22.11.2024
Մամուլ. Արարատ Միրզոյանը չի կարողանում հաղթահարել սթրեսը
prev Նախորդ նորություն

Բաքուն առանցքային դերակատար է դառնում ՀՀ-Իրան, ՀՀ-ՌԴ էներգետիկ հաղորդակցություններում

Միջպետական ճանապարհի անցումը թնշնամու վերահսկողության տակ լրջագույն խնդիրներ է ստեղծում նաև մեր էներգետիկ անվտանգության համար: Այս մասին գրում է էներգետիկ ոլորտի փորձագետ Վահե Դավթյանը:

"Այսպես, այլևս մեծ հարցականի տակ է հայտնվում Հյուսիս-Հարավ միջազգային էլեկտրաէներգետիկ միջանցքը, որը կոչված է փոխադարձ հոսեքեր ապահովել Իրանի, Հայաստանի, Վրաստանի ու Ռուսաստանի միջև: Սա է, թերևս, պատճառը, որ 2018-ի իշխանափոխությունից հետո գերդանդաղ տեմպերով է կառուցվում Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման 3-րդ օդային գիծը, իսկ Հայաստան-Վրաստան գծի կառուցման նախագիծն ընդհանրապես սառեցվեց: Այսպիսով, կյանքի է կոչվում Բաքվի կողմից տարիներ շարունակ մշակվող սցենարը, համաձայն որի Հյուսիս-Հարավ էլեկտրաէներգետիկ միջանցքն անցնում է կամ Ադրբեջանի տարածքով կամ էլ հայտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ:

Մյուս ռիսկը վերաբերում է Իրան-Հայաստան գազամուղի հետագա շահագործմանը: Նոր ձևավորվող տրանսպորտային ճարտարապետության պայմաններում Հայաստանի ու Իրանի միջև գազատրանսպորտային հաղորդակցություններում հստակ դերակատարում է ստանձնելու Ադրբեջանը: Արդյունքում գազի այն սիմոլիկ ծավալները, որոնք մատակարարվում են Իրանից Հայաստան, կարող են ընդհանրապես դադարեցվել՝ վերջ դնելով նաև ՛՛էլեկտրաէներգիա գազի դիմաց՛՛ գեոտնտեսական նշանակության գործարքին:


Այս բացասական սցենարը հստակ պատկերացնում է նաև ռուսական ՛՛Գազպրոմը՛՛, ահա թե ինչու ս.թ. ապրիլին ՛՛Գազպրոմ Արմենիան՛՛ որոշում կայացրեց դադարեցնել երկրի խոշորագույն էներգաօբյեկտներից մեկի՝ Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի շահագործումը, որը նպատակահարմար է բացառապես Իրանի հետ նոր էլեկտրահաղորդման գծի կառուցման պարագայում:

Այսպիսով, Հայաստանը զրկվում է իր էներգետիկ համամակարգի դիվերսիֆիկացման հնարավորությունից: Իսկ առանց դիվերսիֆիկացիա չկա անվտանգություն:

Ի դեպ, խաղաղության պայմանագրի ստորագրման պարագայում Հայաստանի գազատրանսպորտային համակարգը Ադրբեջանից կախվածության մեջ է հայտնվում նաև հյուսիսային ուղղությամբ: Անկլավներ հռչակված հայկական տարածքների, մասնավորապես՝ Ոսկեպարի հանձնումը թշնամուն թույլ կտա վերջինիս վերահսկել Կարմիր կամուրջ-Սևքար-Բերդ մայրուղային գազատարը, որով Հայաստանը բնական գազ է ստանում Ռուսաստանից:

Այսպիսով, Բաքուն առանցքային դերակատար է դառնում միաժամանակ հայ-իրանական ու հայ-ռուսական էներգետիկ հաղորդակցություններում:

Թուրք-ադրբեջական ՛՛Անակոնդա՛՛ օպերացիան շարունակվում է: Հայաստանում տիրող անիշխանությունը, ռազմավարական սնանկությունն ու հասարակության՝ այս ամենին հարմարվելու ինքնամոռաց պատրաստակամությունը շարունակում է պարարտ հող հանդիսանալ ՛՛տարածաշրջանը՝ առանց Հայաստանի՛՛ ռազմավարության կյանքի կոչման համար":