24.11.2024
Տոլստոյը ռուսներին վիրավորած ադրբեջանցի դիվանագետին նախազգուշացրել է հետևանքների մասին
prev Նախորդ նորություն

Հայաստանը տարածքներ նվաճելու որևէ մտադրություն չունի. Նիկոլ Փաշինյան

Հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի խախտումերի նախաձեռնող կողմի նույնականացումը և սադրիչ գործողությունների հասցեական դատապարտումը էական նշանակություն ունի իրավիճակի հետագա դեէսկալացիայի և կայունացման համար: Այդ մասին կառավարության օգոստոսի 12-ի նիստին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանի տարբեր հատվածներում հրադադարի պարբերական խախտումներին:


Նրա խոսքով, սադրիչ գործողությունների հասցեական դատապարտման գործառույթը դժվար է պատկերացնել առանց միջազգային մոնիթորինգի մեխանիզմի գործարկման: «Ասել եմ, որ կարծում եմ՝ դա պիտի լինի ՀԱՊԿ-ի դիտորդական առաքելություն, եթե դա ՀԱՊԿ-ի համար ընդունելի չէ, այլընտրանքը մնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դիտորդական առաքելությունը», - հավելել է նա։


Փաշինյանը նշել է նաև, որ հայկական կողմի համար միանշանակ ընդունելի է նաեւ սադրիչ գործողություններից եւ հայտարարություններից զերծ մնալու համանախագահների կոչը։


«Հուլիսի 29-ին Կառավարության նիստում ես ուրվագծել եմ Հայաստանի Հանրապետության կառավարության պատկերացումը մեր տարածաշրջանում իրավիճակի դեէսկալացիայի, երկարատեւ կայունության եւ խաղաղություն հաստատելու քայլերի մասին, ինչպես նաեւ ընդգծել եմ միջազգային գործընկերների հետ այդ ուղղությամբ աշխատելու ՀՀ-ի պատրաստակամությունը։ Հուլիսի 29-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նույնպես հանդես եկան հայտարարությամբ, որի առանցքային ուղերձը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով լարվածության նվազմանն ուղղված քայլերի ձեռնարկումն էր, սադրիչ քայլերից եւ հայտարարություններից զերծ մնալու Ադրբեջանին եւ Հայաստանին ուղղված կոչը։


ՀՀ ԱԳՆ-ն հուլիսի 30-ին հանդես եկավ հայտարարությամբ, որով ողջունեց համանախագահողների հայտարարությունը, այդպիսով արտահայտելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո խաղաղ բանակցությունները վերսկսելու Հայաստանի Հանրապետության հանձնառությունը։ Մեզ համար միանշանակ ընդունելի է նաեւ սադրիչ գործողություններից եւ հայտարարություններից զերծ մնալու համանախագահների կոչը։


Ակնհայտ է, որ այս պայմանի պահպանումն առանցքային նշանակություն ունի պատեհ բանակցային մթնոլորտ եւ միջավայր ձեւավորելու համար։ Եթե սադրիչ հայտարարությունների հետագծելիության հարցը մեծ բարդություն չի ներկայացնում, սադրիչ գործողությունների եւ հրադադարի ռեժիմի խախտումներ նախաձեռնող կողմի հարցը մշապես բանավեճերի տեղիք է տալիս»,- ասաց Փաշինյանը։


Խոսելով Ադրբեջանի հետ խաղաղ բանակցությունները վերսկսելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կոչի մասին՝ Փաշինյանն ընդգծեց, որ Հայաստանը պատրաստ է բանակցային գործընթացում ներգրավվել թե բարձր, թե բարձրագույն մակարդակում. «Մենք սպասում ենք կոնկրետ առաջարկների։ Հայաստանի, Արցախի եւ տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու մեր ժողովրդից ստացած մանդատը կառավարության վրա դնում է հատուկ պատասխանատվություն։ Այս խնդիրը լուծելու համար պետք է լինենք առավելագույնս ակտիվ եւ ճկուն։ Մեր տրամադրությունն ու տրամադրվածությունը պիտի լինի հետեւյալը՝ առավելագույնն անել՝ օրակարգում առկա խնդիրներով լուծումների գնալու համար։ Իհարկե կան հարցեր, որոնք հնարավոր է լուծել ավելի արագ։ Կան հարցեր, որոնց լուծումն ավելի երկար ժամանակ է պահանջում։ Նման հարցերից մեկը, որը կարծում եմ՝ հնարավոր է բավական արագ լուծել, տարածաշրջանային կոմունիկացիաների բացումն է, տարածաշրջանային ապաշրջափակման օրակարգը, կարծում եմ՝ օր առաջ պետք է սկսենք աշխատանքները փոխվարչապետերի եռակողմ ձեւաչափում, լինենք առավել ակտիվ եւ նախաձեռնող տարածաշրջանում նոր կոմունիկացիոն եւ տնտեսական հնարավորությունների իրագործման տեսանկյունից»։


Նիկոլ Փաշինյանն ասաց, որ հայ-ադրբեջանական սահմանի դեմարկացիայի եւ դելիմիտացիայի վերաբերյալ իրենց դիրքորոշումն ամփոփոխ է. «Կարծում ենք՝ այդ ուղղությամբ նույնպես պետք է ակտիվանան աշխատանքները»։


Վարչապետը նշեց, որ թշնամության եւ թշնամանքի մթոնոլորտի հետագա խորացում մեր տարածաշրջանում անթույլատրելի է: Նրա գնահատմամբ, դա սպառնալիք է ոչ միայն մեր տարածաշրջանի, այլեւ միջազգային անվտանգության համար։


«Թե թշնամության մթոնոլորտի խորացումն ինչպիսի դրսեւորումների կարող է բերել, տեսանք Բաքվում բացված պուրակի օրինակով, որն անարգանք է մեր տարածաշրջանի եւ տարածաշրջանային քաղաքակրթության հասցեին։ Սահմանակից երկրների հետ հարաբերությունների խորացումը կամ կարգավորումը կառավարության արտաքին քաղաքականության կարեւոր ուղղություններից է լինելու։ Ցավոք, որոշ ուժեր փորձում են սխալ լույսի ներքո ներկայացնել Հայաստանի մտադրությունները, ասելով, թե ՀՀ-ն ԶՈՒ-երի բարեփոխումներն առաջնահերթություն է հռչակել սահմանակից երկրների նկատմամբ ագրեսիվ քաղաքականություն վարելու համատեքստում։ Հայաստանի Հանրապետությունը, ինչպես ցանկացած խաղաղասեր պետություն, ԶՈՒ-երը զարգացնելու եւ վերափոխելու է ոչ թե ագրեսիայի, այլ հնարավոր ագրեսիայից պաշտպանվելու համար, մենք տարածքներ նվաճելու որեւէ մտադրություն չունենք, մեր մտադրությունը մեր ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը պաշտպանելն է», - ասել է ՀՀ վարչապետը։