10.12.2024
Ղրիմում պատասխանել են «անեքսիայի» մասին Էրդողանի հայտարարությանը
prev Նախորդ նորություն

Ադրբեջանցիները պահանջում են Ամարասի վանքից հանել Արցախի դրոշը

Ադրբեջանցի զինվորականները սեպտեմբերի 21-ին իրենց դիրքերն են առաջ մղել Արցախի Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղի ուղղությամբ և փորձել են խրամատավորվել չեզոք տարածքում՝ գյուղին մոտ, Sputnik Արմենիա-ին հայտնել է համայնքի ղեկավար Լեռնիկ Ավանեսյանը:


Նրա խոսքով՝ հակառակորդը մոտ 1200 մետր է առաջ շարժվել, հայկական կողմն այդ մասին հայտնել է ռուս խաղաղապահներին: «Դեպքի վայր է ժամանել ռուս գեներալ Եգորովը։ Բանակցություններից հետո ադրբեջանցիները նահանջել են նախկին դիրքեր։ Կողմերից յուրաքանչյուրը մնում է իր դիրքերում», - ասել է Ավանեսյանը։


Իսկ գյուղի և հակառակորդի մոտակայքի միջև հեռավորությունը մոտ երկուսուկես կմ է։


Նա նաև հայտնել է, որ ադրբեջանցիները պահանջել են Արցախի դրոշը հանել մարտական դիրքից, ինչպես նաև Ամարասի վանքից: Ռուս զինվորականները միջադեպքերից խուսափելու համար առաջարկել են Արցախի դրոշը փոխարինել հայկականով։


Ինչպես նշել է համայնքի ղեկավարը, ինքն անձամբ ներկա է եղել դիրքերում դրոշի փոխարինման մասին խոսակցությանը։ Իսկ ինչ վերաբերում է վանքին, ապա նրան զանգահարել է շինարարներից մեկը, որն այնտեղ աշխատում է, եւ հայտնել ռուս զինվորականների առաջարկի մասին:


Ավանեսյանը նշել է, որ դրոշի փոխարինումը չի մտնում նրա լիազորությունների մեջ։ Արցախի դրոշները դեռ ծածանվում են այնտեղ։