22.11.2024
Տնտեսության վերականգման տեմպը կտրուկ նվազել է. Պարսյան
prev Նախորդ նորություն

Մամուլ. Արարատ Միրզոյանը չի կարողանում հաղթահարել սթրեսը

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Արարատ Միրզոյանը, ըստ ամենայնի, չի կարողանում հաղթահարել պատերազմից հետո նոյեմբերի 9-ի գիշերն իր հետ կատարվածի սթրեսը եւ իր վախերն արդեն հասցրել է նաեւ արտգործնախարարությունում ցուցադրել։ Նախարարության մեր աղբյուրները պատմում են, որ նորանշանակ նախարարի ելումուտի ժամանակ նրա թիկնազորն ուղղակի կանգնեցնում է օդը` «մաքրելով» ցանկացածին շեֆի ճանապարհից։ Աշխատակիցները հիշում են, որ նման «հավսար-զգաստ» վիճակներ մեկ էլ Էդվարդ Նալբանդյանի պաշտոնավարման օրոք են զգացել։ Հիշեցնենք, որ Միրզոյանը նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը բռնության ենթարկվեց կառավարություն մուտք գործած ամբոխի կողմից»:


«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հունիսի 20-ի ընտրություններից հետո իշխանությունը, գիտակցելով, որ պաշտոնական ընդդիմությունը փոխվել է՝ ասպարեզ է եկել ավելի արմատական կազմ, որն առավել հավակնոտ է, քան նախկինը, քանի որ նրանք 2018-ին գալիս էին ԱԺ-ին մաս կազմելու ծրագրով, իսկ նորի նպատակն իշխանություն վերցնելն է, եւ հիմա որոշակիորեն հուսախաբված են ե՛ւ իրենք, ե՛ւ իրենց ընտրողը, ուստի պետք է ինքնահաստատվեն եւ ամեն ինչ անեն՝ հետագայում ողջ իշխանությունը գրավելու համար։ Նման ծրագրով եկած ընդդիմությունը չի գնալու կոմպրոմիսների, աչք չի փակելու իշխանության սխալների վրա։ Եվ իշխանությունը, հունիսի 20-ից սկսած, սկսել է քննարկել ընդդիմությանը չեզոքացնելու, կոտրելու, հակազդելու, հնազանդեցնելու հարցերը։ Նիկոլ Փաշինյանը գծագրել է նոր ԱԺ-ի սխեման եւ աշխատաոճը դեռեւս հուլիս ամսին՝ պարբերաբար իր մոտ հրավիրելով թիմի ղեկավար կազմին եւ քննարկելով այդ հարցերը։ Այդ ժամանակ էլ վերջնականապես հաստատվել է ԱԺ ղեկավար կազմը․ Ալեն Սիմոնյան՝ որպես Փաշինյանից հետո երկրորդ «հռետոր», որը նաեւ բավարար ագրեսիվ է եւ կարող է սանձել ընդդիմությանը, ԱԺ փոխնախագահներ՝ ծեծելու փորձ ունեցող Արշակյան եւ գոռալու ու հակադրվելու ունակ Ռուբինյան։ Առանձնացվել է ԱԺ «բետեեռների» ջոկատը՝ Հայկ Սարգսյան, Վահագն Ալեքսանյան, Վաղարշակ Հակոբյան, Նարեկ Բաբայան, Արսեն Պետրոսյան, Արսեն Թորոսյան, Հրաչյա Հակոբյան, Վահե Ղալումյան, Նարեկ Գրիգորյան, որոնք հարկ եղած դեպքում պետք է ծեծեն ընդդիմադիրներին։ Խոսքով ու գիտությամբ ընդդիմադիրներին «կրողների» թիմ՝ Վլադիմիր Վարդանյան, Բաբկեն Թունյան, Անդրանիկ Քոչարյան եւ այլք։ Նաեւ մշակվել է անվտանգության աշխատողներին լիարժեք օգտագործելու, լրագրողների տեղաշարժը սահմանափակելու սցենարը»:


«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Խորհրդարանում ավարտվել է մշտական հանձնաժողովների ձևավորման փուլը, ուշագրավ է, որ իշխանությունն ամենախնդրահարույց՝ Պաշտպանության հանձնաժողով է գործուղել իր ջարդարար ջոկատին, որոնք վերջին օրերին ակտիվ մասնակցում էին խորհրդարանական մարտերին և ստանձնել էին ընդդիմադիր պատգամավորներին ծեծուջարդի ենթարկելու առաքելությունը։ Ինչպես հայտնի է, հանձնաժողովը կղեկավարի Անդրանիկ Քոչարյանը, իսկ «Քաղպայմանագիր» խմբակցությունը կներկայացնեն «Շիշ բռնող» մականունով հայտնի պատգամավոր Հայկ Սարգսյանը, որը նախորդ խորհրդարանում տնտեսական հանձնաժողովի կազմում էր, թիվ մեկ «ուսապարկ» Վահագն Ալեքսանյանը, որը «Հայաստան» դաշինքի պատգամավոր Վահե Հակոբյանին առաջինը ոտքով հարվածողն էր, Վիլեն Գաբրիելյանը՝ Նավակ ճոճողը, սյունեցի Արմեն Խաչատրյանը, ով երեկ Ֆեյսբուքում yerkir.am կայքի խմբագրի հասցեին գրել էր՝ «վիժվածք»։ Ներկայացված կլինեն նաև Գագիկ Մելքոնյանը՝ պաշտպանության նախկին փոխնախարարը, Քրիստինե Պողոսյանը։ Իսկ ընդդիմությունից «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Ղազինյանը կդառնա հանձնաժողովի փոխնախագահ։ Հանձնաժողովի կազմում են ընդգրկվել նաև Գեղամ Մանուկյանը, Գեղամ Նազարյանը և «Պատիվ ունեմ»-ից Տիգրան Աբրահամյանը։ Հանձնաժողովի կազմի նման ընտրությունը թերևս բնական է, որովհետև սա լինելու է ամենաաղմկոտ քննարկումների հարթակը, որը տաք է պահելու իշխանության աքիլեսյան գարշապարը՝ 44-օրյա պատերազմի թեման»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ վերջին ժամանահակատվածում այնքան էլ հարթ չեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Վահրամ Դումանյանի եւ փոխնախարար Ժաննա Անդրեասյանի փոխհարաբերությունները: Բանն այն է, որ Անդրեասյանը նպատակ է ունեցել հունիսի 20-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններից հետո զբաղեցնել նախարարի աթոռը: Բայց, արի ու տես, նոր կառավարության ձեւավորումից հետո էլ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշել է այդ պաշտոնում վերանշանակել Վահրամ Դումանյանին: Անդրեասանը սկզբում նախարարությունում ասել է, թե հրաժարական կտա, եթե նախարար չնշանակվի: Նախարարության մեր աղբյուրները փոխանցում են, որ հիմա էլ Անդրեասյանը չի հանդուրժում ու ամեն գնով փորձում է ցույց տալ, որ նախարարն ինքն է, բոլոր գործերով ինքն է զբաղված, իսկ Դումանյանը դեկորատիվ կերպար է: Ի դեպ, նշենք, որ, ըստ կառավարության մեր աղբյուրների, տեւական ժամանակ գործադիրի աշխատակազմի նախկին ղեկավարներ Արսեն Թորոսյանն ու Էդուարդ Աղաջանյանը աշխատում էին, որ Դումանյանը այդ պաշտոնը կրկին չզբաղեցներ, բայց ապարդյուն: Անդրեասյանն էլ, տեսնելով, որ այդ պայքարում միայնակ է մնացել, հույսը դրել է իր վրա ու հիմա էլ «տակից» է աշխատում Դումանյանի դեմ: Տեսնենք՝ անդրկուլիսյան պայքարն ինչով կավարտվի:


«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Որտե՞ղ են Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանն ու Սյունիքից ընտրված պատգամավորները, որոնք հպարտորեն հայտարարում էին, որ Սյունիքն անվտանգ է, հող չի հանձնվել թշնամուն։ Ինչո՞ւ Սյունիքում չեն եւ զորավիգ չեն բլոկադայի մեջ հայտնված բնակիչներին: Մինչ ՔՊ-ականներն իրենց առաջնորդի գլխավորությամբ պոպուլիստական հայտարարություններ կանեն եւ կատարվածի մեղքը կբարդեն նախկինների վրա, Սյունիքի գյուղերը մնացել են ռուս սահմանապահների հույսին: Եվ հարց է, թե ճանապարհը բացվելուց հետո քանի մարդ է մնալու ապրելու զինաթափված ու հայաթափված գյուղերում: Երեկոյան լուր ստացանք, որ ռուս սահմանապահները շրջափակման մեջ են վերցրել ադրբեջանական 75 զինծառայողի, որոնք համարձակվել են խախտել ՀՀ սահմանը եւ փակել միջպետական ճանապարհը, որն իրենց հսկողության տակ է»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ազգային ժողովի միջադեպի մասով ՀՔԾ-ն այս օրերին ակտիվ ուսումնասիրություն է սկսել ինչպես գլխավոր դատախազի ուղարկած տեսագրություններով, այնպես էլ մամուլում հրապարակված տեսահոլովակների հիման վրա: Ավելին՝ մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ ՀՔԾ-ն անգամ գրություն է ուղարկել Ազգային ժողով, որպեսզի նրանք տրամադրեն իրենց կողմից նկարահանած միջադեպը: ՀՔԾ քննչական խումբը, որ զբաղվում է նյութերի նախապատրաստմամբ, այս փուլում այն կարծիքին է, որ միջադեպով հարուցվելու է քրեական գործ, իսկ թե ովքեր կանցնեն գործով, ինչ կարգավիճակով, ցույց կտա ժամանակը: Հիշեցնենք, որ ծեծին շատ ակտիվ մասնակցություն են ունեցել հենց ՔՊ-ական պատգամավորները, որոնք սկսել են բռնություն կիրառել: Եվ այստեղ հետաքրքիր է՝ տեսնենք՝ ՀՔԾ-ն իսկապես անաչառ կգործի և պատասխանատավության կկանչի խմբակային խուլիգանության դիմած ՔՊ-ական պատգամավորներին, թե ուժը կպատի միայն ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավորների վրա»: