Ահիմն են. Զասը՝ Աֆղանստան ՀԱՊԿ զորախումբ ուղարկելու մտավախությունների մասին
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների քաղաքացիների մտավախություններն անհիմն են Աֆղանստան զինվորներին ուղարկելու հնարավորության վերաբերյալ։ Այս մասին օգոստոսի 29-ին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, փոխանցում է EADaily-ն։
«Արդյոք Աֆղանստանը թակարդ չի՞ դառնա, արդյոք ստիպված չե՞նք լինի նորից այնտեղ ուղարկել մեր որդիներին։ Իհարկե, ոչ։ Դա բացարձակապես անհիմն մտավախությունները: ՀԱՊԿ-ը բացառապես պաշտպանական ռազմաքաղաքական կազմակերպություն է։ Եվ Հավաքական անվտանգության պայմանագրում, մեր կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված է հավաքական պաշտպանական ուժերի կիրառում բացառապես ՀԱՊԿ պատասխանատվության գոտու սահմաններում, այսինքն՝ մեր երկրների սահմաններում», - ասել է Զասը։
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նաեւ նշել է, որ Հավաքական անվտանգության խորհրդի անցած արտահերթ նստաշրջանում քննարկվել է Աֆղանստանում ստեղծված իրավիճակը, և մշակվել է սպառնալիքների նվազեցման միջոցառումների համալիր:
«Մենք մշակել ենք այդ սպառնալիքների նվազեցմանն ուղղված համալիր միջոցներ՝ հակազդել նարկոթրաֆիկին, ահաբեկչությանը, անօրինական միգրացիային։ Բայց հասկանալի է, որ հիմա իրավիճակն այնտեղ փոխվում է, և դա պետք է ուշադիր ուսումնասիրել ու հաշվի առնել մեր գործունեության մեջ, այդ թվում՝ այդ սպառնալիքների դեմ պայքարի առումով, որոնք ոչ մի տեղ չեն կորչել, այլ մասամբ՝ նույնիսկ հակառակը՝ ակտուալացվել են», - ընդգծել է նա։