Այսօր՝ հոկտեմբերի 4-ին, ասուլիսի ժամանակ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը փորձեց պատասխանել հարցին՝ արդյոք պատերազմը եղել է անկանխատեսելի, թե միտումնավոր հրահրված:
Մինչև պատերազմը, նրա խոսքով, տևական վերլուծություն է կատարվում՝ ինչ վիճակ է հակառակորդ պետությունում, ինչպես է այն կառավարվում, ներքին համախմբվածություն կա՞, թե ոչ, և ինչպես կպահեն իրենց այդ պետության դաշնակիցները:
Նույն գնահատականը, նրա խոսքով, կատարվում նաև պատերազմի պատրատսվող պետությունում: «Սա այդ գործընթացի այբուբենն է» , -ասաց նա:
Ինչո՞ւ Հայաստանը պարտվեց
Նա փորձեց նաև պատասխանել հարցին, թե ինչու Հայաստանն ու Արցախը պարտվեցին պատերազմում: Առաջին խնդիրը՝ մոբիլիզացիայի ձախողումն է: «Պետություններն են պատերազմում, ոչ թե բանակները: Անպատասխան մնացին Մովսես Հակոբյանի մեղադրանքները: Սա ամենամեծ խնդիրն է եղել: Բանակի կազմակերպված պետության փոխարեն ջոկատներ էին ձևավորվում», - ասել է նա:
«2018-ից սկսած՝ Հայաստանի կառավարությունն արել է ամեն ինչ, որ Ադրբեջանն իրավիճակը գնահատի որպես բարենպաստ՝ պատերազմի ձևով Ղարաբաղի հարցը լուծելու համար։ Փակուղի ենք մտցրել բանակցային գործընթացը՝ իրարամերժ հայտարարություններով, առաջացրել ենք Մինսկի խմբի անվստահությունը Հայաստանի նկատմամբ՝ ձևավորվել է կարծիք, թե այս «շուստրիության» տարբերակով փորձում ենք խուսափել առարկայական բանակցային գործընթացից, վարկաբեկել ենք բանակը տարբեր քրեական գործերով, բաժանել ենք հասարակութունը սևերի-սպիտակների, ցույց ենք տվել, որ կառավարման տեսանկյունից քաոտիկ կառավարություն է գործում Հայաստանում։ Պատերազմի ժամանակ նման կառավարման ոճն ուղղակի մահացու է երկրի համար։ Բացի այդ, փչացրել ենք հարաբերությունները Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի հետ»,- ասաց Քոչարյանը։
Նրա խոսքով՝ Ադրբեջանն ուշադիր հետևում էր այս ամենին, և նրանք գնահատեցին, որ «ավելի բարենպաստ պայմաններ ուղղակի չէին կարող լինել»։ Հենց այդ սխալների պատճառով, ըստ Քոչարյանի, Հայաստանը հայտնվեց մեկուսացման մեջ ու ոչ մի երկիր Ադրբեջանին չդատապարտեց պատերազմ սկսելու համար։
«Տպավորությունն այնպիսին էր, որ մենք արտգործնախարարություն ընդհանրապես չունենք։ Որպես կառույց այն գոյություն չուներ»,- նշեց նա։
Հայաստանի երկրորդ նախագահը վստահ է, որ «արվել է ամեն ինչ Թուրքիան ներգրավելու համար»։
«Այն թեզը, որ հնչեցվել էր պաշտպանության նախկին նախարարի կողմից՝ «նոր պատերազմ՝ նոր տարածքներ», Ադրբեջանի համար այլընտրանք չէր թողնում՝ իր ռիսկերը նվազեցնելու համար պարզապես Թուրքիայի գիրկն ընկնելն էր»։ Նա կրկնեց նախկինում իր հնչեցրած միտքը, որ «եթե Հայաստանի իշխանությունները լինեին թուրքական գործակալներ, ապա կանեին նույնը, նույն հերթականությամբ իրենց նպատակին հասնելու համար»։
Փաշինյանի կոչը՝ թուլության նշան
Ռոբերտ Քոչարյանը հիշեցրեց պատերազմի ժամանակ՝ հոկտեմբերի 5-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղիղ եթերներից մի դրվագ, երբ երկրի ղեկավարը մարդկանց առաջարկում էր իրենց հետ բերել նաև համազգեստ ու զրահաբաճկոն։
«Սա ուղղակի ազդակ էր Ադրբեջանին, որ Հայաստանն այլևս ռեսուրսներ չունի և Ադրբեջանը կարող է ավելացնել ռազմական ճնշումը Հայաստանի վրա։ Սա ուղղակի հանցագործություն է, առերևույթ հանցագործություն»,- շեշտեց նա։
Հաջորդ հարցն, ըստ Քոչարյանի, այն է, թե ինչո՞ւ պատերազմը չկանգնեցվեց հոկտեմբերի 7-ին և 19-ին։ Երկրորդ նախագահի կարծիքով՝ սա միակ հարցն է, որի պատասխանը հնչել է։
«Պատասխանը հետևյալն է՝ «չենք կանգնեցրել, որ մեզ դավաճան չհամարեն»։ Ուրեմն սրանից բխում է հետևյալը՝ բոլոր զոհված զինվորների ծնողները կարող են համարել, որ հոկտեմբերի 7-ից հետո բոլոր զոհերի մեղքն ու պատասխանատվությունն այն մարդու վրա էր, որը կարող էր պատերազմը կանգնեցնել ու չի արել։ Խուսափել է այդ ծանր, բայց պատասխանատու որոշում կայացնելուց»,- նշեց Քոչարյանը։
Ըստ նրա՝ կան այլ հարցեր, թե ինչպես հանձնվեց Հադրութն ու Շուշին, ինչպես ընկավ Ջեբրայիլը։ Քոչարյանն ասաց, որ Հադրութից դեպի Շուշի հատվածում նույնիսկ մեկ խրամատ չի փորվել։
Նրա խոսքով, պետք է հասկանալ՝ պատերազմում պարտությունը տգիտության հետևանք է, թե պլանավորված գործընթաց: «Փաստերի համադրումը հիմք է տալիս մտածելու, որ պատերազմը սկսվել է տգիտության, ապիկարության պատճառով, բայց ավարտվել է ըստ պայմանավորվածության», - ասաց նա՝ հավելելով, որ պայմանավորված տարվել է պարտության:
«Սրանով պետք է զբաղվեն պատկան մարմինները և գալու է ժամանակը, որ դրա համար պատասխան են տալու բոլոր նաև այն մարդիկ, որոնք պետք է դրանով զբաղվեին: Պետք է քննել բոլոր հանգամանքները և ընդդիմության լայն ներգրավվածությամբ, այս ճգնաժամը հաղթահարելու համար», - ասաց Ռոբերտ Քոչարյանը:
Հայաստանի դերի մասին
Հայաստանը, Քոչարյանի խոսքով, դադարել է Արցախի անվտանգության երաշխավոր լինել. տպավորություն է, որ ձեռքերը լվանում են այդ հարցերից: «Բոլոր հարցերը հասցեագրում են Ռուսաստանին: Սա արվում է միտումնավոր՝ տանում են դեպի Արցախից հրաժարման», - ընդգծեց Քոչարյանը:
Ադրբեջանը, հիշեցրեց, համարում է խնդիրը լուծված, բայց մենք բանակցային սեղանին որևէ խաղաքարտ չունեն:
«Ի՞նչ է լինելու 3,5 տարի հետո, երբ Բաքուն դնի ռուս խաղաղապահների դուրս բերման հարցը», - ասաց Ռոբերտ Քոչարյանը՝ նշելով, որ այդ հարցը ինքն իրեն տալիս է ամեն օր և խորհուրդ է տալիս բոլորին դա անել: «Եվ հետաքրքիր է՝ իշխանություններն իրենց տալի՞ս են այդ հարցը», - հարցադրում հնչեցրեց Ռոբերտ Քոչարյանը: