24.11.2024
Բադասյանը Մոսկվայում հանդիպել է Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղարին
prev Նախորդ նորություն

Փաշինյանը Դիլիջանում կոչ է արել մոդելավորել տարածաշրջանային աշխարհաքաղաքականությունը

ՀՀ վարչապետը հույս է հայտնում, որ Դիլիջանում անցկացվող «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ը կդառնա տնտեսության, քաղաքականության, աշխարհաքաղաքականության մոդելավորման որոշակի հարթակ, որպեսզի երկրի շուրջ տեղի ունեցող պրոցեսներն ավելի հասկանալի և, հետևաբար, ավելի կառավարելի լինեն: Փաշինյանն այս մասին ասաց Դիլիջանում անցկացվող «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ում, հայտնում է «Արմենպրես»-ը:


«Հատկապես ժամանակակից աշխարհը մոդելների և մոդելավորման աշխարհ է, որտեղ գրեթե ամեն ինչը մոդելավորված է և աշխատում է այդ տրամաբանությամբ: Երբ մենք մոդելավորում ենք աշխարհը, սկսում ենք ավելի լավ ճանաչել այն, ավելի մեծ մասնակցություն ունենալ պրոցեսների կառավարմանը և դրանք ավելի կանխատեսելի դաձնել մեզ համար»,-ասաց Փաշինյանը:


Անդրադառնալով աշխարհաքաղաքականությանը՝ նա նշեց, որ աշխարհաքաղաքականությունն ինքն էլ որոշակի ձևով կարող է մոդելավորվել: «Աշխարհաքաղաքականությունը շատ նման է մակընթացությունների և տեղատվությունների, որոնք անընդհատ և պարբերաբար տեղի են ունենում, և չմոդելավորված աշխարհում մարդիկ չէին հասկանում, թե ինչը ինչի համար և ինչ պատճառով է տեղի ունենում: Իսկ մոդելավորված աշխարհում այդ ամենն արդեն դառնում է կանխատեսելի»,-ասաց նա:


Փաշինյանի կարծիքով՝ այսպիսով ամենահրատապ հարցը, որ պետք է քննարկվի «Մտքերի գագաթնաժողով»-ի ընթացքում, հենց աշխարհաքաղաքականության մոդելավորումն է, թե ինչպես և ինչու են գործընթացները տեղի ունենում: Նա կարևորեց այն, որ միտքն այդ ուղղությամբ գեներացվի, հարցեր ձևակերպվեն և պատասխաններ տրվեն:


«Հատկապես ընթացիկ և առաջիկա ժամանակաշրջանում կան հարցեր, որոնք առաջնային նշանակություն ունեն մեր երկրի անցյալի, ներկայի և ապագայի համար: Եվ դրանց պատասխանը շատ կարևոր է հենց ապագայի տեսանկյունից: Եվ այդ ապագան կառավարելի և կանխատեսելի կլինի այնքանով, որքանով մենք կկարողանանք մոդելավորել այն աշխարհաքաղաքականությունը, որը տեղի է ունենում մեր տարածաշրջանում՝ ավելի նեղ և ավելի լայն, գլոբալ առումով»,-ասաց Փաշինյանը: