Ալյումինի համաշխարհային գները շարունակում են նոր ռեկորդներ սահմանել։ Նյու Յորքի ապրանքային բորսայի այսօրվա սակարկություններում մեկ տոննա թեթեւ մետաղի արժեքը հասել է 3025,75 դոլարի, դա առավելագույն գինն է 2008 թվականից ի վեր է, գրում է MK-ն:
Վերլուծաբանների տվյալներով՝ վերջին երեք շաբաթվա ընթացքում ալյումինը թանկացել է 15 տոկոսով։ Գները աճում են դեֆիցիտի ֆոնի վրա, որը հրահրել է միանգամից մի քանի գործոն: Օրինակ, Չինաստանի իշխանությունները որոշում են կայացրել զգալիորեն կրճատել ալյումինի արտադրությունը, որպեսզի սահմանափակեն վնասակար արտանետումների քանակը եւ նվազեցնեն էլեկտրաէներգիայի սպառումը: Մեկ այլ պատճառ էլ Գվինեայում մեկ ամիս առաջ տեղի ունեցած ռազմական հեղաշրջումն է։ Այս երկիրը բոքսիտների համաշխարհային խոշորագույն արտադրողներից մեկն է, որոնք օգտագործվում են այդ թվում ալյումինի արտադրության մեջ:
Շուկայի որոշ մասնակիցների կանխատեսումներով՝ թեթև մետաղի արտադրության հետ կապված խնդիրները կպահպանվեն առաջիկա հինգ տարում։
VERELQ-ը հիշեցնում է, որ Հայաստանում գործող «Արմենալ» գործարանը Կովկասում և Կենտրոնական Ասիայում ալյումինի փայլաթիթեղի միակ արտադրողն է, աշխարհում ամենաժամանակակից և էկոլոգիապես կատարյալ փայլաթիթեղագլանման գործարաններից մեկը:
«ՌՈՒՍԱԼ»-ն այդ ընկերությունը հիմնադրել է 2000 թվականի մայիսին Քանաքեռի ալյումինի գործարանի բազայի վրա։ Գործարանի արտադրական հզորությունը տարեկան 40 հազար տոննա է։ 2003 թվականից ամբողջությամբ պատկանում է ռուսական ընկերությանը։ 2018 թվականի ապրիլին ԱՄՆ-ն Չինաստանի սահմաններից դուրս խոշորագույն UC Rusal ալյումինե ընկերությունը եւ սեփականատեր Օլեգ Դերիպասկուն պատժամիջոցների ցուցակում են ներառել: Ամերիկյան իրավաբանական եւ ֆիզիկական անձանց արգելվել է այդ ցուցակի ֆիգուրանտների հետ ցանկացած գործարք։ Հայկական ԶԼՄ-ների տվյալներով՝ ԱՄՆ-ի պատժամիջոցների ֆոնին արտադրանքի պահանջարկի անկման պատճառով «Արմենալն» ավելի վաղ կրճատել է արտադրությունը եւ աշխատակիցների տեղափոխումը մասնակի զբաղվածության:
Այս տարվա սեպտեմբերի վերջին Միացյալ Նահանգները բարձր մաքսատուրք է սահմանել Հայաստանից, ինչպես նաեւ չորս այլ երկրներից, այդ թվում՝ Ռուսաստանից փայլաթիթեղի ներմուծման վրա։ Համապատասխան ծանուցումը տեղադրված է ԱՄՆ Միջազգային առեւտրի վարչության կայքում: Հայկական փայլաթիթեղի նկատմամբ կիրառվելու է 29,11 տոկոս դրույքաչափ։ Ռուսաստանի համար տուրքը սահմանվել է 62,08 տոկոս բոլոր գործարանների համար։
2020 թվականի սեպտեմբերին ԱՄՆ առեւտրի նախարարությունը գործ է բացել հինգ երկրներից՝ Հայաստանից, Ռուսաստանից, Բրազիլիայից, Թուրքիայից եւ Օմանից փայլաթիթեղի ներմուծման հարցով։ Հիմք է ծառայել մի քանի ամերիկյան գործարանների բողոքը, որոնք հայտարարել են, որ այդ երկրներից արտադրանքը ստացվում է «չարդարացված ցածր գնով» եւ խանգարում է տեղական արտադրությանը:
Հայաստանը տարեկան մոտ 30 մլն դոլարի փայլաթիթեղ է արտահանում ԱՄՆ։ Ի տարբերություն Թուրքիայի, Երեւանի մոտ լուրջ խնդիրներ են առաջացել ԱՄՆ-ում իրացումների հետ կապված, այդ պատճառով հայկական գործարանը ստիպված կլինի ավելացնել արտահանումը դեպի Եվրամիություն եւ այլ շուկաներ, արձանագրում են մեկնաբանները:
Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) հունիսի 10-ին կտրուկ բողոք է հայտնել ԱՄՆ Առեւտրի նախարարության կողմից «Արմենալ» ընկերության նկատմամբ սահմանափակումներ մտցնելու ծրագրերի կապակցությամբ: