23.11.2024
Փայլանը 1955թ. կոտորածը հետաքննելու առաջարկ է ներկայացրել Թուրքիայի խորհրդարան
prev Նախորդ նորություն

Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել Նիդերլանդների Սենատի նախագահին 17 բանաձևերի համար

Վիեննայում ընթացող Խորհրդարանների նախագահների 5-րդ համաշխարհային համաժողովի շրջանակում Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 7-ին հանդիպել է Նիդերլանդների Թագավորության Սենատի նախագահ Անտոնի Բրյունիին: Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնեց Նիդերլանդների խորհրդարանի գործընկերներին՝ 2020թ. աշնանը Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմը եւ դրա հետեւանքները դատապարտող շուրջ 17 բանաձեւերի համար։


Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովից, ողջույնների փոխանակումից հետո ԱԺ նախագահը նշել է, որ հաճույքով է հիշում Անտոնի Բրյունիի հրավերով 2019թ. հոկտեմբերին ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության բավական արգասաբեր այցը Նիդերլանդներ:


«Նա հիշեցրեց, որ այդ այցի ընթացքում կայացավ նաեւ Հայաստան-Նիդերլանդներ բարեկամական շրջանակի անդրանիկ նիստը, որի համանախագահներն ինքն ու Նիդերլանդների Թագավորության Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Ջոել Ֆորդեւինդն էին: ԱԺ նախագահը նշեց, որ չնայած COVID-19-ի ստեղծած խոչընդոտներին՝ բարեկամական հարաբերությունները մեր պետությունների եւ խորհրդարանների միջեւ բավական ներդաշնակ են զարգանում, եւ մեր երկրները տրամադրված են իրականացնելու հայ-նիդերլանդական առավել խորացված եւ թիրախային համագործակցություն:


Դրա վառ ապացույցն է նաեւ 2020թ-ի սեպտեմբերին Երեւանում Նիդերլանդների Թագավորության դեսպանության բացումը: Ալեն Սիմոնյանը վերահաստատեց պատրաստակամությունը՝ խորացնել հայ-նիդերլանդական միջխորհրդարանական համագործակցությունը: ԱԺ նախագահն առանձնացրեց մասնավորապես 3 մարտահրավեր, որոնցում ՀՀ-ն քաղաքական աջակցություն է ակնկալում մեր գործընկերներից՝ խաղաղության հաստատում մեր տարածաշրջանում, հայ ռազմագերիների խնդրի լուծումը՝ հաշվի առնելով, որ Ադրբեջանն այն վերածել է քաղաքական սակարկության եւ Հայաստան-Եվրոպական միություն համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի արդյունավետ կիրարկումը: Նա շեշտեց, որ հայկական կողմի համար խնդրահարույց է մնում տարբեր խորհրդարանական վեհաժողովներում ադրբեջանական պատվիրակությունների ապակառուցողական դիրքորոշումը եւ շահադիտական նպատակներով նրանց աջակցող պատվիրակների պահվածքը: Ալեն Սիմոնյանը շնորհակալություն հայտնեց Նիդերլանդների խորհրդարանի գործընկերներին՝ 2020թ. աշնանը Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմը եւ դրա հետեւանքները դատապարտող շուրջ 17 բանաձեւերի համար»,-ասվում է հաղորդագրության մեջ:


Ըստ աղբյուրի՝ քննարկման ընթացքում ԱԺ նախագահն անընդունելի է համարել Ադրբեջանում հայ ռազմագերիների եւ այլ պահվող անձանց նկատմամբ իրականացվող շինծու դատավարությունները, որոնք հակասում են միջազգային իրավունքին: Ալեն Սիմոնյանը վերահաստատել է, որ Հայաստանը շահագրգռված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ ճանապարհով լուծմամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձեւաչափի շրջանակներում:


ՀՀ ԱԺ տեղեկացմամբ՝ Նիդերլանդների Սենատի նախագահը նշել է, որ լավ հիշողություններ ունի ՀՀ ԱԺ պատվիրակության այցից: Կարեւորելով Հայաստանում Նիդերլանդների դեսպանության բացումը՝ նա ասել է, որ այն ոգեւորիչ է եւ մեծապես կնպաստի երկկողմ հարաբերությունների զարգացմանը: Սենատի նախագահն ընդգծել է, որ 44-օրյա պատերազմի ընթացքում Նիդերլանդների խորհրդարանի ընդունած բանաձեւերը լայն արձագանք են ստացել Հայաստանի հասարակությունում:


Նրա խոսքով՝ ցանկացած իրավիճակում չափազանց կարեւոր է մարդու իրավունքների գերակայությունը՝ այս համատեքստում կարեւորելով նաեւ ՀՀ-ԵՄ համագործակցությունը: Հանդիպման ավարտին Անտոնի Բրյունին վերահաստատել է տարածաշրջանում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությանն աջակցելու պատրաստակամությունը: ՀՀ ԱԺ նախագահը գործընկերոջը հրավիրել է պաշտոնական այց կատարել Հայաստան: