Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի շրջանակներում հայտարարել է, որ նոր դարաշրջան է սկսվել, որում Իրանը ձգտելու է արդյունավետ համագործակցել բոլոր երկրների, մասնավորապես, հարեւան երկրների հետ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Ես կձգտեմ արդյունավետ համագործակցել աշխարհի բոլոր երկրների, մասնավորապես՝ հարևանների հետ, ջերմորեն և բարյացակամորեն սեղմում եմ նրանց ձեռքերը։ Սկիզբ է դրվել նոր դարաշրջանի», - Ռաիսիի խոսքը մեջբերում է Fars գործակալությունը։
Նա նաեւ նշել է միջուկային գործարքի վերականգնման եւ ամերիկյան պատժամիջոցների չեղարկման շուրջ Վիեննայի բանակցությունների արդյունավետությունը՝ հավելելով, որ Իրանի հետ Արեւմուտքի դիմակայությունը ձախողվել է, եւ այժմ միջուկային գործարքի բոլոր կողմերը պետք է վերադառնան գործարքի կատարմանը:
Իրանն արդեն 40 տարի գտնվում է ԱՄՆ-ի առեւտրատնտեսական պատժամիջոցների ներքո։ Իրավիճակը սրվել է 2005-2013 թվականներին, երբ Իրանում սկսվեց միջուկային ծրագրի լայնամասշտաբ զարգացումը։ Դա հանգեցրել է ԱՄՆ-ի եւ միջազգային հանրության կողմից Իրանի ֆինանսական հատվածի, էներգառեսուրսների եւ սպառազինության արտահանման դեմ նոր պատժամիջոցների կիրառմանը: Արդյունքում՝ իրանական տնտեսությունը հայտնվել է փլուզման եզրին։
Խնդիրը լուծվել է Հասան Ռոհանիի օրոք։ 2015 թվականին Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Իրանը կնքել են համատեղ համապարփակ գործողությունների ծրագիր։ Իրանը սահմանափակել է իր միջուկային ծրագիրը, որից հանվել են պատժամիջոցները։ Սակայն 2018 թվականի մայիսին ԱՄՆ-ը դուրս եկավ գործարքից և վերականգնեց Իրանի դեմ սահմանված խիստ պատժամիջոցները։ Ի պատասխան՝ Թեհրանը հայտարարել է համաձայնագրի շրջանակներում իր պարտավորությունների փուլային կրճատման մասին։
Այժմ Վիեննայում ընթանում են միջուկային գործարքի վերականգնման եւ Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների չեղարկման շուրջ բանակցությունները, հունիսի 20-ին ավարտվել է վեցերորդ փուլը:
Վիեննայում միջազգային կազմակերպություններին առընթեր ՌԴ մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովի խոսքով՝ գործարքի վերականգնման աշխատանքներն ավարտվել են գրեթե 90 տոկոսով, մնացել են քաղաքական պահեր, որոնք կապված են ԱՄՆ-ի պարտավորությունների եւ այն բանի հետ, թե ինչպես է Վաշինգտոնը դրանք պահպանելու ապագայում:
Իրանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ բանակցությունները կվերսկսվեն աշնանը, քանի որ Իրանում պետք է վերջնականապես ձեւավորվի հունիսին կայացած ընտրություններում հաղթած նոր նախագահ Ռաիսիի կառավարությունը: