Միացյալ Թագավորությունն աջակցում է ԵԱՀԿ ՄԽ ջանքերին. Ուենդի Մորթն
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 6-ին հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Թագավորության (ՄԹ) Խորհրդարանական փոխպետքարտուղար, Եվրոպական հարևանության և Ամերիկայի հարցերով նախարար Ուենդի Մորթնի հետ։
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։ Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ տարածաշրջանում տևական և կայուն խաղաղության կարելի է հասնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության՝ հայտնի սկզբունքների և տարրերի հիման վրա համապարփակ լուծման միջոցով: «Ուենդի Մորթոնն իր հերթին նշել է, որ Միացյալ Թագավորությունն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ջանքերին: ԱԳ նախարարը շեշտել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց շուտափույթ հայրենադարձման անհրաժեշտությունը։ Արարատ Միրզոյանն իր գործընկերոջն է նաև ներկայացրել Ադրբեջանի սադրիչ գործողությունների, մասնավորապես՝ Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների ներթափանցման արդյունքում ստեղծված իրավիճակը: Նա շեշտել է, որ Ադրբեջանի նման գործելաոճը խաթարում է տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն ուղղված ջանքերը»,- նշվում է հաղորդագրության մեջ:
ՀՀ ԱԳՆ տեղեկացմամբ՝ ընդունելով գործընկերոջ շնորհավորանքներն ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` Արարատ Միրզոյանը հայտնել է հայկական կողմի պատրաստակամությունը համատեղ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում ՄԹ հետ համագործակցությունը զարգացնելու վերաբերյալ: Ըստ աղբյուրի՝ կլիմայի փոփոխության դեմ պետությունների ջանքերի համադրման համատեքստում զրուցակիցները կարևորել են այս տարվա նոյեմբերին Միացյալ Թագավորության Գլազգո քաղաքում անցկացվելիք ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի 26-րդ գագաթաժողովի (COP26) արդյունավետ անցկացումը և դրան հայկական կողմի մասնակցությունը: