Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ իր ղեկավարած ընդդիմադիր «Հայաստան» դաշինքը մտադիր է փողոցային ակցիաներ սկսել երկրում իշխանափոխության համար:
Ռոբերտ Քոչարյանը շարունակում է մնալ այն կարծիքին, որ այս իշխանությունն ունի 1,5 տարվա կյանք՝ հիշեցնելով հունիսի 20-ին տեղի ունեցած արտահերթ ընտրություններից հետո՝ Ազգային ժողովում խրամատավորվելու և իշխանափոխության համար պայքարելու իր հայտարարության մասին:
Այսօր՝ հոկտեմբերի 4-ին, տեղի ունեցած ասուլիսին նա վստահեցրեց, որ պայքարելու են այս իշխանության դեմ: «Այդ 1,5 տարին բավական իրատեսական է: Պայքարելու ենք, այո նաեւ ծավալելու ենք փողոցային պայքար, բայց ամեն ինչ պետք է հասուցնել, աշխատել նաեւ ժողովրդի հետ, աշխատել Հայաստանով մեկ, պետք է փորձենք համոզել», - ասաց նա՝ հավելելով, որ առանց ժողովրդական ներգրավվածության հնարավոր չէ ակտիվ պայքար ծավալել:
«Դա պետք է ապահովել նաեւ քարոզչական աշխատանքով նույն ժողովրդի հետ: Երբ ասում են՝ փողոցային պայքար, դա չի նշանակում, որ ասուլիսից հետո Ռոբերտ Քոչարյանը դուրս է գալու փողոց, դրոշը վերցնի եւ ասի՝ մեկ ժամից հետո հավաքվում ենք փողոցային պայքարի համար», - նկատեց նա:
Փողոցային պայքարի գեներացման հարցում չհաջողելը Քոչարյանի խոսքով կնշանակի, որ «կամ ճիշտ բառապաշարը չենք գտել ժողովրդի հետ շփվելու, կամ ժողովրդի մեծ մասը այս ամենը մարսել է»: «Այո, կարող է նաեւ այդպես լինի: Մեր նպատակը իշխանափոխություն է, այս մարդկանց տուն կամ ուրիշ տեղ ուղարկելը, որի համար պայքարելու ենք բոլոր հնարավորություններով»,-ասաց Քոչարյանը:
Երկրորդ նախագահը նաև նկատեց, որ փողոցային պայքարի հարցում համագործակցելու են նաև իրենց գաղափարակից այլ ուժերի հետ՝ հստակ չնշելով սակայն դրանց: