24.11.2024
«Կանեփ-կակաչ-2021». հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է 3316 կգ կանեփի զանգված
prev Նախորդ նորություն

Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Հայաստանում Հնդկաստանի դեսպան Կիշան Դան Դեվալին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը օգոստոսի 26-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալին: Այս մասին հայտնում են նախարարության լրատվական ծառայությունից:


«Նախարարը ողջունել է դեսպանին, ընդգծել ՀՀ կառավարության դիրքորոշումը՝ Հնդկաստանի հետ համագործակցության խորացման կարևորության վերաբերյալ, ինչպես նաև շնորհավորել է վերջերս տեղի ունեցած Հնդկաստանի անկախության օրվա կապակցությամբ:


Վահագն Խաչատուրյանը նշել է, որ Կառավարությունն առանձնահատուկ վերաբերմունք է դրսևորում Հնդկաստանի հետ հարաբերություններում հատկապես բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում՝ ակնկալելով որակական և քանակական նոր հարաբերությունների հաստատում։


«Այն ձեռքբերումները, որն ունի Հնդկաստանը բարձր տեխնոլոգիաների և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության մեջ, շատ կարևոր կարող են լինել Հայաստանի հանրապետության համար»,- ասել է Վահագն Խաչատուրյանը։


Նախարարը դեսպանին ներկայացրել է այն հիմնական խնդիրները, որոնց լուծման ուղղությամբ աշխատանքներ է իրականացնում նախարարությունը՝ բարձր տեխնոլոգիաների վրա հիմնված արդյունաբերությունը վերականգնելու և զարգացնելու համար:


Վահագն Խաչատուրյանն անդրադարձել է այդ ոլորտում Հնդկաստանի ունեցած հարուստ փորձին, մեծ ներուժին, համագործակցության ընդլայնման, համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորություններին։


Դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, ընդգծել, որ Հայաստանի հետ առանձնահատուկ հարաբերություններ են հաստատված։ Հայ և հնդիկ ժողովուրդները բարեկամության դարավոր պատմություն ունեն, մշակութային ընդհանրություններ, իսկ մի շարք բնագավառներում՝ զարգացման մեծ ներուժ:


Հանդիպման ընթացքում քննարկվել են գործակցության խորացման մի շարք հնարավորություններ, պայմանավորվածություն է ձեռք բերվել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտի մի շարք ուղղություններով նախապատրաստել առաջարկությունների աշխատանքային ծրագիր:


Հանդիպման ավարտին դեսպան Կիշան Դան Դեվալին նախարար Վահագն Խաչատուրյանին հրավիրել է Հնդկաստան՝ հանդիպումներ ունենալու ոլորտի պատասխանատու պետական և մասնավոր ներկայացուցիչների հետ, տեղում ծանոթանալու և ձեռքբերելու պայմանավորվածություններ հետագա համագործակցության վերաբերյալ»,- նշված է հաղորդագրությունում: