24.11.2024
Հայաստանը հետաքրքրված է նոր որակ հաղորդել հայ-իտալական համագործակցությանը. նախագահ
prev Նախորդ նորություն

Նախարարն ու ՌԴ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցությունը ԵԱՏՄ և ՀԱՊԿ շրջանակներում

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը հոկտեմբերի 6-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի գլխավորած պատվիրակությանը:


Ողջունելով հյուրերին՝ Վահագն Խաչատուրյանը ներկայացրել է նախարարության կողմից իրականացվող աշխատանքներն ու ծրագրերը, որոնք միտված են Հայաստանը կրկին բարձր տեխնոլոգիական արդյունաբերական երկիր դարձնելուն։ Անդրադառնալով Հայաստանի տնտեսությունը նորագույն տեխնոլոգիաներով վերազինելու անհրաժեշտությանը՝ նախարարը կարևորել է ռուսական ընկերությունների, գիտական հաստատությունների հետ համագործակցության ընդլայնումը: Խաչատուրյանը նշել է նաև, որ ակնկալում է ռուսական կողմի աջակցությունը համատեղ ձեռնարկությունների ստեղծման, գործարանների վերագործարկման, նորարարական տեխնոլոգիաներով վերազինման, արտադրության խթանման, թվայնացման, ինտերնետ կապի գործարկման հետ կապված հարցերում:


Դեսպան Սերգեյ Կոպիրկինն արդյունավետ է գնահատել երկու երկրների միջև շարունակական համագործակցությունը տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտում: Անդրադառնալով World Expo-2030 համաշխարհային ցուցահանդեսը Մոսկվայում անցկացնելու Ռուսաստանի Դաշնության կողմից ներկայացրած հայտին՝ դեսպանը համոզմունք է հայտնել, որ Հայաստանը, իբրև ռազմավարական գործընկեր, իր մասնակցությունն ու աջակցությունը կցուցաբերի ցուցահանդեսի կազմակերպման և անցկացման գործում:


Կողմերը պատրաստակամություն են հայտնել ընդլայնել ոլորտային փոխգործակցության շրջանակները:


Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպանի խորհրդական Միխայիլ Կոռոլյովը նշել է, որ համատեղ նորարարական ծրագրերի իրականացման, տեխնիկապես բարդ սարքավորումների բաղադրիչների մշակման աշխատանքներ իրականացնելու նպատակով հայ ինժեներների և տեխնիկական մասնագետների համապարփակ գնահատում է կատարվում և համոզմունք է հայտնել, որ ոլորտում փոխգործակցության խորացման մեծ ներուժ կա:


Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև ԱՊՀ, ԵԱՏՄ և ՀԱՊԿ շրջանակներում իրականացվող երկկողմ և բազմակողմ համագործակցության հարցերին: