Հայտնաբերվել է ապօրինի փայտանյութի տեղափոխման մի քանի դեպք
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներն օրենքով վերապահված իրենց գործառույթներն իրականացնելիս ս.թ. օգոստոսի 5-10-ն ընկած ժամանակահատվածում հայտնաբերել են ապօրինի փայտանյութի տեղափոխման մի քանի դեպք:
Տեսչական մարմինը մանրամասնում է, որ մանավորապես հայտնաբերվել են մեծ ծավալի փայտանյութ տեղափոխող Զիլ և Կամազ մակնիշի ավտոմեքենաներ՝ ընդհանուր մոտ 50խմ շինափայտով բեռնված, ընդ որում՝ Կամազ մակնիշի ավտոմեքենայում բեռնված շինափայտը քողարկված է եղել վառելափայտով։
Հայտնաբերված իրավախախտումները փաստաթղթավորվել են և փոխանցվել ՀՀ ոստիկանություն հետագա ընթացքը լուծելու համար։
Նշված ժամանակահատվածում հայտնաբերվել են նաև որսագողության դեպքեր, առգրավվել է ապօրինի որսված 11 հատ լոր տեսակի թռչուն, 1 հատ նապաստակ: Ապօրիինի որսի ընթացքում օգտագործված թվով 5 որսորդական զենքերը ևս առգրավվել են։
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հորդորում է չխախտել բնապահպանական օրենսդրությունը և դրսևորել օրինապահ վարքագիծ։