ՀԱՊԿ-ում կստեղծեն Կենսանվտանգության համակարգող խորհուրդ
ՀԱՊԿ անդամ պետությունների անվտանգության խորհուրդների քարտուղարները որոշում են կայացրել ստեղծել ՀԱՊԿ անդամ պետությունների լիազոր մարմինների համակարգող խորհուրդ կենսաբանական անվտանգության հարցերով: Այս մասին հայտնում է "ՌԻԱ Նովոստի"-ն՝ վկայակոչելով ՌԴ Անվտանգության խորհրդի մամուլի ծառայությանը։
"Ստեղծվող համակարգող խորհուրդը կզբաղվի ՀԱՊԿ անդամ պետություններում կենսաբանական անվտանգության ապահովման հետ կապված իրավիճակի վերլուծությամբ, փորձի փոխանակման կազմակերպմամբ, այդ ոլորտում համակարգված գործունեության ձեւավորման եւ զարգացման վերաբերյալ առաջարկությունների պատրաստմամբ", - նշվում է հաղորդագրության մեջ:
Այդ որոշումն ընդունվել է Դուշանբեում ՀԱՊԿ անդամ պետությունների անվտանգության խորհուրդների քարտուղարների կողմից։ Նիստին մասնակցել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը:
Նոր խորհրդի գործառույթներն են լինելու, մասնավորապես, ազգային, տարածաշրջանային եւ միջազգային անվտանգության սպառնալիքների կանխարգելման ուղղությամբ ՀԱՊԿ անդամ պետությունների համատեղ գործնական միջոցառումների վերաբերյալ առաջարկությունների մշակումը՝ կապված վտանգավոր կենսաբանական գործոնների ազդեցության հետ:
Բացի այդ, նախատեսվում է աշխատել ՀԱՊԿ շրջանակներում համագործակցության իրավական բազայի կատարելագործման ուղղությամբ և աջակցել լիազորված մարմինների կառուցվածքային ստորաբաժանումների, ինչպես նաև կենսաբանական անվտանգության ոլորտում մասնագիտացված հաստատությունների և կազմակերպությունների փոխգործակցության կազմակերպմանը: