Դատարանը Ֆրանսիայի նախկին նախագահին դատապարտել է մեկ տարվա ազատազրկման
Փարիզի դատարանը Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին դատապարտել է մեկ տարվա ազատազրկման՝ 2012 թվականի ընտրարշավի ֆինանսավորման ծախսերը գերազանցելու գործով: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Ինչպես հետեւում է դատավճռից, Սարկոզին տեղյակ էր ընտրարշավի ծախսերի օրենքով սահմանված շեմին եւ նրան նախազգուշացնում էին հնարավոր գերազանցման մասին: Այնուամենայնիվ, նա շարունակեց նախընտրական հանրահավաքները։
Դատավճռի հրապարակմանը նախկին նախագահը չի ներկայացել, մեղքը չի ընդունել։ Ընդամենը այն գործով, որը ԶԼՄ-ներում ստացել է BYGMALION անվանումը (նախընտրական արշավի տեղեկատվական ուղեկցմամբ զբաղվող PR գործակալության անունով), անցնում էր 14 մարդ: Մեղադրող կողմը պնդում էր, որ Սարկոզիի ընտրական շտաբը կեղծ հաշիվներ է օգտագործել գործակալության կազմակերպած հանդիպումների համար, որպեսզի թաքցնի ծախսերի գերազանցումը։
Դատախազությունը պետության նախկին ղեկավարի համար պահանջել է 6 ամիս ազատազրկում, նույնքան էլ պայմանական ազատազրկում, ինչպես նաեւ 3750 եվրո տուգանք:
Սարկոզին պետք է իր պատիժը կրի տանը՝ էլեկտրոնային հսկողության ներքո։
Ավելի վաղ նրան մեղավոր էին ճանաչել կոռուպցիայի եւ պաշտոնեական դիրքի չարաշահման մեջ, այսպես կոչված, «գաղտնալսման գործով» եւ դատապարտել երեք տարվա ազատազրկման (նրանցից երկուսը պայմանական են): Սարկոզին բողոքարկել է դատարանի որոշումը, այդպիսով, պետք է նոր դատավարություն լինի։