Արցախի նախագահն ընդունել է պատերազմի ընթացքում զոհված ուսուցիչների հարազատներին
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 5-ին Ուսուցչի օրվա առթիվ ընդունել է 2020 թվականին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում զոհված ուսուցիչների հարազատներին։
Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Հայտնելով իր խորին ցավակցությունն ու զորակցությունը՝ երկրի ղեկավարն ընդգծել է, որ նրանք մշտապես լինելու են պետության ուշադրության կենտրոնում։ «44-օրյա պատերազմը մեզանից խլեց մեր քաջ տղաներին: Հայրենիքի նվիրյալների շարքերում հայտնվեցին շատերիդ գործընկերները, սաները, հարազատները: Նրանք ընկան, որպեսզի կանգուն մնա Արցախը, որպեսզի սերունդները շարունակեն արժանապատվորեն ապրել հայրենի հողում», - նշել է Արայիկ Հարությունյանը։
Հանդիպմանը մասնակցում էր ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Լուսինե Ղարախանյանը։