Հայ-ֆրանսիական առաջին գիտաբժշկական համաժողովը կանցկացվի ԵՊԲՀ-ում
Հոկտեմբերի 13-15-ը Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը կհյուրընկալի Հայ-ֆրանսիական առաջին գիտաբժշկական համաժողովը:
Հայաստանին և Ֆրանսիային կապող պատմական համերաշխությանը հավատարիմ՝ Ֆրանսիայի երեք հանրային հիվանդանոց միացել են իրենց հայ գործընկերներին՝ նրանց հետ օգնելու Արցախում վերջին հակամարտությունից տուժածներին:
Ֆրանս-հայկական գիտաբժշկական համաժողովը կազմակերպվում է Փարիզի համալսարանական հիվանդանոցների /Assistance publique - Hôpitaux de Paris (AP -HP) կողմից, Լիոնի համալսարանական հիվանդանոցների, Լիոնի հոսպիտալի Վինատիե կենտրոնի մասնակցությամբ և գտնվում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության բարձր հովանավորության ներքո, այն կազմակերպվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և ԵՊԲՀ աջակցությամբ:
Հայ-ֆրանսիական առաջին գիտաբժշկական համաժողովի բացմանը ներկա կգտնվեն Հայաստանի Հանրապետության ոլորտային գերատեսչությունների բարձրաստիճան պաշտոնյաներ, Ֆրանսիայի Հանրապետության դեսպան Անն Լույոն, ինչպես նաև Փարիզի համալսարանական հիվանդանոցների գլխավոր տնօրեն Մարտին Հիրսչը և Լիոնի քաղաքացիական հիվանդանոցային համակարգի գլխավոր քարտուղարը: