Իշխանությունը խոստովանում է՝ ՀՀ քաղաքացիները Սահմանադրությունը չեն համարում իրենցը
Ես տեսնում եմ խզվածություն և այո՝ մեր բազմաթիվ համաքաղաքացիներ չեն համարում Սահմանադրությունը իրենցը, ինչը ցավալի է: Այս մասին ասուլիսում ասաց ՀՀԿ խմբակցության անդամ Լևոն Մարտիրոսյանը՝ նշելով, որ դա ամենևին չի նշանակում, որ Սահմանադրությունը չպետք է հարգել և չպետք է կիրառել.
«Պետք է աշխատել այն ուղղությամբ, որպեսզի մեր համաքաղաքացիները իսկապես զգան, որ իրենք պաշտպանված են Սահմանադրությամբ: Ցավոք, մեր հասարակության իրավագիտակցության մակարադակը բարձր նիշի վրա չէ, ինչն ունի պատմական և ավանդական բացատրություներ.... Բայց պետք է աշխատել: Դա ծավալուն աշխատանք է և ես չգիտեմ, թե որքան ժամանակ ու ջանք է անհրաժեշտ, բայց երկու կարծիք չկա՝ դա պետք է անել»,- ասաց պատգամավորը:
Հարցին՝ որպես իշխանության ներկայացուցիչ տեսնո՞ւմ է իր մեղքը դրանում, Մարտիրոսյանն ասաց, որ կարող է այդ հարցին և՛ դրական, և՛ բացասական պատասխան տալ, բայց ճիշտ չէ Սահմանադրության իրագործման բացակայությունը կամ ոչ պատշաճ իրագործումը բարդել այս կամ այն տվյալ պահի ուժի վրա կամ ինչ-որ անհատների վրա: «Այսինքն ամբողջ հասարակության ուշքը գնում է Սահմանադրությունը կիրառելու համար, իսկ մեկ-երկու անհատներ խանգարո՞ւմ են այդ ցանկության իրագործմանը: Չեմ կարծում, թե այստեղ կարելի է կարճ պատասխան տալ, բայց, ամեն դեպքում, բոլորս միասին պետք է աշխատենք այս ուղղությամբ»,- հավելեց Լևոն Մարտիրոսյանը:
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի համար հուլիսի 5-ը տոն չէ, քանի որ նա լավ հիշում է 1995 թվականը, երբ ընդունվեց Սահմանադրությունը և այս օրը հռչակվեց տոն, բայց այդ օրը անկախ Հայաստանի ու Հայաստանի ժողովրդավարության քննությունն էր, որը մեր պետությունը չհանձնեց:
«Այդ օրը դրվեց հիմք այն Հայաստանի, որից շատերս այսօր դժգոհ ենք՝ կեղծիքի հիմքը դրվեց 1995 թվականին»,- նշեց նա: Սահմանադրության 2-րդ գլխում, Իշխանյանի խոսքով, հռչակում է քաղաքացի-իշխանություն հարաբերությունները, բայց այդ գլուխը արժանի է պատռվելուն, ինչն էլ բանախոսը արեց ասուլիսի ժամանակ. «Բոլորս էլ գիտենք, թե ինչպես են ձևավորվում իշխանությունները: Նախագահը կիսաաստված է... և գիտենք, թե ինչպես են նշանակվում նախարարները՝ մի կաթսայից: Ես պատռում եմ այս գլուխը»: Ավետիք Իշխանյանը նաև հայտարարեց, որ ունենք պսևդոպառլամենտական Սահմանադրության նախագիծ է:
Իրավաբան Արա Ղազարյանն էլ հիմնական խնդիրը, որ տեսնում է, հանրային իշխանություն հասկացության չընկալելն է: Բանախոսի խոսքով՝ կա միայն մեկ իշխանություն և դա հանրային իշխանությունն է: Եվ Սահմանադրությունը փոփոխելու նպատակներից մեկն էլ հենց դա էր, վերացավ պետական իշխանություն հասկացությունը.
«Բայց դա թե՛ պետական մարմինների, թե՛ հասարակության կողմից չի ընկալվում: Դրա վառ օրինակը «Էլեկտրիկ Երևանի» ժամանակ ՀՀ ոստիկանապետի ելույթն էր, երբ նա բարոյախրականա ոճով խորհուրդ տվեց այն քաղաքացիներին, ովքեր եկել էին իրենց իշխանությունը պաշտպանելու: Եվ առավել մեղավոր են դրանում իշխանությունները, որոնք ունեն ռեսուրսներ»:
Խնդիրը նաև նրանում է, շարունակեց Ղազարյանը, որ քաղաքացիները չեն պատկերացնում, թե ինչ է հանրային իշխանությունը, այնպես որ դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու, որպեսզի դա դառնա ապրելակերպ:
Նշենք, այսօր տոն է՝ Հայաստանում նշվում է Սահմանադրության օրը: