26.11.2024
Գազի սակագնի հարցում կոնսենսուս և փոխըմբռնում կա. փոխվարչապետ
prev Նախորդ նորություն

Այս պահին ՀՀ-ի և Թուրքիայի միջև որևէ շփում տեղի չի ունեցել. Մանե Գևորգյան

Հայաստանի Հանրապետության վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը, «Արմենպրես»-ի հարցերին ի պատասխան, անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն հայտարարությանը, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլի միջոցով իրեն հանդիպման առաջարկ է արել: Մանե Գևորգյանը նշում է, որ Թուրքիայի հետ խոսակցության մեկնարկի՝ իր պատկերացումների մասին վարչապետը խոսել է ԱԺ-Կառավարություն վերջին հարցուպատասխանի ընթացքում՝ ասելով, որ կարծում է՝ բարձր մակարդակի շփումներին պետք նախորդեն աշխատանքային քննարկումներ, և միջազգային գործընկերներին նույնպես այս պատկերացումն է ներկայացնում:


Հարց – Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե ՀՀ վարչապետը Վրաստանի վարչապետի միջոցով իրեն հանդիպման առաջարկ է արել, ի՞նչ կասեք այս մասին:


Պատասխան – Վարչապետ Փաշինյանն իր բոլոր միջազգային շփումներում գործընկերներին ներկայացնում է Կառավարության ծրագրում արձանագրված՝ Հայաստանի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու տեսլականը և արտահայտում է այդ ուղղությամբ ջանքեր գործադրելու Հայաստանի Կառավարության պատրաստակամությունը: Թուրքիայի հետ խոսակցության մեկնարկի իր պատկերացումների մասին վարչապետը խոսել է ԱԺ-Կառավարություն վերջին հարցուպատասխանի ընթացքում՝ ասելով, որ կարծում է, որ բարձր մակարդակի շփումներին պետք նախորդեն աշխատանքային քննարկումներ, և միջազգային գործընկերներին նույնպես այս պատկերացումն է ներկայացնում: Այս պահի դրությամբ Հայաստանի և Թուրքիայի պաշտոնյաների միջև որևէ շփում տեղի չի ունեցել, չնայած Հայաստանի Կառավարությունը պատրաստ է նման շփումների: Այսպիսի արդյունավետ աշխատանքի պարագայում Հայաստանը պատրաստ կլինի նաև բարձր և բարձրագույն մակարդակով հանդիպումների:


Հարց – Թուրքիայի նախագահը կրկին խոսել է Հայաստանի տարածքով միջանցք բացելու խնդրի մասին՝ ասելով, որ դա քաղաքական հարց է: Ինչպե՞ս կմեկնաբանեք:


Պատասխան - Վարչապետ Փաշինյանը բազմիցս արտահայտվել է այդ կապակցությամբ: Հայաստանը կարևորում է նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի հայտարարություններում արձանագրված պայմանավորվածությունների ճշգրիտ իրագործումը: Կոմունիկացիաների բացումը բացառիկ կարևոր նշանակություն ունի տարածաշրջանում երկարատև խաղաղություն ու կայունություն հաստատելու, տարածաշրջանում ցավալիորեն առկա թշնամանքի մթնոլորտը հաղթահարելու համար, և Հայաստանը վճռական է այդ ուղղությամբ առաջ շարժվելու և արդյունքներ արձանագրելու գործում: Որոշ հայտարարություններում կոմունիկացիաների վերաբացման թեման վերափոխվում է և ստանում տարածաշրջանային մեկուսացման պահպանման տրամաբանություն: Միջանցքների մասին խոսակցությունը հենց այսպիսին է և հակասում է տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու, թշնամանքի մթնոլորտը հաղթահարելու տրամաբանությանը: Այն նպատակ ունի ոչ միայն մեկուսացած պահել տարածաշրջանի պետությունները և ժողովուրդներին, այլև այդ մեկուսացմանը անշրջելի տեսք տալ: Բայց կան նաև տարածաշրջանային կոմունիկացիաները բացելու այնպիսի տարբերակներ, որոնք ընդգծում են տարածաշրջանային փոխկապակցվածությունը և թշնամության մթնոլորտի քայլ առ քայլ հաղթահարման իրական միջոց կարող են դառնալ: Հայաստանի Կառավարությունը հենց նման տարբերակի կողմնակից է, և հենց այդ տարբերակն է նկարագրված նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետում և հունվարի 11-ի եռակողմ հայտարարության մեջ: