VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանություններն իրենց ողջ ռեսուրսը կենտրոնացրել են Գյումրի քաղաքում, որտեղ հոկտեմբերի 17-ին տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ: Իշխանության թեկնածուն Հովհաննես Հարությունյանն է, որը Շիրակի արդեն նախկին մարզպետն է: Այս օրերին ՔՊ-ականներից մի քանիսը, հատկապես՝ Շիրակի մարզի պատգամավորները, օրուգիշեր Գյումրիում են: Քանի որ ընտրություններին հաշված օրեր են մնացել, որոշել են Երեւան չվերադառնալ, այլ առավոտից երեկո քարոզչություն իրականացնել, մարդկանց հանդիպել, խոստումներ տալ… Հավելենք, որ այս ամբողջ գործընթացը վերահսկում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Բանն այն է, որ իշխանությունների համար այս հաղթանակը կարեւոր է լինելու եւ երաշխիք է մյուս համայնքներում եւս հաղթելու համար: Հենց դա է պատճառը, որ Փաշինյանն ինքն է որոշում՝ ովքեր պետք է զբաղվեն քարոզչության հարցերով, ինչ պետք է անեն: Այս օրերին ՔՊ-ականները Հովհաննես Հարությունյանի հետ ներկա են լինում փակ եւ բաց հանդիպումներին»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, «Քաղպայմանագրի» սյունեցի պատգամավոր Արմեն Խաչատրյանին, Սյունիքը նվաճելու դիմաց, Նիկոլ Փաշինյանը մարզպետի պաշտոն է խոստացել։ Իշխանությունների համար հույժ կարեւոր այս օպերացիայի հրամանատարը, ինչպես հայտնի է, Սերժ Սարգսյանի ժամանակներում ՃՈ պետի տեղակալ աշխատած Արմեն Խաչատրյանն է։ Սրանով է պայմանավորված, որ նա ջանք չի խնայում ՔՊ թեկնածուների համար, որոնց մեծ մասն իր «դաբրոյով» է առաջ քաշվել, ինչի արդյունքում իր դեմ է հանել մարզպետ Մելիքսեթ Պողոսյանին եւ նրա կողմնակիցներին։ Ի դեպ, մարզում նախընտրական ու ներկուսակցական սկանդալներն այս հողի վրա են լինում, մարզպետը ոչինչ չի անում Գորիսում իրենց թեկնածուների հաղթանակի համար, քանի որ ստիպված է լինելու աթոռը հանձնել Խաչատրյանին, եւ իր ներկայացրած թեկնածուն էլ հավանության չի արժանացել։ Ա. Խաչատրյանը մեզ ասաց, որ ինքը Սյունիքի մարզպետ դառնալու ո՛չ մտադրություն, ո՛չ ցանկություն ունի, գործող մարզպետն էլ իր ընկերն է, եւ իրենք չեն կարող հակամարտության մեջ լինել»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ Նիկոլ Փաշինյանը հետ կանչեց Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանին։ Այս մասին դեռ ամիսներ առաջ «Հրապարակը» գրել էր, ինչն առաջացրել էր դեսպանի զայրույթը: Պարոն Թումանյանն այս տարի 70 տարեկան դարձավ, եւ հետկանչը կարող էր նաեւ տարիքով պայմանավորված լինել։ Նա 1999-2000 թթ․ եղել է ԱԳ առաջին փոխնախարար, համարվում է Ռոբերտ Քոչարյանի կադրը, եղել է երկրորդ նախագահի աշխատակազմի ղեկավարը, ավելի վաղ՝ պատգամավոր, հարկայինի պետ։ Սակայն երբ փորձեց սեփական կուսակցություն ստեղծել, Ռոբերտ Քոչարյանի վրդովմունքը հարուցեց, եւ դա դարձավ պաշտոնանկության պատճառ։ 2015-ին Սերժ Սարգսյանը նրան նշանակեց Իրանում ՀՀ դեսպան: Թումանյանի փոխարեն նշանակվել է Արսեն Ավագյանը, որը մինչ այդ ԱԳՆ-ի սահմանակից երկրների վարչության պետն է եղել։ Նախարարության մեր աղբյուրները վստահեցնում են, որ պատրաստված դիվանագետ է եւ կկարողանա գլուխ հանել այս բարդագույն ժամանակներում։ Առաջիկայում հետ կկանչվի նաեւ Իսպանիայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը, որին դասում են ոչ գործունյա դիվանագետների շարքը` ոչ այնքան այն պատճառով, որ Իսպանիայում առանձնապես անելիք չկա, եւ նախկինում այստեղ միայն հյուպատոսություն էր գործում, այլեւ իր բնույթի պատճառով։ Նրան կփոխարինի «Իմ քայլի» նախկին պատգամավոր, սորոսական Սոս Ավետիսյանը։ Ըստ լուրերի՝ վերջինիս ագրեմանն արդեն ուղարկվել է»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավոր, փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը տեւական ժամանակ խորհրդարան չէր գնում, նիստերին չէր մասնակցում։ Պարզվեց՝ նա քովիդով է վարակվել։ Հիմա արդեն լավ է, կազդուրվել է, շուտով կսկսի նաեւ ԱԺ գնալ։ Մենք նկատել էինք, որ ընտրվելուց հետո Սաղաթելյանի ներկայությունն ԱԺ նախագահությունում հիմնականում ֆորմալ բնույթ է կրում։ Եթե նախորդ ԱԺ-ում ընդդիմադիր փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը հաճախ էր փոխարինում ԱԺ նախագահին կամ իշխանական փոխնախագահներին` նիստերը վարելու հարցում, ապա այս խորհրդարանում Սաղաթելյանը գրեթե հնարավորություն չի ունենում նիստ վարելու՝ կա՛մ իշխանությունը չի ցանկանում, կա՛մ Սաղաթելյանն ինքն է հրաժարվում։ Նա մեզ ասաց, որ եղել է մեկ-երկու դեպք, որ ԱԺ նախագահի առաջարկով ինքը կարճ ժամանակով, ասենք՝ նիստի վերջին 30 րոպեն, վարել է նիստը, եղել է դեպք, որ առաջարկել են, ինքն է հրաժարվել նիստ վարելուց։ Բայց երբ էլ որ վարել է, ոչ էական, անկարեւոր նիստեր են եղել։ Կառավարության հետ հարցուպատասխանը, օրինակ, Սաղաթելյանին հաստատ չեն վստահի վարել, ինքն էլ հազիվ թե ցանկանա ամբիոնի մոտ հրավիրել «պարոն վարչապետին» ու հետո «սաստել» վերջինիս քլնգող ընդդիմադիրներին»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Կառավարական կաբինետի ներկայացուցիչների ու պատգամավորների բարեկեցիկ կյանքի մասին մտահոգվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը «չոր աշխատավարձի» հույսին է: «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան, թե վերջին մեկ տարվա ընթացքում (2020-2021 թթ.) վարչապետը ինչքան պարգեւավճար է ստացել, վարչապետի աշխատակազմի ֆինանսական ու հաշվապահական հաշվառման վարչությունից պատասխանել են. «2018-ի մայիսից մինչ օրս վարչապետ Փաշինյանը պարգեւավճար չի ստացել»: Տարօրինակ է, որ պարգեւավճարների մասին մշտապես դրական արտահայտվող ու դա պետական ոլորտի աշխատակիցների համար որպես արժանապատիվ վարձատրության ձեւ համարող Փաշինյանը 2018-ի քաղաքական վերադասավորումներից հետո պարգեւավճար չի ստացել: «Մեր նախարարներն ու կառավարության անդամները պետք է ստանան արժանապատիվ վարձատրություն։ Դա նաեւ ժողովրդի պատիվն է, քանի որ կարեւոր է` ինչպես է վերաբերվում գործատուն իր ծառայողին։ Հայաստանի ժողովուրդը պետք է ուրախանա, որ Հայաստանում կան նախարարներ, որոնք 100-300 000 դրամ պարգեւավճարների կարիքն ունեն»,- բացատրում էր Փաշինյանը: Հարց է առաջանում՝ միայն աշխատավարձ ստանալով՝ այդ ինչպես է ինքն իրեն ըստ հավուր պատշաճի գնահատված ու արժեւորված զգում, եթե անձամբ է հայտարարում, որ պաշտոնյան աշխատավարձով միայն ոչ միայն ապրել, այլեւ ներկայացուցչական հարցեր լուծել չի կարող: Բացի այդ, պարգեւավճար չստացող Փաշինյանն ի՞նչ միջոցներով է նոր կոստյումներ, ժամացույցներ կամ փողկապներ ձեռք բերում, որոնք, ըստ մամուլի հրապարկումների, այդքան էլ էժանագին չեն: Ստացվում է՝ երկրի առաջնորդը մի կողմից ողջունում է պարգեւավճարի ու բարձր վարձրատրության ինստիտուտը, մյուս կողմից ցանկանում ցույց տալ, թե ինքն է միակը, որ հերոսաբար հրաժարվում է դրանից: Ու մեծ հարց է մնում, թե ինչպես է տեղավորվում ամսական 1 միլիոն 36 հազար դրամ վարչապետի աշխատավարձի մեջ եւ ինչպես է հոգում իր բազմազավակ ընտանիքի հոգսերը»:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Առաջիկայում սպասվող ՏԻՄ այս ընտրությունները գործող իշխանությունը փաստացի դիտարկում է ԱԺ արտահերթ ընտրությունների տրամաբանության մեջ, այսինքն՝ նաև տեղական ինքնակառավարման մարմինների նկատմամբ տոտալ վերահսկողություն հաստատելու համատեքստում: Այս ճանապարհին Փաշինյանի իշխանությունը շարունակում է նույն գործելաոճը՝ գեներացնելով ատելության խոսքը, տանելով թշնամանքի քարոզչություն։ Մենք մեկ անգամ չէ, որ արձանագրել ենք՝ Նիկոլ Փաշինյանը փորձում է հերթով «գրավել» պետական բոլոր ինստիտուտները՝ կառավարություն, խորհրդարան, դատարաններ, իսկ հիմա եկել է ՏԻՄ-երը մոնոպոլացնելու փուլը։ Շատերի համոզմամբ, սա նոր մարտահրավեր է ժողովրդավարությանը, որը համարժեք գործողություններ, հակազդեցություն է ենթադրում ընդդիմության կողմից։ Առաջիկա ընտրությունները կարող են դառնալ քաղաքական նոր համատեքստի ձևավորման, նոր գաղափարների ու մոդելների գեներացիայի հիմք։ Օրինակ՝ Դիլիջան խոշորացված համայնքում հոկտեմբերի 17-ի ՏԻՄ ընտրություններում «Հայրենիք» կուսակցությունը, մեր տեղեկություններով, բավականին գրագետ ու թիրախային քարոզարշավ է անցկացրել։ Կուսակցության ցուցակը գլխավորում է քաղաքապետի թեկնածու Արմեն Օրդինյանը, որը փաստացի իրական ընդդիմության միակ թեկնածուն է Դիլիջան համայնքի ավագանու ընտրություններում: Դիլիջանում շատերը վստահ են, որ «Հայրենիքն» ու Արմեն Օրդինյանը կարող են հաղթել՝ մեկ համայնքում դառնալով իշխանության ավտորիտար նկրտումների խոչընդոտ։ Այդ հաղթանակին իշխանությունը խանգարել չի կարող, եթե իրական ընդդիմության մյուս ուժերը, հասարակական ու քաղաքացիական սեգմենտները Արմեն Օրդինյանին դիտարկեն որպես ընդդիմության միասնական կամ գոնե կոնսոլիդացված թեկնածու։ Մեկ համայնքում ընդդիմության հաղթանակը կարող է էապես փոխել իրավիճակը երկրում, մասնավորաբար հասարակության մոտ հավատ ծնել փոփոխությունների նկատմամբ»:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Մասնագետները պարբերաբար ահազանգում են, որ կառավարությունը մի կողմից՝ կապիտալ ծախսերը կիսով չափ թերակատարել է, մյուս կողմից՝ անընդհատ խնդիրներ է ունենում բյուջեի ընթացիկ ծախսերն ապահովելու համար: Ավելին, կարծիքիներ կան, որ առաջիկայում կառավարությունը դժվարություններ է ունենալու գրեթե բոլոր ոլորտներում, այդ թվում՝ սոցիալական: Այս «ճեղքվածքները» փակելու համար Նիկոլ Փաշինյանի կառավարությունը անընդհատ մեծացնում է արտաքին պարտքը: Արդյունքում, ըստ տնտեսագետների, գրեթե զրոյական 2020 թվականի համեմատ իրականում չնչին տնտեսական աճի (ինչն այդքան սիրում են թմբկահարել իշխանությունները) սկզբունքն ու էությունը և, ընդհանրապես, ամբողջ տնտեսությունը կառուցված ու հիմնված է պետական պարտքի ներգրավման տրամաբանության վրա: «Փաստ» թերթի տեղեկություններով, խնդիրները առաջիկայում ոչ միայն չեն նվազելու, այլև ավելանալու են: Բանն այն է, որ չնայած պաշտոնական տեղեկատվությանը, բյուջեի եկամուտներն իրականում չեն հավաքագրվում։ Ըստ մեր հավաստի տեղեկությունների, որպեսզի բյուջետային «կրախի» առջև չկանգնեն, Փաշինյանի դեմ բունտ չհասունանա, և նա կարողանա հանգիստ լուծել կոմունիկացիաների բացման, այդ թվում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» հարցը, իշխանությունները անհայտ աղբյուրներից փող են ներարկում բյուջե։ Թե որտեղից են այդ գումարները, պարզ չէ, թեպետ նույնիսկ իշխանության կուլիսներում են տարակուսած այդ «ներարկումներից»:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Գաղտնիք չէ, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը հետևողականորեն զբաղված են «մեղավորներ» փնտրելով ու «նշանակելով», որպեսզի իրենցից հեռացնեն մեղավորությունն ու պատասխանատվությունը: Հասկանալի է, որ ՔՊ-ականները հիանալի հասկանում են, որ իշխանությունը փոխվելուց հետո բացահայտվելու են պատերազմի ու այդ պատերազմում կապիտուլ յացիոն պարտության իրական պատճառները։ Այդ իսկ պատճառով ամեն կերպ ցանկանում են իրենց իշխանության օրոք շինծու գործեր սարքել, բոցաշունչ «մեղադրական» հայտարարություններ անել, մեղքը բարդել մասնավորաբար բանակի ղեկավարության, սպայակազմի և նախկին իշխանությունների վրա։ Մասնավորաբար, իշխանությունների պլանների մեջ է մտնում թե՛ 2016 թ. ապրիլյան պատերազմի հաղթանակը ներկայացնել որպես նախորդ իշխանությունների ձախողում, թե՛ 44-օրյա պատերազմի փաշինյանական խայտառակ կապիտուլյացիայի մեղավոր ճանաչել նույն «նախկիններին»։ Ըստ կառավարությանը մոտ կանգնած մեր աղբյուրների, որքան էլ իրավապահ մարմինները փորձում են համոզել զինվորականներին՝ կեղծ ցուցմունքներ տալ նախկին իշխանությունների ներկայացուցիչների դեմ, առայժմ ոչինչ չի ստացվում։ Նույնիսկ որոշակի խոստումների գնով էլ իշխանությունները չեն կարողանում հասնել իրենց նպատակին։ Ավելին, մեր տեղեկություններով, զինվորականների շրջանում այդ ամենի դեմ հասունանում է դժգոհության մեծ ալիք»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Այսօրվանից սկսած՝ աշխատողները կա՛մ պետք է պատվաստված լինեն կորոնավիրուսի դեմ, կա՛մ ներկայացնեն կորոնավիրուսի բացասական թեստի պատասխանը հավաստող փաստաթուղթ։ Կառավարության հոկտեմբերի յոթի նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրահանգել էր խիստ լինել, ձերբակալել եւ կալանավորել այն մարդկանց, որոնք խոչընդոտում են պատրաստման ընթացքին եւ պատվաստված լինելու վերաբերյալ կեղծ տեղեկանք տրամադրում։ Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իրավապահ համակարգի ներկայացուցիչներն աննախադեպ օպերացիա են սկսել. երեկ անակնկալ կերպով մուտք են գործել բժշկական հաստատություններ, հատկապես՝ մարզային։ Նրանց նպատակը կեղծ թղթեր տրամադրողներին գտնելն է։ Երեկվա դրությամբ 3 անձ ձերբակալվել են Երեւանում, 3 անձ՝ Շիրակի մարզում»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ ԱԱԾ-ն հաղորդեց, որ «Շիրակի մարզպետարանի ենթակայությամբ գործող «Գյումրիի Վ. Աբաջյանի անվան ընտանեկան բժշկության կենտրոն պոլիկլինիկա» ՓԲ ընկերության մի խումբ բուժաշխատակիցներ, շահադիտական շահագրգռվածությունից ելնելով, իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ են օգտագործել, այն է՝ 2021 թ. ապրիլ ամսից մինչ օրս ընկած ժամանակահատվածում... ավելի քան 700 քաղաքացիների փաստացի չեն պատվաստել սահմանված դեղատեսակներով, փոխարենը` կազմել եւ հաստատել են կորոնավիրուսային հիվանդության դեմ ամբողջական պատվաստված լինելը հավաստող, իրականությանը չհամապատասխանող փաստաթղթեր՝ սերտիֆիկատներ, որոնք մուտքագրել են էլեկտրոնային միասնական տեղեկատվական «ԱՐՄԵԴ» համակարգ»: Հասկանալի է, որ կլինեն նաեւ զեղծարարներ, բայց ի՞նչ իմաստ ունի դեռ դատավճիռը չեղած՝ վարկաբեկել մի ողջ համակարգ, որը 2 տարի հերոսական ջանքեր է գործադրում համավարակի դեմ պայքարում»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հայաստանում ավտոմեքենաների առեւտրի ոլորտում դրական տեղաշարժ կա. 2019 թվականին Հայաստան ներկրված ավտոմեքենաները սկսել են կամաց-կամաց վաճառվել: Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի՝ այս տարվա հունվար-օգոստոսին ավտոմեքենաների առեւտրի ծավալները կազմել են 64 մլրդ 431 մլն 800 դրամ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ այն 0.4 տոկոսով ավելացել է: Միայն օգոստոս ամսին ավտոմեքենաների առեւտրի ծավալները կազմել են 11 մլրդ 25 մլն 300 հազար դրամ: Իսկ մինչ այս, տեղեկացնենք, որ Հայաստանի ավտոմեքենաների վաճառքով զբաղվող առեւտրականները լուրջ խնդրի առաջ էին կանգնած. տեւական ժամանակ է, ինչ չէին կարողանում 2019 թվականին ներկրած մեծ քանակությամբ ավտոմեքենաները վաճառել: Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ պետական եկամուտների կոմիտեից տեղեկացավ, որ այս տարվա առաջին կիսամյակի ընթացքում Հայաստան ներկրվել է 2900 ավտոմեքենա, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ 17 հազար 800: Բացի կորոնավիրուսից, նախորդ տարվա հունվարի սկզբից ղազախներն ու ռուսները Հայաստանից ավտոմեքենա չեն գնում: ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացանք նաեւ, որ այս տարվա հունվար-օգոստոսին մանրածախ առեւտրի շրջանառությունը եւս ավելացել է` կազմելով 1.8 տոկոս: Ի դեպ, մեծածախ առեւտրի շրջանառությունն այս տարվա 8 ամիսներին աճել է 12.3 տոկոսով:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Հաճախ է խոսվել այն մասին, որ Փաշինյանի իշխանության օրոք հայ-ռուսական հարաբերություններում յուրահատուկ սառնություն և անվստահություն է նկատվում։ Թերևս հենց Նիկոլ Փաշինյանի պատճառով Ռուսաստանի հետ գործընկերության խաթարման արդյունքում է, որ Հայաստանը տարածաշրջանային զարգացումների արդյունքում վատթարագույն վիճակում է հայտնվել։ Ու պետք է նկատի ունենալ, որ Ռուսաստանը Հարավային Կովկասում ամենից մեծ ազդեցություն ունեցող երկիրն է, և հասկանալի է, որ տարածաշրջանում հետաքրքրություններ ունեցող մյուս ուժերը չեն կարող հաշվի չնստել Ռուսաստանի հետ։ Սակայն ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ ՀՀ իշխանությունները շարունակում են խոսել Ռուսաստանի հետ դաշնակցային ու ռազմավարական գործընկերության մասին, սակայն, ինչպես ցույց են տալիս իրադարձությունները, այդ գործընկերությունն ավելի շատ միակողմանի բնույթ ունի։ Եթե ուշադրություն եք դարձրել, ապա Փաշինյանն ամեն տարի մի քանի անգամ մեկնում է Մոսկվա Պուտինի հետ հանդիպելու ու բանակցելու նպատակով (օրինակ՝ այս տարի արդեն 4-րդ հանդիպումը տեղի ունեցավ), սակայն ՌԴ նախագահը վերջին երեք տարվա ընթացքում այդպես էլ որևէ անգամ պաշտոնական այցով Հայաստան չայցելեց։
Չէ, մենք չենք մոռացել, որ Պուտինը 2019 թվականին Հայաստան այցելել է, սակայն դա պարզապես պայմանավորված էր Եվրասիական տնտեսական միության գագաթաժողովի աշխատանքներին մասնակցելու անհրաժեշտությամբ։ Այդ ժամանակ Պուտինը Հայաստանում գտնվեց ընդամենը մի քանի ժամով, սակայն որպեսզի իր ձախողված քաղաքականությունն արդարացնի ու ցույց տա, որ հայ-ռուսական հարաբերությունները «փայլուն» են, Փաշինյանը հասցրեց այդ ժամերի ընթացքում երկու անգամ հանդիպել Պուտինի հետ։ Առավել ևս, որ մեկնելուց առաջ Պուտինը հանդիպել էր այդ օրերին անազատության մեջ գտնվող երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի անդամներին, ինչը պարզապես ցնցակաթվածի էր հասցրել Փաշինյանին: Ինչևէ... Ինչպես ասում են, դիվանագիտության ասպարեզում ոչինչ պատահական չի լինում, և հանդիպումների մակարդակն ու ձևաչափը մեծ նշանակություն ունեն հարաբերությունների որակն ընդգծելու համար, իսկ առկա իրողությունը ևս մեկ անգամ փաստում է հայ-ռուսական հարաբերություններում առկա սառնության մասին։ Ընդ որում, իշխանություններին այնքան էլ չի մտահոգում այն հանգամանքը, որ հայ-ռուսական հարաբերություններն ամբողջովին ասիմետրիկ բնույթ են ստացել։ Այսինքն, Հայաստանը միշտ Ռուսաստանից օգնություն խնդրողի դերում է հանդես գալիս և իր ռուս գործընկերներին ոչինչ չունի առաջարկելու։
Բացի դրանից, որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, Հայաստանը, կարծես, դադարել է գոյություն ունենալ, քանի որ Հայաստանին վերաբերող հարցերով սկսել է Ռուսաստանը զբաղվել։ Թերևս դրանով է պայմանավորված, որ Ալիևը հայտարարում է, թե, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացման համար Հայաստանի հետ խոսելու կարիքն անգամ չկա, կարելի է միանգամից ռուսական կողմի հետ բանակցել այդ հարցով։ Սակայն յուրաքանչյուր հարցում Ռուսաստանի աջակցությանն ապավինելը չի խանգարում, որպեսզի Փաշինյանն, օրինակ՝ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցով ձգտի ստանալ վրացական կողմի միջնորդությունը, ու Վրաստանի վարչապետին էլ խնդրի, որ Թուրքիայի նախագահի հետ հանդիպելու իր առաջարկը փոխանցի Էրդողանին։ Իհարկե, հայ-վրացական հարաբերությունները միշտ էլ պետք է զարգացնել, բայց խնդիրն այն է, որ նման քայլերով Փաշինյանն ուղղակի կարող է գրգռել ռուսական կողմին՝ մանավանդ, որ Լավրովը հայտարարել էր, թե իրենք պատրաստ են միջնորդել հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու հարցում։ Հայկական կողմի անխոհեմ արտաքին քաղաքականության արդյունքում է, որ ՌԴ նախագահը Ալիևի հետ հանդիպման ընթացքում շնորհակալություն է հայտնում վերջինիս փոխզիջումային լուծումներ դտնելու հարցում, իսկ հունիսի 20-ի ընտրություններից անմիջապես հետո արդեն Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում ընդգծում է, որ Փաշինյանի՝ ընտրություններին ստացած վստահությունից հետո սպասվում են ծանր, դժվար հարցեր և լուծումներ: Եվ հոկտեմբերի 12-ին Փաշինյան-Պուտին վերջին հանդիպման ընթացքում ՌԴ նախագահն արդեն պատրաստակամություն էր հայտնում «ճշգրտել ժամերը», խոսել բոլոր հարցերի շուրջ, որոնք իրենք մանրամասն քննարկել են վերջին ժամանակների ընթացքում, և որոնք իրենց որոշումների կարիքն ունեն։ Բնականաբար, հասկանալի է, որ Պուտինը խոսում է Հայաստանի համար ծանր, դժվար հարցերի մասին, որոնց շուրջ Փաշինյանը բանակցել է։ Թերևս այդ հանգամանքով է պայմանավորված, որ արդեն «կուլիսներում» տեղեկություններ են շրջանառվում, որ Հայաստանին վերաբերող ինչ-որ փաստաթուղթ կամ փաստաթղթեր են պատրաստվում։ Այս ամենը մեկ անգամ ևս ապացուցում է, որ Փաշինյանը, որպես պարտության խորհրդանիշ, ուղղակի ընդունակ չէ մինչև վերջ պնդելու հայկական կողմի դիրքորոշումը։ Նա հակված է օր առաջ, թեկուզ նոր կապիտուլյացիայի գնով հռչակել Թուրքիայի ու Ադրբեջանի հետ նոր «խաղաղության ժամանակաշրջանի» հաստատման մասին»: