Ռուս խաղաղապահները պարեկություն են իրականացրել կողմերի սահմանազատման գծում
Ռուսական խաղաղապահ զորախմբի կազմից պարեկության շարժական խմբերը զրահատեխնիկայի վրա կատարել են Լեռնային Ղարաբաղում կողմերի սահմանազատման գծի երկայնքով ընթացիկ իրադրության վերահսկողության խնդիրները: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
Պարեկային խմբերը բազմակիլոմետրանոց երթ են իրականացրել ժամանակակից զրահամեքենաներով եւ ընդհանուր օգտագործման ճանապարհներով ու գրունտային դժվարանցանելի ճանապարհներով՝ անցնելով հեռավոր շրջաններ ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում:
«Ամեն օր պարեկության շարժական խմբին խնդիր է դրվում սահմանազատման գծի երկայնքով տեղաշարժվելը՝ ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայությունը ցուցադրելու նպատակով, ինչպես նաեւ հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողությունը», - ասել է ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Ալեքսանդր Իսակովը: «Պարեկության ժամանակ խումբն իրականացնում է օդային հսկողություն, տեղի բնակիչների հարցում՝ պատասխանատվության գոտում իրադրության փոփոխությունները բացահայտելու նպատակով», - պարզաբանել է նա:
Նշվում է, որ ռուսական խաղաղապահ ստորաբաժանումներն ամեն օր կատարում են Մարտակերտի, Մարտունու շրջանների երեք երթուղիներով և Լաչինի միջանցքում պարեկության խնդիրները:
Ռուս խաղաղապահների կողմից քսան յոթ դիտակետերում իրադրության շուրջօրյա մոնիթորինգ եւ հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն է իրականացվում: Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:
Ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հնարավոր միջադեպերի կանխման ջանքերը համակարգելու համար շարունակական փոխգործակցություն է պահպանվում Ադրբեջանի եւ Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ: