23.11.2024
Ո՞վ կապ ունի Հայաստանի հետ. Վահե Հովհաննիսյան
prev Նախորդ նորություն

Մամուլ. Նիկոլ Փաշինյանը շարունակում է գնալ «սերժացման» ճանապարհով

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը շարունակում է գնալ «սերժացման» ճանապարհով։ 2018-ին նա հեծանիվով էր աշխատանքի գնում, մտնում էր կառավարության գլխավոր մուտքից։ ԱԺ-ի ու նախագահականի այգին էր բացում այցելուների համար։ Առաջին քայլերից մեկն իրեն սպասարկող մեքենայի համարները փոխելն էր, որ չասեն՝ երկրի ղեկավարի մեքենան գոլդ համարներ ունի։ Սերժ Սարգսյանին սպասարկող մեքենայի համարանիշը՝ 001 UU, փոխեց՝ վերցնելով 136 UU 01 «հասարակ» համարը։ Բայց, ինչպես նրա մյուս պոպուլիստական-հեղափոխական քայլերը, այս մեկն էլ երկար կյանք չունեցավ՝ ընտրություններից հետո հրաժարվել է 136 UU 01 համարանիշից եւ վերցրել է երբեմնի նախագահական 001 UU-ն, որն ի պաշտոնե պետք է Արմեն Սարգսյանին սպասարկեր»:


«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր 30-ամյա պատմության ընթացքը մեզ բերեց-հասցրեց մի հանգրվանի, որտեղ ո՛չ անձի ֆիզիկական անվտանգությունն է ապահովված, ո՛չ մարդու իրավունքներն են պաշտպանված, ո՛չ տնտեսական վերելք կա, ո՛չ արտաքին քաղաքական հաջողություններ, ո՛չ հանրային համերաշխություն, ո՛չ անհատի զարգացման ու առաջընթացի պայմաններ, ո՛չ բարեկեցության հույս։ Մեր երկրի ու հասարակության առջև ծառացած խնդիրներն էլ նվազելու փոխարեն օրեցօր ավելանում են՝ դրանց լուծման հնարավորությանը հակադարձ համեմատական։ Եվ դա միանգամայն բնական է, քանի որ լուծողները չկան կամ լուծել ի վիճակի չեն։ Թռուցիկ հայացքը բավական է հասկանալու համար, որ այսօր ձևավորված կառավարությունն ի վիճակի չէ լուծելու և ոչ մի հարց։ Ո՞վ լուծի․ ձախողված բիզնեսմե՞նը, որը բախտի բերմամբ դարձել է նախարար։ Խմելու հանդեպ սեր ունեցող գիտնակա՞նը, որը պատահականորեն հայտնվել է նախարարի աթոռին։ Այն ա՞նձը, որը նախկինում ձախողել է իրեն վստահված ոլորտը, ապա իշխանությունների քաղաքական ախոյանի դեմ անհրաժեշտ ցուցմունք տալով՝ հայտնվել է Փաշինյանի կադրային բանկում։ Մեկը, ով ժամանակին չկարողացա՞վ սեփական իրավունքները պաշտպանել և երեք տարի շարունակ լռել է մարդու իրավունքների ոտնահարման փաստերի շուրջ, գումարած՝ կասկածելի համբավ ունի հանրության շրջանում։ Երրորդը, որն այնքան պասիվ է, որ 3 տարում ոչ մի քայլով ու խոսքով աչքի չի՞ ընկել։ Մեկը, ով ժամանակին այս իշխանությունների մաս էր կազմում, ապա հեռանալով, խոհեմ գտնվեց՝ չքննադատեց և հիմա կրկին բազմել է նախարարի աթոռի՞ն։ Մյուսը, որը տվյալ ոլորտի մասին զրո գիտելիքներ ունի, բայց թիմի անդամ է և պետք է առնվազն նախարարի աթո՞ռ զբաղեցնի։ ՀՀՇ-ից սերվա՞ծը, պատերազմում պարտվա՞ծը, նախարարի աթոռը որպես մանանա ստացա՞ծը՝ ո՞վ»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արդեն մի քանի օր է, ինչ մայրաքաղաք Երեւանում քննարկվում են Աջափնյակ համայնքի Ալիխանյան եղբայրների 6/1 հասցեում («Ֆիզիկայի գիտավան»)՝ այգու տարածքում իրականացվող շինարարությանն ուղեկցող բիրտ դրսեւորումները: Իսկ ո՞վ կամ ովքե՞ր են թաքնված այդ գործընթացի հետեւում։ Պարզվում է՝ դեռ վաղուց են շատ մարդիկ փորձ արել այդ հատվածում բազմաբնակարան շենք կառուցել, սակայն չի հաջողվել, գոնե Երեւանի նախկին գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը չի հաստատել նախագիծը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի խորհրդական Դավիթ Ճգնավորյանի փաստացի «թույլտվությամբ» է եղել Ֆիզգարադոկի հողերի «հանձնումը»: Ըստ մեր տեղեկությունների՝ Ճգնավորյանն ու Մարությանն են համարել, որ արժե Երեւան քաղաքի Ալիխանյան եղբայրների 6/1 հասցեի այգու տարածքում շինթույլտվություն տալ: Իսկ թե ովքեր են կառուցապատողները, դժվար է ասել, քանի որ նշվում է, թե մոսկվայաբնակ գործարարներ են, բայց, տարօրինակ զուգադիպությամբ, ընկերությունն օֆշորում է գրանցված: Եւ այս պայմաններում արդեն մի քանի օր է՝ այգու տարածքում թեժ բողոքի ակցիաներ են իրականացվում, մարդկանց են բռնի բերման ենթարկում: Իսկ ո՞վ է Ճգնավորյանը՝ այդ համարձակը… Քաղաքապետարանի մեր աղբյուրները փոխանցում են, որ նա Հայկ Մարությանի տան խոհանոցի դիզայներն է՝ «Սֆերա» ընկերության հիմնադիրն ու գլխավոր դիզայները»:


«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ԱԺ մշտական հանձնաժողովները սեպտեմբերի 6-ից պետք է սկսեն աշխատել, սակայն դեռեւս վերջնականապես չեն ձեւավորվել։ Բանն այն է, որ այսօրվա խորհրդարանական ընդդիմությունը ե՛ւ մասնագիտական որակներով է աչքի ընկնում, ե՛ւ կամային, ուստի իշխանության համար դժվար կլինի որեւէ խնդրահարույց նախագիծ անաղմուկ «սղղացնելը», ինչպես արվում էր նախկինում։ Դրանից բացի, հարկավոր է ֆրոնտ ուղարկել համարժեք զինվորների, որոնք ընդդիմադիրների հետ կկարողանան կռվել։ Օրինակ, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում ընդդիմությունը ներկայացրել է Արամ Վարդեւանյանի եւ Աննա Մկրտչյանի թեկնածությունը, իշխանական խմբակցությունում կատակում են, որ ավարտվել են վահագնհովակիմյանական ժամանակները, եթե նախկին գործընկերներին մեծն սահմանադրագետը կարողանում էր ֆռռացնել եւ իշխանական նախագծերն անցկացնել, ապա հիմա վստահ չեն դրանում։   Հանձնաժողովների փոխնախագահների հարցում էլ դեռ հստակություն չկա՝ մտադիր են տնտեսականի փոխնախագահ առաջադրել Բաբկեն Թունյանին, մարդու իրավունքների հանձնաժողովում՝ Ռուստամ Բաքոյանին, ում ՔՊ-ն նախապես ընտրել էր նախագահի պաշտոնում, սակայն այն բաժին հասավ ՊՈՒ-ին»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայկական բանակում սոված մնացած իշխանության օրոք (շատ պատգամավորներ եւ պաշտոնյաներ իրենք են բարձրաձայնել այդ մասին) նոր հանցատեսակներ են զարգանում: Պարզվում է՝ տարբեր զորամասերում կամ մարտական հենակետերում զինվորին քնած բռնացնողները նրա այդ արարքը թաքցնելու համար շատ դեպքերում կոնկրետ գումար են պահանջում՝ 8-10.000դրամ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ իրավապահ մարմիններում քննության առարկա են դարձել քնած զինվորներից «փրկագին» պահանջելու դեպքերը: Ընդ որում, դրանք լայն տարածում են գտել: Ու երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, թե բանակում զինվոր ունեցող ծնողները ստիպված չեն լինելու ներքնաշորեր ուղարկել, քանի որ համալրված է ողջ քանակը, հիմա, փաստորեն, ստիպված են ծնողները տանից գումար ուղարկել, որ քնած զինվորի ֆոտոները ջնջվեն, կամ փաստերը չհաղորդվեն վերադասին: Ասել է թե՝ զորամասի ներսում մեկը մյուսին պարտք մնալու խնդիրը դեռեւս լուծված չէ, ու երբեմն ճակատագրական ավարտ է ունենում: Հիշեցնենք վերջին դեպքը, երբ միանգամից երեք զինվորի ծառայակիցը սպանել էր, իրավապահները դարձյալ պարտքուպահանջի եւ միմյանց արժանապատվությունը ոտնահարելու վարկած են քննում»:


«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Իշխանությունը համաներում կհայտարարի 44-օրյա պատերազմի ընթացքում միջին ծանրության հանցանք կատարելու մեջ կասկածվող, մեղադրվող կամ արդեն դատապարտված անձանց նկատմամբ։ Նախագիծն արդեն շրջանառության մեջ է դրվել, ակնկալվում է համաներումն իրականացնել մինչեւ սեպտեմբերի 26-ը՝ պատերազմի մեկ տարին լրանալը։ Համաձայն նախագծի՝ համաներման տակ կընկնեն անձինք, ովքեր «2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչեւ նոյեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում մասնակցել են Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ռազմական գործողություններին, ինչպես նաեւ ՀՀ քրեական օրենսգրքի 32-րդ գլխով նախատեսված զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցանք կատարելու մեջ կասկածվող, մեղադրվող կամ այդ հանցանքը կատարելու համար դատապարտված զինծառայող անձանց նկատմամբ, ովքեր 2020 թ․ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ռազմական գործողությունները դադարելուց հետո՝ նոյեմբերի 9-ից մինչեւ ռազմական դրության գործողության ժամկետի ավարտը՝ 2021 թ․ մարտի 24-ը, կատարել են ՀՀ քրեական օրենսգրքի 32-րդ գլխով նախատեսված զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցանք»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ իշխանությունը որոշել է «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին օրենքի նախագիծ ընդունել: Նախագիծը հիմա հանրային քննարկման է ներկայացվել: Նպատակը երեկ կալանավորված պատգամավորների կալանքի օրինականացումն է: Ինչպես հայտնի է, «Հայաստան» խմբակցության երեք պատգամավորների` Արմեն Չարչյանին, Արթուր Սարգսյանին ու Մխիթար Զաքարյանին, դատարանի որոշմամբ կալանավորել են՝ ԿԸՀ թույլտվությամբ՝ մինչ օրս չստանալով ԱԺ համաձայնությունը: «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 90-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ պատգամավորի թեկնածուի՝ մինչեւ պատգամավորի լիազորությունները ստանձնելն ընտրված պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնությամբ: Առանց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնության, նա չի կարող զրկվել ազատությունից՝ բացառությամբ երբ նա բռնվել է հանցանք կատարելու պահին կամ անմիջապես դրանից հետո: Հիմա նախագծով առաջարկվում է իրավական կարգավորման ենթարկել հետեւյալ հարցերը. հստակեցնել իրավական երաշխիքից օգտվող սուբյեկտները, դրանք են՝ կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուն եւ մինչեւ պատգամավորի լիազորություններն ստանձնելն ընտրված պատգամավորը, կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի կամ մինչեւ պատգամավորի լիազորություններն ստանձնելն ընտրված պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողով դիմող սուբյեկտը, կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի կամ մինչեւ պատգամավորի լիազորություններն ստանձնելն ընտրված պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու հարցի համար նիստ հրավիրելու եւ որոշում կայացնելու ժամկետը, նիստի եւ որոշում կայացնելու համար անհրաժեշտ ձայների հարցը: Այսպիսով, Հայաստանում շարունակվում են հին ու մերժված ավանդույթները. օրենքները գրվում են քաղաքական իրավիճակի թելադրանքով եւ շահերով, առանց հեռուն գնացող ռազմավարական ծրագրերի»:


«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով, վերջերս Հայաստան են ժամանել եզդի օրենքով գողեր։ Ըստ լուրերի, նրանք իրենց երկրներում խնդիրներ են ունեցել իրավապահների հետ եւ որոշել են ապահով երկիր տեղափոխվել։ Օրենքով գողերը որոշակի գործարք են առաջարկել մեր իշխանություններին․ ապաստան ՀՀ-ում՝ օր-օրի ավելի լարվող քրեական իրավիճակը զսպելու դիմաց։ Իսկ Հայաստանում դանակահարություններն ու սպանությունները, օրը ցերեկով կրակոցներն այնքան են հաճախացել, որ մեր երկիրը մոտ է Սիցիլիա դառնալուն։ Իշխանությունը կարծում է, որ քրեական աշխարհի միջամտությունը, ինքնակառավարման լծակներ գործի դնելը կարող են իրավիճակը փոխել երկրում։ Այսինքն՝ այն, ինչ չեն կարողանում անել իրավապահները, կանեն գողերը։ Հայտնի են ժամանած օրենքով գողերի անունները՝ Նոդար եւ Դաթո։ Ասում են՝ նրանք նույնիսկ հանդիպել են վարչապետի հետ։ Ազգությամբ եզդի գողերի այցը Հայաստան արդեն խոսակցությունների թեմա է դարձել քրեական աշխարհում։ Սա ընկալվել է որպես դրսի եւ տեղի գողերի միջեւ առճակատման վտանգ, հայաստանյան գողականներին սանձելու միջոց։ Հայտնի է, որ Փաշինյանի ու հայաստանյան գողական աշխարհի հարաբերությունները բարդ են՝ «մեր գողականները» նրան չեն ընդունում, եւ պատճառը ոչ միայն նրա հայտարարած պայքարն է քրեական ենթամշակույթ կրող անձանց դեմ ու Քրեական օրենսգրքում համապատասխան հոդված ավելացնելը, այլեւ կրիմինալ աշխարհը չի ներում «երեխեքի գլուխն ուտելն ու հողերը հանձնելը»։ Իսկ եզդի օրենքով գողերի այցը Հայաստան նոր թեմա է ավելացրել այս հակասությունների մեջ։ Ի դեպ, լավատեղյակ անձինք նշում են, որ սա կարող է նաեւ Ուկրաինայի ու ՌԴ-ի հետ հարաբերություններում լարում առաջացնել՝ ՀՀ-ի կողմից նրանց հյուրընկալելը լավ չի դիտվի»։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այս տարվա հունվար-հուլիս ամիսների արդյունքներով՝ Հայաստանից ինքնաթիռով մեկնել եւ չի վերադարձել 43 հազար 39 ուղեւոր: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ քաղաքացիական ավիացիայի պետական կոմիտեից տեղեկացավ, որ «Զվարթնոց» օդանավակայանից հունվար-հուլիս ամիսներին մեկնել է 515 հազար 849, իսկ ժամանել՝ 488 հազար 833 ուղեւոր, այսինքն՝ չի վերադարձել 27 հազար 16 քաղաքացի: «Շիրակ» օդանավակայանից այս տարվա 7 ամիսներին մեկնել է 42 հազար 141, վերադարձել` 26 հազար 118 ուղեւոր՝ 16 հազար 23 ուղեւորով պակաս: Ի դեպ, ինքնաթիռով մեկնած եւ չվերադարձածների թիվը, չի կարելի ասել, որ ամբողջությամբ արտացոլում է արտագաղթի պատկերը, քանի որ բազմաթիվ քաղաքացիներ նախընտրում են ցամաքային ճանապարհը: Եթե այն լիարժեք բացվի, ապա այս ցուցանիշը մի քանի անգամ կավելանա: Մյուս կողմից՝ տեղեկացնենք, որ Գյումրու «Շիրակ» օդանավակայանը հուլիսի 15-ից մինչեւ սեպտեմբերի 15-ը չի շահագործվելու։ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ օդանավակայանն իրականում փակվել է՝ վերանորոգման եւ հետագայում ռազմական նշանակությամբ ծառայելու համար»։