Տնտեսության վերականգման տեմպը կտրուկ նվազել է. Պարսյան
Նախօրեին վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2021 թվականի հունվար-հուլիս ամիսների պաշտոնական վիճակագրությունը, ըստ որի՝ այս տարվա 7 ամիսների ընթացքում տնտեսական ակտիվությունն աճել է 5,2 տոկոսով․ հուլիս ամսին տնտեսության ակտիվությունն աճել է ընդամենը 0,2 տոկոսով, այսինքն՝ տնտեսական ակտիվության աճի տեմպը նվազել է մի քանի անգամ։
Տնտեսագետ Սուրեն Պարսյանը կանխատեսում է, որ այս իրավիճակը կպահպանվի նաև օգոստոս և սեպտեմբեր ամիսներին։
«Ակնհայտ է, որ այս նվազող տեմպով երկնիշ տնտեսական աճ ունենալու էկոնոմիկայի նախարարի «կանխատեսումը» հերթական մարքետինգային քայլն էր՝ մարդկանց ուշադրությունը գրավելու նպատակով, ինչի մասին բազմիցս նշել եմ․ միայն դրական սպասումներ առաջացնելով՝ երկնիշ տնտեսական աճ չեք կարող ապահովել։ Հետևաբար իմաստ չունի փնտրել հորդող ներդրումներ, դինամիկ զարգացող տնտեսություն․ դրանք ուղղակի սուտ են։
Իրականությունն այն է, որ ներկայումս մեր տնտեսությունն իներցիոն վիճակում է, և ի հաշիվ անցած տարվա վատ ցուցանիշների և հանքարդյունաբերության ունենք 5,2 տոկոս աճ։
Միաժամանակ, անկեղծ զարմանում եմ, որ հանրության հայտնի օլիգարխը, ով հայտարարում է, որ իր խելքի հաշվին է հարստությունը դիզել, տնտեսության ակտիվությունը չափում է ռեստորանների, կաֆեների ակտիվությամբ։
Հիշեցնեմ, որ 2020 թվականին համաշխարհային տնտեսությունը միջինում նվազել էր 3,4 տոկոսով, իսկ Հայաստանի տնտեսական անկումը կազմում էր 7,4 տոկոս: Այսինքն՝ տնտեսության վատ կառավարման արդյունքում՝ Հայատանում անկումը կրկնակիից ավելի մեծ էր":