25.11.2024
Արսեն Ավագյանը նշանակվել է Իրանում ՀՀ դեսպան
prev Նախորդ նորություն

Միջազգային ժյուրին կներկայացնի երևանյան միջազգային երրորդ բիենալեի մրցանակակիրներին

«Մշակույթների երկխոսություն» կազմակերպության նախաձեռնությամբ և համառ ջանքերով Երևանում, 2021 թ. հոկտեմբերի 8-ին, Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների, միջազգային ժյուրիի անդամների, միջազգային և տեղի արվեստագետների ու այլ հյուրերի մասնակցությամբ տեղի ունեցավ «Գեղարվեստական տպագրության միջազգային Երրորդ բիենալե, Երևան 2021»-ի բացման հանդիսավոր արարողությունը։


53 երկրի 353 արվեստագետի շուրջ 500 աշխատանք ներկայացնող լայնածավալ այս միջազգային ցուցահանդես-մրցույթի բացմանը հաջորդող երկու օրերի ընթացքում միջազգային ժյուրին լծվեց ընտրական երկրորդ փուլի աշխատանքներին։ Արդյունքում՝ ներկայացվածներից առանձնացվեցին աշխատանքներ, որոնց կշնորհվեն նախատեսված չորս մրցանակները՝ Գլխավոր, Առաջին, Երկրորդ և Երրորդ։ Մրցանակակիր աշխատանքների և դրանց հեղինակների մասին Գեղարվեստական տպագրության երևանյան միջազգային բիենալեի միջազգային ժյուրին կհայտարարի մրցանակաբաշխության հանդիսավոր արարողության ժամանակ՝ 2021 թ. հոկտեմբերի 11-ին, ժամը 19։00-ին։


Գեղարվեստական տպագրության երևանյան միջազգային բիենալեն երրորդ անգամ հնարավոր եղավ իրականացնել Հայաստանի Հանրապետության նախագահի, «Հայաստան» համահայկական հիմնադրամի, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Երևանի քաղաքապետարանի, Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության, Հայաստանի Հանրապետությունում Շվեյցարիայի Համադաշնության, Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությունների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի կենտրոնի, Երևանում Գյոթե կենտրոնի և Երևանում «Ռուսկի դոմ» Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի աջակցության շնորհիվ։


Հավելենք, որ «Գեղարվեստական տպագրության Երրորդ միջազգային բիենալե, Երևան 2021»-ի հատուկ հյուրն է գերմանացի շեփորահար Մարկ Ցվինգելբերգերը, որի երաժշտական կատարման ուղեկցությամբ էլ կայացավ բացման հանդիսավոր արարողությունը։ Գերմանացի շեփորահարի կատարումներն հանդիսատեսը հնարավորություն կունենա մեկ անգամ ևս ունկնդրելու մրցանակաբաշխության հանդիսավոր արարողության ընթացքում։