Ադրբեջանը գնալով կորցնում է դիրքերը միջազգային գազի շուկայում. փորձագետ
Ադրբեջանը գնալով կորցնում է դիրքերը միջազգային գազի շուկայում, ինչը տեղի է ունենում ռուսական ՛՛Գազպրոմի՛՛ դիրքերի շարունակական ամրապնդման ֆոնին: Այդ մասին Տելեգրամի իր ալիքում գրում է էներգետիկ հարցերով փորձագետ Վահե Դավթյանը՝ մատնացույց անելով, իր կարծիքով, «երկու չափազանց կարևոր փաստ»:
«1. Տարվա սկզբից մինչև սեպտեմբերի 19 ընկած ժամանակահատվածում ՛՛Գազպրոմը՛՛ Թուրքիային է մատակարարել 20,3 մլրդ խմ բնական գազ, ինչը 153%-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշն ու ընդհանրապես պատմական ռեկորդ է: Ուշագրավ է, որ դրա հետ մեկտեղ կտրուկ նվազել է Ադրբեջանից Թուրքիա գազի արտահանման ծավալները: Ս.թ. հունվար-հուլիսին ներկրումը կրճատվել է մոտ 20%-ով ու դեռ շարունակում է կրճատվել: Նշենք, որ դեռ 2018-2020 թթ. թուրքական գազի շուկայում Ադրբեջանը բացարձակ առաջատարն էր:
2. Ս.թ. սեպտեմբերի 27-ին ՛՛Գազպրոմը՛՛ 15 տարի ժամկետով մատակարարման պայմանագիր է կնքել Հունգարիայի հետ՝ տարեկան 4,5 մլրդ խմ մատակարարման պարտավորությամբ: Այս որոշումը ստիպել է ջղաձգվել ոչ միայն Ուկրաինային, այլ նախևառաջ Ադրբեջանին: Հայտնի է, որ վերջին տարիներին Բուդապեշտն ու Բաքուն բանակցություններ էին վարում ադրբեջանական գազի ներկրման ու Հունգարիան ՛՛Հարավային գազային միջանցքին՛՛ ինտեգրելու վերաբերյալ: Հունգարիան, իհարկե, կինտեգրվի: Սակայն հաշվի առնելով, որ Հունգարիայում բնական գազի ներքին պահանջարկը տարեկան կազմում է մոտ 7-8 մլրդ խմ, որից մի մասն ապահովվում է ներքին արդյունահանման միջոցով, ակնհայտ է, որ Ադրբեջանը ստիպված է լինելու զսպել սեփական ախորժակը: Հարցի զուտ քանակական կողմից բացի պետք է հասկանալ, որ ՛՛Գազպրոմի՛՛ հետ նման պայմանագրի կնքումը ռազմավարական առումով լուրջ վերադասավորման մասին է վկայում», - ասված է նրա գրառման մեջ: