Կանգ առեք. իշխանությունը կրկին երկիրը տանում է նոր ծուղակի. Վանեցյան
Իշխանական լծակներին այսօր տիրապետողները նման են զրոյական փորձառություն ունեցող երեխաներին, որոնց ինչքան էլ ասում ես չի կարելի հոսանքի հետ խաղալ, միևնույն է, ասածդ հասկանում են միայն այն ժամանակ, երբ երկաթե ձողով մտնում են վարդակի մեջ։ Այս մասին ԱԺ-ում ելույթի ժամանակ հայտարարեց "Պատիվ ունեմ" խմբակցության ղեկավար, ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը:
«Նրանք չեն հասկանում, որ հոսանքը վտանգ է, ու չեն լսում «մի՛ արա» հորդորը, հետո մի լավ հարված են ստանում ու սկսում սարսափել հոսանքից։ Նույնը մեր մոտ է։ Ասում ես չի՛ կարելի չբանակցել, չի՛ կարելի բանակցային գործընթացին այդպես անլուրջ ու մեծամիտ վերաբերել, չեն լսում, հետո լինում է դեպքերի կանխատեսելի ընթացք, ու նրանք ամբողջ կյանքում դառնում են պատերազմից սարսափողներ»,- ասաց նա։
Վանեցյանը շարունակեց. ասում ես՝ չի կարելի խաղալ գերտերությունների հակասությունների վրա, չի կարելի շանտաժի լեզվով կամ գռեհիկ կերպով վերաբերել գործընկեր երկրներին, չեն լսում, հետո լինում է դեպքերի կանխատեսելի ընթացք, ու նրանք դառնում են ինքնուրույն որևէ բան որոշելուց սարսափողներ։
"Վախ չունեն միայն նրանք, ովքեր չեն հասկանում, բայց անվախ են մինչեւ առաջին հարվածը։ Ասում ենք 44-օրյա պատերազմ, կարծես 45-րդ օրը կյանքը վերականգնվել է... մեր երկրում տեղի են ունեցել պատմական, աղետալի փոփոխություններ, եկել են նոր, սուր մարտահրավերներ ու դրանց դիմակայելու համար անհրաժեշտ է հասկանալ կատարվածի մասշտաբները, սառը հաշվարկել առաջիկա ռիսկերը, գրագետ քայլերով գնալ դեպի ջարդված պետականության վերականգնումը։ Մնացածը ժամավաճառություն է, ինչն էլ հենց կազմում է այս ծրագրի մեծ մասը: Երբեք չէի մտածի, որ կրկին կասեմ՝ կանգ առեք, որովհետեւ իշխանությունը կրկին երկիրը տանում է նոր ծուղակի",- հայտարարեց Արթուր Վանեցյանը: