23.11.2024
Արմեն Սարգսյանը «Մտքերի գագաթնաժողով»-ի մասնակիցներին հրավիրել է Հայաստան
prev Նախորդ նորություն

Գորիս-Կապան ճանապարհի իրավիճակը շարունակում է լարված մնալ. «Հայաստան» խմբակցություն

Գորիս-Կապան ճանապարհահատվածի Որոտան–Շուռնուխ միջակայքում իրավիճակը շարունակում է լարված մնալ, այս մասին հայտարարությամբ է հանդես եկել Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցությունը:


«Օգտվելով ՀՀ իշխանությունների թողտվությունից և հանցավոր անգործությունից՝ Ադրբեջանն այդտեղ ոստիկանական ու մաքսային կետեր է տեղադրել։ Լրջագույն խնդիրներ են առաջացել ռազմավարական նշանակություն ունեցող Իրան-Հայաստան միջպետական ճանապարհի գործարկման առումով։ Իրանից եկող բեռնատարներից Ադրբեջանը մաքսատուրք է գանձում։ Ձերբակալվել են իրանցի երկու վարորդներ, որոնց ճակատագիրը հայտնի չէ։ Հոգեբանական ճնշումների են ենթարկվում այդ ճանապարհով երթևեկող ՀՀ քաղաքացիները, այդ թվում՝ անչափահասները։


Պաշտոնական Երևանն օրինական է համարում ադրբեջանցիների գործողությունները՝ հղում անելով սովետական Ադրբեջանի քարտեզներին և Գորիս-Կապան ճանապարհի վերը նշված մասը համարելով ադրբեջանական։ ՀՀ իշխանությունների այս հակապետական վարքագիծն է՛լ ավելի է լկտիացնում Բաքվին ու դրդում ադրբեջանցիներին նոր սանձարձակությունների։ Այսպես շարունակվելու դեպքում Իրան-Հայաստան միջպետական M2 ճանապարհահատվածը գործնականում կդադարեցնի իր ֆունկցիոնալությունը՝ ՀՀ անվտանգության համար առաջացնելով լրջագույն մարտահրավերներ։


ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը սեպտեմբերի 13-ին նախաձեռնել էր Սյունիքի մարզում ստեղծված իրավիճակի վերաբերյալ քննարկում ԱԱԾ տնօրենի ու այլ պատասխանատուների մասնակցությամբ։ Մինչև օրս խորհրդարանական մեծամասնությունը չի կազմակերպել այդ քննարկումը՝ փաստացի հրաժարվելով խորհրդարանական վերահսկողություն իրականացնելու սեփական լիազորություններից և ժողովրդին հաշվետու լինելու պարտականությունից։


Հարգելի՛ հայրենակիցներ, այս իշխանությունների գոյության ամեն մի օրը նոր ճգնաժամի, նոր կորուստների է հանգեցնելու։ Միայն ազգային նոր իշխանության ձևավորման դեպքում է հնարավոր լուծել անվտանգային հարցերն ու ապահովել արժանապատիվ խաղաղություն»,-ասված է հայտարարությունում: