ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շրջանառության մեջ է դրել Աշխատանքային օրենսգրքում և «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծ: Ըստ այդմ՝ պատվաստումը կամ թեստավորումը հաստատող հավաստագիր չներկայացնելու դեպքում գործատուն իրավունք կունենա աշխատողին չթույլատրել գտնվել աշխատավայրում։
Իսկ աշխատանքի չթույլատրվելու հետևանքով ավելի քան 30 օր անընդմեջ կամ վերջին տասներկու ամսվա ընթացքում` ավելի քան 50 օր աշխատողի՝ իր աշխատանքային պարտականությունները չկատարելու դեպքում գործատուն կարող է լուծել աշխատանքային պայմանագիրը: Նախագիծը e-draft.am շրջանառության մեջ է դրել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, հայտնում է Արմենպրեսը:
Այսպիսով` նախագծով առաջարկվում է փոխել Աշխատանքային օրենսգրքի 108-րդ հոդվածը, որով սահմանվում են աշխատանքի չթույլատրելու դեպքերը, ավելացնել նոր մասով՝ սահմանելով.
«Աշխատանքի ներկայանալիս բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին օրենսդրությամբ սահմանված՝ վարակիչ հիվանդությունների տարածման կանխարգելմանն ուղղված սանիտարահամաճարակային անվտանգության կանոններով նախատեսված` աշխատանքի ներկայանալու անհրաժեշտ պայման հանդիսացող փաստաթղթերը աշխատողի կողմից չներկայացնելու դեպքում գործատուն աշխատողին չի թույլատրում գտնվելու աշխատավայրում, կատարելու իր աշխատանքային պարտականությունները և չի վճարում աշխատավարձ մինչև սույն մասով նախատեսված փաստաթղթերը ներկայացնելը»:
Նոր կետով է լրացում է նաև օրենսգրքի 113-րդ հոդվածը, որով հստակեցվում է աշխատանքային պայմանագրի լուծումը գործատուի նախաձեռնությամբ: Ըստ նոր կետի՝ գործատուն կարող է լուծել աշխատանքային պայմանագիրը՝ աշխատանքի չթույլատրվելու հետևանքով ավելի քան 30 օր անընդմեջ կամ վերջին տասներկու ամսվա ընթացքում` ավելի քան 50 օր աշխատողի՝ իր աշխատանքային պարտականությունները չկատարելու դեպքում:
Համապատասխան փոփոխություններ և լրացումներ են առաջարկվում նաև Հանրային ծառայության մասին օրենքում: Հանրային ծառայողների դեպքում էլ պահանջները նույնն են, ժամկետները՝ ևս:
Օրենսդրական նախաձեռնության հիմնավորման մեջ շեշտվում է, որ ինչպես Հայաստանի Հանրապետությունում, այնպես էլ ամբողջ աշխարհում շարունակում է պահպանվել կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) ստեղծված արտակարգ իրավիճակը: «Նման իրավիճակի պահպանման պայմաններում, աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում, նկատվում է կորոնավիրուսային հիվանդությամբ վարակվելու դեպքերի, ինչպես նաև այդ հիվանդության հետևանքով մահվան դեպքերի թվերի աճ»,-նշվում է հիմնավորման մեջ ու ներկայացվում օգոստոս ամսի վիճակագրական պատկերը:
Միայն օգոստոսին գրանցվել է կորոնավիրուսի 10 997 դեպք, կատարվել է 173,150 թեստավորում, գրանցվել է մահվան 204 դեպք:
Համաձայն Առողջապահության նախարարի 2021 թվականի օգոստոսի 20-ի համապատասխան հրամանի՝ աշխատող քաղաքացիները պետք է ներկայացնեն ՊՇՌ թեստի բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ կամ պատվաստման սերտիֆիկատ: Իսկ պատվաստվելու բժշկական հակացուցումներ ունեցող աշխատողները գործատուին ներկայացնում են կորոնավիրուսային հիվանդության պատվաստման բժշկական հակացուցումների մասին բժշկական փաստաթուղթ՝ տրված առողջության առաջնային պահպանման բժշկի կողմից: Արդարադատության նախարարության աշխատակազմը պահանջը կիրառելու է հոկտեմբերի 14-ից: