ՀՀ փոխվարչապետը ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենի հետ քննարկել է համատեղ աշխատանքի ուղիները
ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը սեպտեմբերի 6-ին հանդիպել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Կովկասի, Մոլդովայի և Բելառուսի տարածաշրջանային ղեկավար, տնօրեն Կատարինա Բյորլին Հանսենին: Վերջինիս ուղեկցում էր ՎԶԵԲ-ի երևանյան գրասենյակի ղեկավար Դմիտրի Գվինդաձեն: Կողմերը քննարկել են ՀՀ կառավարության միջնաժամկետ և երկարաժամկետ առաջնահերթությունները և դրանց շրջանակներում ՎԶԵԲ-ի հետ համատեղ աշխատանքի ուղիները:
Ինչպես տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի գրասենյակից, փոխվարչապետը կարևորել է ՎԶԵԲ-ի հետ ՀՀ կառավարության սերտ համագործակցությունը՝ նշելով, որ դրա արդյունքում բազմաթիվ ընթացիկ և արդեն իսկ հաջողված ծրագրեր են իրականացվել: Նա առանձնացրել է Կոտայք-Գեղարքունիք աղբավայրի կառուցումը՝ որպես իր տեսակի մեջ Հայաստանում առաջինը և ՎԶԵԲ-ի հետ համատեղ աշխատանքի հաջող օրինակ: Սուրեն Պապիկյանը շեշտել է, որ ենթակառուցվածքների զարգացումը Հայաստանի կառավարության առաջնահերթություններից է, որտեղ համագործակցության լայն հնարավորություններ կան: Նկատի ունենալով ԵՄ-ի՝ 2.6 մլրդ եվրո աջակցության արդյունքում մեկնարկելիք նոր ծրագրերը՝ փոխվարչապետը դրանց իրականացման գործում ընդգծել է ՎԶԵԲ-ի դերակատարությունը՝ այդ համատեքստում վերջինիս դիտարկելով որպես հիմնական գործընկերներից մեկը:
ՎԶԵԲ-ի Կովկասի, Մոլդովայի և Բելառուսի տարածաշրջանային ղեկավար, տնօրեն Կատարինա Բյորլին Հանսենը շնորհավորել է Սուրեն Պապիկյանին ՀՀ փոխվարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ նկատելով, որ նախկին արդյունավետ գործակցության փորձով միմյանց հասկանալն ու առաջ ընթանալը դյուրին է լինելու:
Կողմերը քննարկել են ՀՀ կառավարության միջնաժամկետ և երկարաժամկետ առաջնահերթությունները և դրանց շրջանակներում ՎԶԵԲ-ի հետ համատեղ աշխատանքի ուղիները: Փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը նշել է, որ ՀՀ կառավարության համար չափազանց կարևոր է ենթակառուցվածքների ոլորտի զարգացումը, մասնավորապես՝ ընդգծելով Սյունիքում այդ ուղղությամբ ծրագրերի իրականացումը: Նա հատկանշել է ճանապարհաշինության, ջրագծերի անցկացման, ջրամբարաշինության, զբոսաշրջության զարգացման և կանաչ էներգիայի օգտագործման ուղղությունները: Փոխվարչապետն անդրադարձել է Հայաստանի համար «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհային միջանցքի շինարարության նշանակությանը՝ առանձնացնելով Սիսիան-Քաջարան հատվածի կառուցումն իր բոլոր բաղադրիչներով:
Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել Երևանի ավտոբուսների արդիականացման, կանաչ էներգիայի զարգացման, ջրամբարաշինության և աղբավայրերի կառուցման հարցերին: Կողմերն ինտենսիվ և լիակատար համագործակցության պատրաստակամություն են հայտնել ծրագրերի իրականացման փուլում: