Շնորհակալություն ամեն ինչի համար. Ալեն Սիմոնյանը՝ Սերգեյ Լավրովին
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեկ տարի առաջ Հայաստանում տեղի ունեցած բարդ ժամանակաշրջանում ձեր ներդրման համար: Այս մասին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Ես գիտեմ, որ աշխատանքները շարունակվում են։ Շնորհակալություն ձեզ ամեն ինչի համար, եւ Ռուսաստանի Դաշնության նախագահին՝ բոլոր ջանքերի համար», - ընդգծել է Սիմոնյանը:
Սերգեյ Լավրովն իր հերթին նշել է՝ գնահատում է, որ որպես Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ իր առաջին այցը կատարվել է ՌԴ: «Դա արտացոլում է մեր հարաբերությունների ռազմավարական գործընկերության դաշնակցային բնույթը։ Գիտեմ, որ այցի հագեցած ծրագիր ունեք, ինչը մեր հարաբերություններում ձեռք բերված մակարդակի դրսևորում է»,- ասել է նա։
ԱԳ նախարարը հիշեցրել է, որ Ռուսաստանում քիչ առաջ կայացել են Պետական դումայի ընտրություններ, այն սկսում է օրեցօր լիարժեք գործել, ներառյալ բոլոր համապատասխան կոմիտեների կազմը:
«Դա թույլ կտա վերականգնել լիարժեք ձեւաչափով համագործակցությունը նաեւ խորհրդարանական գծով», - ամփոփել է Լավրովը:
VERELQ-ը հիշեցնում է, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը եռօրյա պաշտոնական այցով մեկնել է ՌԴ: