Բաքվից երկու հայ ռազմագերի է վերադարձել Երևան
Բաքվից երկու հայ ռազմագերի է վերադարձել Երևան, հայտնում է ռուսական խաղաղապահ առաքելության պաշտոնական ալիքը։
Նրանց հայրենիք վերադարձնելու համար Ադրբեջան է մեկնել Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը, որն ավարտում է իր ծառայությունն Արցախում:
Գերիների տեղափոխող ՌԴ օդատիեզերական ուժերի ինքնաթիռն արդեն վայրէջք է կատարել «Էրեբունի» օդանավակայանում։
Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ գերիների անուններն են Արթուր Նալբանդյան և Արամայիս Տոռոզյան։
Արթուր Նալբանդյանը և Արամայիս Տոռոզյանը հուլիսի 14-ին Սյուինիքի Սև լճի տարածքում անհետացած երկու հայ զինծառայողն են, որոնց մասին առայսօր պաշտոնական որևէ տեղեկատվություն չկար:
Երկու հայ գերիների փոխարեն Երևանը Բաքվին է փոխանցել Արցախում կալանավորված ադրբեջանցի զինծառայող Ջամիլ Բաբաևին, որն օգոստոսի 25–ին ապօրինի հատել էր սահմանն ու մտել Արցախի Մարտակերտի շրջանի տներից մեկը։
Հիշեցնենք, որ հուլիսի 14-ի լուսադեմին, մառախուղի պայմաններում, ամրակցված զինվորական ավտոմեքենայով ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում կորել է կապը Հայաստանի Հանրապետության հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ԶՈՒ N զորամասի զինծառայող Արթուր Նալբանդյանի և վարորդ Արամայիս Տոռոզյանի հետ։ Անմիջապես մեկնարկել են որոնողա-փրկարարական աշխատանքներ։
Հավելենք` Արթուր Նալբանդյանն ու Արամայիս Տոռոզյանը եղել են առանց զենքի։