Եվրասիական հիմնադրամը $3 մլն դրամաշնորհ կհատկացնի ՀՀ-ին COVID-ի դեմ պայքարի համար
Կառավարությունը հավանություն է տվել Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից «Հայաստանի Հանրապետությունում COVID-19 համավարակին պատրաստվածության մակարդակի բարձրացում. կորոնավիրուսից առաջացող սպառնալիքի հայտնաբերում և արձագանքում» ծրագրի ֆինանսավորման համար դրամաշնորհի տրամադրման մասին ՀՀ-ի և Եվրասիական զարգացման բանկի միջև համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Համաձայնագրի շրջանակում նախատեսվող ծրագրի իրականացման համար որպես դրամաշնորհ կհատկացվի 3 մլն ԱՄՆ դոլար։
Նախատեսվող միջոցառումները կնպաստեն COVID-19-ի բռնկման ռազմավարական պատրաստվածության և հակազդման գործընթացին, առողջապահական համակարգի, մասնավորապես՝ կորոնավիրուսի հայտնաբերման և ախտորոշման, ինչպես նաև ինտենսիվ թերապիայի ծառայությունների կարողությունների հզորացմանը: Ծրագրի նպատակն է բժշկական ծառայությունների տրամադրման շարունակականության, ինչպես նաև հիվանդության տարածման սպառնալիքին արագ հակադարձելու կարողության ապահովումը` հաշվի առնելով նաև կորոնավիրուսի հնարավոր ալիքային ընթացքը և սեզոնային սրացումները:
Ծրագրով նախատեսված 3 բաղադրիչների շրջանակում նախատեսվում է իրականացնել, մասնավորապես՝ ՀՀ Արարատի և Արմավիրի մարզերի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի (ՀՎԿԱԿ) մասնաճյուղերի արդիականացում: Ըստ հիմնավորման՝ ՀՎԿԱԿ-ի մարզային տասը մասնաճյուղից հինգը՝ Շիրակը, Լոռին, Սյունիքը, Գեղարքունիքը, Տավուշը, արդեն իսկ վերակառուցվել, կառուցվել և հագեցվել են լաբորատոր սարքավորումներով:
Նախատեսվում է վարակիչ հիվանդությունների դեպքերի վարման համակարգի հզորացում, մասնավորապես՝ ՀՀ Լոռու մարզում ինֆեկցիոն հիվանդությունների ծառայության ենթակառուցվածքի բարելավում: Կբարելավվեն Վանաձորում ինֆեկցիոն ծառայությունների համար նախատեսված շենքային պայմանները՝ կկառուցվի նոր մասնաշենք՝ 30 մահճակալի համար:
Բացի այդ, ծրագրի շրջանակում նախատեսվում է հանրային իրազեկության բարձրացում, մասնավորապես՝ հանրային իրազեկման ռազմավարության մշակում, տեղեկատվական բազմազան հարթակների օգտագործում հանրային իրազեկման նպատակով։