24.11.2024
Հավատարիմ ենք բարեփոխումների քաղաքական ուղեգծին. վարչապետը՝ ԵԽ պատվիրակությանը
prev Նախորդ նորություն

Իռլանդիան շահագրգռված է բարեկամ Հայաստանի հետ համագործակցության խորացմամբ. դեսպան

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին հոկտեմբերի 19-ին հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Իռլանդիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մարտինա Ֆինեյը (նստավայրը՝ Սոֆիա):


Ինչպես հայտնում են նախագահի աշխատակազմից, շնորհավորելով նորանշանակ դեսպանին առաքելության ստանձնման կապակցությամբ՝ նախագահ Սարգսյանը կարևորել է հայ-իռլանդական հարաբերությունների հետագա ամրապնդումն ու երկկողմ օրակարգի ընդլայնումը և ընդգծել, որ նախագահական ինստիտուտը պատրաստ է լիազորությունների սահմաններում աջակցել փոխգործակցության զարգացմանն ուղղված նախաձեռնություններին:


Դեսպան Մարտինա Ֆինեյը նշել է, որ իր երկիրը ևս շահագրգռված է բարեկամ Հայաստանի հետ համագործակցության խորացմամբ և պատրաստակամություն է հայտնել իր անձնական ներդրումն ունենալ:


Ըստ աղբյուրի՝ ընդգծելով, որ երկու երկրները հարաբերությունները խորացնելու մեծ ներուժ ունեն՝ զրուցակիցները մասնավորապես հեռանկարային են համարել բարձր տեխնոլոգիաների, արհեստական բանականության, կենսատեխնոլոգիաների ոլորտներում համագործակցությունը: Առանձնահատուկ կարևորվել է մշակութային կապերի սերտացման ուղղությամբ քայլերի իրականացումը: Այս համատեքստում անդրադարձ է եղել երկու ժողովուրդների պատմամշակութային ժառանգությունը ներկայացնող և ընդհանրություններն արտացոլող միջոցառումների կազմակերպման հեռանկարներին: