց համար ՍԴ դիմելու հիմք կդառնա»:


«Փաստ» օրաթերթը գրում է. «Օրեր առաջ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակեց հոկտեմբերի 17-ին համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցած կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների միջև ավագանիներում մանդատների բաշխումը։ Տոկոսային շեմը հաղթահարած քաղաքական ուժերի շարքում հատկապես աչքի են ընկնում նորաստեղծ կուսակցությունները: Եվ եթե, օրինակ՝ «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը իր «մկրտությունը» ստացել էր ԱԺ հունիսի 20-ի արտահերթ ընտրություններում, ապա «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցության ու «Ապրելու երկիր» կուսակցության համար այս ընտրությունները, կարելի է ասել, յուրատեսակ քննություն էին, որը նրանք փաստացի պատվով հաղթահարեցին: «Զարթոնքը» մասնակցում էր Գյումրիի, իսկ «Շանթ դաշինքը»՝ Տաթևի ավագանու ընտրություններին, և երկու ուժն էլ լուրջ քվեներ ստացան՝ համապատասխանաբար՝ 10,6 և 34 տոկոս: Իսկական «քինդեր սյուրպրիզ» դարձավ «Ապրելու երկիր» կուսակցությունը, որը կապվում է գործարար Ռուբեն Վարդանյանի անվան հետ: Այս քաղաքական ուժը 6 համայնքից մասնակցեց 5-ի ընտրություններին ու հինգում էլ հաղթահարեց «անցողիկ շեմը»: Ավելին, որոշ համայնքներում նրանք բավականին ազդեցիկ քվեներ են ստացել՝ ըստ էության քաղաքական մեկնարկը նշանավորելով տպավորիչ արդյունքներով: Այսպիսով, «Ապրելու երկիրը» Տեղ համայնքում ստացել է մոտ 35, Դիլիջանում՝ 24,5, Տաթևում՝ 13, Մեղրիում՝ 9,8, Գյումրիում՝ 5,6 տոկոս»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Արագածոտնի մարզպետ Դավիթ Գեւորգյանի երեկվա անսպասելի հրաժարականը, մեր տեղեկություններով, պայմանավորված է ՏԻՄ ընտրություններով: Ավելի կոնկրետ՝ ՔՊ թեկնածուների հարցում կուսակցության հետ ունեցած տարաձայնություններով: Գեւորգյանը որոշել է Արարատի մարզպետ Ռազմիկ Թեւոնյանի օրինակով ՔՊ կուսակցության «վախը բռնել»՝ հույս ունենալով, որ իրեն էլ կհամոզեն հետ վերցնել դիմումը, ինչպես եղավ Թեւոնյանի դիմումի դեպքում: Սակայն, ի տարբերություն Թեւոնյանի, կուսակցությունում նրանից դժգոհությունը մեծ է: Եթե Թեւոնյանին հաջողվել է երբեմնի ՀՀԿ-ական համայնքապետերին «ջան ու ջիգյարով» իր ազդեցության ներքո բերել, ապա Գեւորգյանը՝ ճիշտ հակառակը․ մարզը պառակտել է եւ դեռեւս հունիսի 20-ի ընտրությունների նախօրեին համայնքապետերի հետ հարաբերությունները վատացրել, քանի որ սպառնալիքներ է տեղացել, փորձել կոտրել ու հնազանդեցնել նրանց»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Գորիս-Կապան ավտոճանապարհի Որոտանի հատվածում, որն այժմ գտնվում է ադրբեջանցիների տնօրինության տակ, ամեն օր նոր կարգ են սահմանում: Մեր հայրենակիցներից մեկն օրերս անցել է այդ ճանապարհով եւ լուսանկարել «Բարի գալուստ, Ադրբեջան» ցուցանակը։ Սա չի վրիպել պոստ պահող ռուսների ու ադրբեջանցիների աչքից: Նրանք կանգնեցրել են մեքենան եւ ասել, որ ադրբեջանական օրենսդրության համաձայն՝ օտարերկրյա քաղաքացիներն իրավունք չունեն լուսանկարել իրենց անցակետերը եւ տուգանվում են 100 հազար դրամով: Բանակցությունների արդյունքում եկել են կոմպրոմիսի` քաղաքացին ջնջել է լուսանկարը եւ շարունակել ճանապարհը: Նշենք, որ, բացի այդ, ժամը մեկ են թույլատրում այդ ճանապարհով մեքենաների անցումը` մեքենաները սահմանակետում հավաքվում եւ սպասում են»:


«Հրապարակ» օրաթերթը գրում է. Գորիս-Կապան ավտոճանապարհի Որոտանի հատվածում, որն այժմ գտնվում է ադրբեջանցիների տնօրինության տակ, ամեն օր նոր կարգ են սահմանում: Մեր հայրենակիցներից մեկն օրերս անցել է այդ ճանապարհով եւ լուսանկարել «Բարի գալուստ, Ադրբեջան» ցուցանակը։ Սա չի վրիպել պոստ պահող ռուսների ու ադրբեջանցիների աչքից: Նրանք կանգնեցրել են մեքենան եւ ասել, որ ադրբեջանական օրենսդրության համաձայն՝ օտարերկրյա քաղաքացիներն իրավունք չունեն լուսանկարել իրենց անցակետերը եւ տուգանվում են 100 հազար դրամով: Բանակցությունների արդյունքում եկել են կոմպրոմիսի` քաղաքացին ջնջել է լուսանկարը եւ շարունակել ճանապարհը:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Կոշ» եւ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկների գործունեությունը կդադարեցվի: Ըստ այդմ, մինչև հունվարի մեկը պետք է ապահովվի պատիժ կրող դատապարտյալների տեղաբաշխումն այլ քրեակատարողական հիմնարկներ՝ ըստ վերջիններիս մեկուսացվածության աստիճանի, եւ պահվող կալանավորված անձանց տեղափոխումը այլ քրեակատարողական հիմնարկներ։ Հիմնավորման մեջ նշվում է, որ «Հրազդան» ՔԿՀ-ն խնդրահարույց պահման պայմաններ ունի այն տեսակյունից, որ, հարեւան՝ բնակելի շենքերի հետ համեմատությամբ, ունի մի քանի մետր հեռավորություն, ինչը նպաստում է արգելված իրերի ներթափանցմանը: Նաեւ երկու հիմնարկներն էլ ցածր համալրվածություն ունեն, սակայն պետական բյուջեից մեծ գումարներ են փոխանցվում այդ հիմնարկների պահպանման համար: Այս քայլն արվում է օպտիմալացման շրջանակներում:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հայաստանի տարածքում, նաեւ՝ Երեւանում, ռադիոյի հաճախականություններում հայտնվել են թուրքական ալիքներ: Ավելին, մի շարք մարզերում, թուրքականից բացի, հասանելի են դարձել նաեւ ադրբեջանական ալիքներ: Մասնագետն ասում է՝ անհանգստանալ պետք չէ: Ի դեպ, թուրքական եւ ադրբեջանական ռադիոալիքների՝ Հայաստանի տարածքում հայտնվելու մասին քաղաքացիները սկսեցին բարձրաձայնել 44-օրյա պատերազմից հետո: ՀՀ բարձր տեխնոլոգիաների նախարարության «Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Սամվել Հարությունյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անդրադառնալով այս խնդրին, ասաց, որ դրանք մինչ 44-օրյա պատերազմն էլ եղել են: Նա խորհուրդ տվեց շրջանցել ոչ ցանկալի ռադիոկապուղիները:  «Սահմանից այն կողմ լսելի են նաեւ ռադիոհաղորդումներ հայերեն լեզվով, ինչն ուղղակիորեն կապված է ռադիոալիքների տարածման հետ: Դա ռադիոալիքների տարածման առանձնահատկությունն է, որը ո՛չ սահման է ճանաչում, ո՛չ էլ պետություն: Մենք ուղղակի դրա դեմ չենք կարող պայքարել: Շատ ժամանակ ասում են, թե ինչ-որ խլացուցիչներ դնենք, բայց Հայաստանն ինքը հանդիսանում է եվրոպական հեռարձակվողների միության անդամ, ունի պարտավորություն, որ քաղաքացիական տիրույթում գործող ռադիոցանցերի համար չի կարելի ուղղակի խանգարումներ ստեղծել»,- պարզաբանեց մասնագետը: Բացի այս, «Ժողովուրդ» օրաթերթը մասնագետի հետ զրույցում բարձրաձայնեց եւս մեկ խնդրի մասին. դա հիմնականում վերաբերում է օտարերկրյա ժամանողներին, որոնք ունեն այլ պետությունների բջջային հեռախոսահամարներ, անմիջապես ֆիքսում են թուրքական ռադիոցանցեր հենց անմիջապես վայրէջքի ժամանակ օդանավակայանում. քաղաքացու հեռախոսում տեղորոշման ծրագիրը ցույց է տալիս, որ ինքը Թուրքիայում է: Այս հարցին ի պատասխան՝ Ս. Հարությունյանն ասաց. «Սա նշանակում է, որ իրենց ցանցերն ուղղակի ունեն պայմանագրեր նույն թուրքական ցանցերի հետ, որը բաժանորդին կարող է առաջարկել ավելի լավ պայմաններ»:


«Փաստ» օրաթերթը գրում է. «Վերջին օրերին սոցցանցային հարթակներում տարածվում են կասկածելի ծագմամբ տեղեկություններ, թե հնարավոր է՝ առաջիկայում պատվաստումները դառնան վճարովի: Նման տեղեկությունները չափազանց արագ են տարածվել և խուճապ են առաջացրել հանրության շրջանում: «Փաստ» թերթը դիմեց ՀՀ առողջապահության նախարարություն՝ խնդրելով պատասխանել, թե որքանով է հավանական նման քայլը: «Պատվաստումները շարունակվում են անվճար տրամադրվել ՀՀ քաղաքացիներին, այդ առումով մեր քաղաքականության մեջ ոչինչ չի փոխվել»,ասաց առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Հռիփսիմե Խաչատրյանը: Միևնույն ժամանակ Խաչատրյանը նաև հաստատեց, որ քննարկվում է առաջիկայում որոշ խստացումներ սահմանելու հարցը: «Մշակվում է, այսպես ասած, «փաթեթ» հանրային վայրեր այցելությունների համար, որտեղ մեծ թվով մարդիկ են ներկա լինում՝ ռեստորաններ, համերգներ և այլն, մասնավորապես՝ մուտքը թույլատրել բացառապես ՊՇՌ բացասական թեստով կամ պատվաստման QR կոդով: Քննարկվում է նաև ՊՇՌ թեստերի հանձնման հաճախականության հարցը՝ 14 օրվա փոխարեն 10 օր կամ մեկ շաբաթ դարձնելու առումով»,- հայտնեց ԱՆ մամուլի քարտուղարը՝ հավելելով, որ ներկայումս քննարկման ընթացքում է նաև դեկտեմբերի 1-ից կորոնավիրուսով հիվանդացած, բայց չպատվաստված քաղաքացիների բուժումը վճարովի դարձնելու հարցը»: