23.11.2024
Մամուլ. Նիկոլ Փաշինյանը շարունակում է գնալ «սերժացման» ճանապարհով
prev Նախորդ նորություն

Մամուլ. Նախկին սոցապնախարարների կուսակցությունը Փաշինյանի պրոյեկտն է

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» օրաթերթը գրում է .«Նախկին սոցապնախարարներ Մանե Թանդիլյանի և Մեսրոպ Առաքելյանի հիմնադրած «Ապրելու երկիր» կուսակցությունը, որի անդրանիկ համաժողովը տեղի ունեցավ անցած շաբաթ, որոշ տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանի պրոյեկտն է։ Կուսակցության ֆինանսական հովանավորներն են սփյուռքահայ գործարարներ Ռուբեն Վարդանյանն ու Նուբար Աֆեյանը, ինչպես նաև Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։ Մեր աղբյուրները փոխանցում են, որ Փաշինյանը հունիսի 20-ի ընտրությունների հենց հաջորդ օրվանից պատրաստվում է հաջորդ արտահերթին, քանի որ տեսնում է, որ այս ընտրություններով քաղաքական ճգնաժամը չի լուծվել, և ապագա գործընթացները՝ դեմարկացիա, դելիմիտացիա, ճանապարհային միջանցք, կարող են անկանխատեսելի զարգացումների հանգեցնել և նոր ընտրությունների տանել, ուստի պետք է այսօրվանից պատրաստվել՝ դասեր քաղելով անցած ընտրություններից, մասնավորապես, հաշվի առնելով, որ «դուստր կուսակցություններից» որևէ մեկը չարդարացրեց իր սպասելիքները և չմտավ ԱԺ։ Նոր պրոյեկտ հիմնելու անհրաժեշտությունը սրանով է բացատրվում»:


«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը վերջին օրերին Հայաստանում է, հանդիպել է նաև ԱԺ նորընտիր ղեկավարության հետ՝ ի դեմս Ալեն Սիմոնյանի։ Մեր տեղեկություններով՝ ԱՀ խորհրդարանական խմբակցություններին Թովմասյանը վստահեցրել է, որ Հայաստան է գնում՝ ԱԺ ղեկավարությանը փոխանցելու Արցախ այցի հրավերը։ Արցախում սպասում են, որ ՀՀ օրենսդիր իշխանությունը սեպտեմբերի 2-ին՝ Արցախի անկախության օրը, կայցելի Արցախ, սակայն, մեր տեղեկություններով, Ա․ Սիմոնյանն արտերկրյա գործուղում ունի այդ օրերին։ Հիշեցնենք, որ պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցներն Արցախ չեն այցելել»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հայրենի իշխանությունը նպատակ ունի ամեն գնով այսօր ավարտել ՀՀ կառավարության ծրագրի քննարկումը: Ըստ մեր տեղեկությունների՝ իշխանական թևը պետք է այնպես կազմակերպի, որպեսզի այսօր՝ մինչև օրվա ավարտ, ելույթներն ավարտվեն, ու արդեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես գա եզրափակիչ ելույթով: Դրանից հետո իշխանական ֆրակցիան կկազմակերպի կառավարության ծրագրի քվեարկությունը, ու ամեն ինչ կավարտվի: Սա իշխանության ծրագիրն է, եթե, իհարկե, ամեն ինչ իրենց պլանավորածով գնա: Բանն այն է, որ խորհրդարանական ընդդիմության անելիքները, ելույթները կարող են նորից հունից հանել իշխանության պատգամավորներին, ու ամեն բան պլանավորվածից դուրս գա, ինչպես դա եղավ երեկ` «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի հարցի ժամանակ, երբ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, թե ՊՊԾ-ն Մկրտչյանին պետք է ԱԺ դահլիճից դուրս հրավիրի: Ըստ մեր տեղեկությունների՝ իշխանության մի քանի պատգամավորներ որոշել են որևէ ձևով «չհանդուրժել» Մկրտչյանի ելույթները ու ամեն ելույթի ժամանակ ռեպլիկներ բաց թողնել, վիրավորել, որպեսզի վերջինս այլևս չհամարձակվի Նիկոլ Փաշինյանի հասցեին ինչ-որ բան ասել: Այդ պատգամավորների գլխավոր «դերակատարը» ծովագյուղցի պատգամավոր Նարեկ Գրիգորյանն է, որը ԱԺ նիստերի ժամանակ, բացի կռիվ անելուց, ուրիշ որևէ բանով աչքի չի ընկել: Երեկ նույն կերպ Գրիգորյանը իրեն դրսևորեց Մկրտչյանի հետ միջադեպի ժամանակ, որի ձեռքերը անվտանգության աշխատակիցները ոլորեցին ու դուրս հանեցին ԱԺ դահլիճից: Կռվարարների շարքին են դասվում նաև Վաղարշակ Հակոբյանը, Կարեն Համբարձումյանը, Հրաչյա Հակոբյանը, Ռուստամ Բաքոյանը»:


«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորներից ոմանք դեռ չեն տեղավորվել իրենց աշխատասենյակներում։ Մասնավորապես, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները, որոնց բաժին են հասել նախկինում Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Ելք» խմբակցության հատվածի սենյակները, դեռ իրենց կաբինետները չեն զբաղեցրել, քանի որ վերանորոգում են։ «Պատվախնդիրների» խմբակցության միջանցքն ու աշխատասենյակներն այս օրերին վերածվել են իրական շինհրապարակի։ Գրեթե բոլորն իրենց սենյակները հիմնովին նորոգում են․ ամբողջովին դուրս են բերել հին գույքը, շարել միջանցքում։ Սենյակներում բանվորներ են աշխատում՝ ներկում են, գեղեցկացնում պատերը, հատակը, հետո պարտադիր նոր գույք կբերեն, որ նախկինների գույքը չօգտագործեն։ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն էլ, ում բաժին է հասել Էդմոն Մարուքյանի, դրանից առաջ Նիկոլ Փաշինյանի զբաղեցրած աշխատասենյակը, մյուս գործընկերներն էլ, որոնց սենյակները վերանորոգման մեջ են, այս օրերին յոլա են գնում Թագուհի Թովմասյանի ընդարձակ աշխատասենյակով, քանզի Թովմասյանին՝ որպես Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահի, ընդունարանով և հանգստի սենյակով ընդարձակ աշխատասենյակ են հատկացրել՝ նոր մասնաշենքում։ Այդտեղ էլ նախկինում Նաիրա Զոհրաբյանն էր նստում»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Օգոստոսի 20-ին ՀՀ ՊՆ Արշակ Կարապետյանը հանդիպել էր պաշտպանական գերատեսչության պատվերով սննդի պատրաստման և պահպանման ծառայություններ մատուցող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում ՀՀ ԶՈՒ թիկունքի վարչության և ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պատասխանատուները ներկայացրել են իրականացված ստուգումների արդյունքում արձանագրված խախտումները, նշել, որ զորամասերում սննդի որակն ու մատուցվող ծառայությունները առանձին դեպքերում չեն համապատասխանում կազմակերպությունների հետ կնքված պայմանագրերի պահանջներին։ Պաշտպանության նախարարը խիստ քննադատության է ենթարկել զինծառայողներին մատուցվող սննդի պատրաստման և պահպանման ընթացքում խախտումներ թույլ տված կազմակերպություններին և հրահանգել ողջամիտ ժամկետում լիարժեք կերպով վերացնել արձանագրված բոլոր թերությունները։ Բայց այս հաղորդագրությունը խորը արմատներ ունի. մինչ Պաշտպանության նախարարությունը մեղքը բարդում է մատակարարների վրա, իրավապահ համակարգը քրեական գործ է հարուցում մատակարարների անբարեխիղճ գործունեության մասով ու ուշագրավ բացահայտումներ անում: «Ժողովուրդ» օրաթերթն իր լավատեղյակ աղբյուրներից պարզեց, որ իրավապահ համակարգը հարցաքննության է հրավիրել մատակարարներին, նրանք բացատրել են, որ մրցույթ է հայտարարվել, մասնակցել են, այն ապրանքը, ինչը ներկայացրել են ԶՈւ հանձնաժողովին, դա էլ մատակարարվել է բանակ: Այսինքն՝ եթե մատակարարված ապրանքը վատն է եղել, հանձնաժողովը չպետք է ընդուներ: Իսկ ինչո՞ւ է հանձնաժողովը ընդունել. կա՛մ ազդեցիկ զանգ է հնչել ԶՈւ-ից, կա՛մ մասնագետներ չեն եղել, չեն հասկացել: Իհարկե, երկրորդ տարբերակը թերևս բացառվում է: Իրավապահները ԶՈւ հանձնաժողովի անդամների խոսքերը արժանահավատ չեն համարել և բանակին սնունդ կամ այլ իրեր մատակարարող ընկերությունների և հանձնաժողովի անդամների գործունեության մեջ կոռուպցիոն ռիսկեր են տեսել: Ի դեպ, այս բացահայտման մասին նաև հայտնել են Պաշտպանության նախարարությանը, ինչը ենթադրել է տալիս, որ Պն-ում առաջիկայում ուշագրավ բացահայտումներ են սպասվում: Իսկ թե ովքեր են մատակարարները՝ առաջիկայում»:


 


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.  «Ուղիղ մեկ շաբաթ է մնացել նոր ուսումնական տարվան. այս սեպտեմբերի 1-ը ամենաթանկն է լինելու, քանի որ դպրոց գնալու համար անհրաժեշտ ապրանքները բավականին թանկացել են: Դպրոցահասակ երեխա ունեցող ծնողների համար նոր ծախսերի առիթ է: Սեպտեմբերի 1-ին դպրոց գնալու համար անհրաժեշտ են գրենական պիտույք, պայուսակ, հագուստ, կոշիկներ, դասագրքեր, իսկ այս ապրանքները շուկայում վաճառվում են տարբեր գներով, օրինակ՝ դպրոցական պայուսակը 11000 դրամից սկսած է վաճառվում, այն կարող է գերազանցել անգամ 20000 դրամը: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը փոքրիկ հարցում արեց դպրոցահասակ երեխաների ծնողների շրջանում, թե սեպտեմբերի 1-ին ընդառաջ որքան գումար են նախատեսել ծախսել մեկ երեխայի համար:  արզվեց՝ մեկ երեխային դպրոց ուղարկելու համար ծնողին անհրաժեշտ է 100-150 հազար դրամ գումար: Զարմանալի չէ, որովհետև մեր հանրապետությունում դպրոցական պայուսակների գները, նախորդ տարվա համեմատ, զգալի բարձրացել են. եթե նախորդ տարի մեկ դպրոցական պայուսակը հնարավոր էր գնել 5000-6000 դրամով, ապա հիմա այն 9000-11000 դրամ է և ավելի: Սակայն աղքատության բարձր մակարդակ ունեցող մեր երկրում ոչ բոլոր ծնողներն են, որ կարողանում են երեխաների համար գնել 15000 դրամ և ավելի թանկ պայուսակ: Բարձրացել են նաև հագուստի գները, ավելին՝ հագուստի համար նախատեսված գումարը տարեցտարի ավելանում է: Փոքրերի հագուստն ավելի թանկ է, քան մեծերինը, ընդ որում՝ աղջկա հագուստի տեսականին ավելի մեծ է, գներն էլ՝ բարձր: Հետո նոր ծախսեր են առաջանում. գրքերի համար գումար են ծախսում, ապա նաև ձմեռային հագուստ են գնում: Կարճ ասած, վերնաշապիկ, տաբատ, կիսաշրջազգեստ (դպրոցներ կան, որտեղ համազգեստի միջին գինը գերազանցում է 10000 դրամը), մարզահագուստ, կոշիկ, սպորտային կոշիկներ, պայուսակ, օրագիր, տետրեր, գրիչներ, մատիտներ. այս ամենի համար միջին հաշվարկով անհրաժեշտ է առնվազն 100 հազար դրամ մեկ աշակերտի դեպքում՝ դրան գումարած նաև դասագրքերի գումարը»: