Հայաստանը մեծ նշանակություն է տալիս Չինաստանի հետ փոխգործակցության կայուն զարգացմանը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին: Այդ մասին հայտնում են նախագահի մամուլի ծառայությունից:
Ուղերձում մասնավորապես ասվում է.
«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Չինաստանի ժողովրդին Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման 72-րդ տարեդարձի կապակցությամբ:
Ձեր հմուտ առաջնորդությամբ և ապագային միտված տեսլականով Չինաստանը վճռականորեն ամրապնդել է իր տեղն ու դերը միջազգային ասպարեզում և վստահ քայլերով շարժվում է վերընթաց ուղիով։
Գալիք տարին կնշանավորվի հայ-չինական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակով։ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս Չինաստանի հետ գործակցության հետևողական և կայուն զարգացմանը, մասնավորապես «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» կարևոր նախաձեռնության շրջանակներում համագործակցության խթանմանը։
Չնայած համավարակի հարուցած դժվարություններին՝ հավատացած եմ, որ հաստատուն կամք կդրսևորենք համատեղ ծրագրերի և նախաձեռնությունների կյանքի կոչման համար։
Լիահույս եմ, որ անցյալի հարուստ փորձի և հնագույն քաղաքակրթական արժեքների վրա խարսխված մեր հարաբերությունները կշարունակեն զարգանալ և ընդլայնվել՝ ի շահ մեր պետությունների և ի բարօրություն մեր ժողովուրդների»։