24.11.2024
Հայկական ԱԷԿ-ը միացված է Հայաստանի էներգահամակարգին
prev Նախորդ նորություն

Անձնագրերի վավերականության սահմաանափակումը կազդի աշխարհի 10 մլն հայերի վրա. Գևորգյան

Հրապարակվել է Կառավարության որոշման նախագիծ, ըստ որի՝ ՀՀ քաղաքացիների անձնագրերի վավերականությունը կարող է սահմանափակվել երկու տարով: Առանց մանրամասնելու այս նախաձեռնության ծագման մասին՝ կցանկանայի հնչեցնել մի շարք հարցեր, որոնք կպահանջեն տրամաբանական և հիմնավորված պատասխաններ: Այս մասին ասված է ԱԺ "Հայաստան" խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանի հայտարարության մեջ։


«1. Արդյո՞ք նման որոշումը, եթե ընդունվի, չի սահմանափակում քաղաքացիների ազատ տեղաշարժի իրավունքը և դրանով իսկ չի հակասում Սահմանադրության համապատասխան նորմերին:


2. Ինչքանո՞վ է նմանատիպ նախաձեռնությունը նպաստելու ընտրողների ցուցակի ճշգրիտ և իրատեսական կազմմանը և չի խոչընդոտելու արդյո՞ք այն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ընտրական իրավունքի իրացմանը։


3.Որքանո՞վ է այս նախագիծը բյուջեի վրա ֆիսկալ ազդեցություն ունենալու, պետությունը գումար կգանձի՞ յուրաքանչյուր նոր 2-ամյա ժամկետի համար:


4. Արդյո՞ք հաշվարկվել են նման որոշման իրականացման բոլոր կազմակերպական և տեխնիկական ասպեկտները, արդյո՞ք սա նշանակում է, որ երկու տարին մեկ հսկայական թվով մարդիկ ստիպված են գործ ունենալ պետության հետ՝ հերթ կանգնել, փաստաթղթեր կազմել, գործընթացները կլինե՞ն էլեկտրոնային ՝ ավտոմատ, թե՞ ոչ:


5. Ինչպե՞ս կազդի նման որոշումը այլ պետություններից մեր հայրենակիցների կողմից Հայաստանի՝ երկրորդ քաղաքացիություն ստանալու գործընթացի որակի և ծավալի վրա:


6. Արդյո՞ք այս որոշումը կնպաստի Հայաստանի և ԵՄ-ի միջև արդյունավետ երկխոսությանը վիզային ռեժիմի ազատականացման և պարզեցման վերաբերյալ, և որքանո՞վ կշարունակվի օտարերկրյա պետությունների կողմից երկարաժամկետ (ավելի քան երկու տարի ժամկետով) վիզաների տրամադրումը:


7. Արդյո՞ք այս լուծումը հակասություններ կառաջացնի աշխատուժի ազատ տեղաշարժի առումով գործող ԵԱՏՄ նորմերի և տրամաբանության հետ:


8.Եվ ընդհանրապես, ինչո՞վ է պայմանավորված նման նախաձեռնության անհրաժեշտությունը:


Ամփոփելով ցանկանում եմ բոլորի ուշադրությունը հրավիրել այն հանգամանքին, որ որոշումն իր ազդեցությամբ անդրադառնալու է աշխարհի 10 միլիոն հայերին։ Արդյո՞ք կան գնահատականներ՝ ինչքանո՞վ է այս առաջարկության տրամաբանությունը նպաստելու հայության համախմբվածությանը»,- նշել է նա։