Արմեն Գրիգորյանը և Իրանի դեսպանը անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության հարցերին
Հոկտեմբերի 4-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԽ գրասենյակից:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերին:
Զրուցակիցները ուղենշել են տարածաշրջանային նոր մարտահրավերների հասցեագրման ուղղությամբ համագործակցության հեռանկարները: Առանձնակի շեշտվել է Իրանի Չաբահար նավահանգստի կարևորությունը ինչպես տարածաշրջանի, այնպես էլ հայ-իրանական տնտեսական հարաբերությունների և հատկապես Սյունիքի զարգացման համատեքստում:
Երկուստեք բարձր է գնահատվել կողմերի պատրաստակամությունը՝ շարունակել համագործակցությունը Մեղրու ազատ տնտեսական գոտու և «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի շրջանակներում:
Կողմերը նաև մտքեր են փոխանակել հայ-իրանական օրակարգի մի շարք այլ հարցերի շուրջ: Դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին ընդգծել է, որ Թեհրանը ամենաբարձր մակարդակով փորձելու է զարգացնել հարաբերությունները եղբայր և բարեկամ Հայաստանի հետ: