ՄԻՊ-ը կիսում է Freedom House կազմակերպության մտահոգությունները Սաշիկ Սուլթանյանի գործով
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշմամբ իրավապաշտպանների, հասարակական կազմակերպությունների, այդ թվում՝ «Freedom House» միջազգային իրավապաշտպան կազմակերպության մտահոգությունները Հայաստանում գործող «Մարդու իրավունքների եզդիական կենտրոն» ՀԿ նախագահ Սաշիկ Սուլթանյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման առնչությամբ պետք է պատշաճ հաշվի առնվեն և դառնան քրեական հետապնդման մարմինների լրացուցիչ քննարկման առարկան:
"Այս առումով իրավապաշտպանների և ՀԿ-ների հայտարարություններին ուղղված Գլխավոր դատախազության օգոստոսի 5-ի հրապարակային արձագանքը՝ կապված Սաշիկ Սուլթանյանի իրավունքների հետ, պարունակում է քննադատական խոսքին կամ իրավապաշտպան գործունեությանը վերաբերող վտանգավոր շեշտադրումներ և առաջացնում է լրացուցիչ մտահոգություններ: Ուստի, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից լրացուցիչ պարզաբանումների հարցով գրություն կհասցեագրվի Գլխավոր դատախազություն:
Մարդու իրավունքների պաշտպանը Ս. Սուլթանյանի նկատմամբ քրեական հետապնդման սկզբնական փուլից սեփական նախաձեռնությամբ սկսել է նրա իրավունքների պաշտպանության գործընթաց: Գրություն է հասցեագրվել ՀՀ դատախազություն: Ս. Սուլթանյանի իրավունքների հարցով մի շարք միջազգային և հայաստանյան կազմակերպություններ դիմել են Մարդու իրավունքների պաշտպանին՝ կապված նրա նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման իրավաչափության հետ: Այդ կազմակերպությունների հետ սկսված է համապատասխան հաղորդակցություն:
Ս. Սուլթանյանին ՀՀ քրեական օրենսգրքի՝ Ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելու համար պատասխանատվություն նախատեսող 226-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքի հիմնավորվածությունը պետք է ցույց տրվի կոնկրետ ապացույցներով:
Մարդու իրավունքների պաշտպանը հարկ է համարում ընդգծել, որ ՀՀ-ում եզդիներն ունեն առանձնահատուկ դեր, անփոխարինելի ներգրավվածություն հանրային կյանքին:
Նրանց իրավունքների պաշտպանությունը Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության կենտրոնում է:
Բայց սա չի նշանակում, եթե մարդը, կոնկրետ՝ դեպքում Սաշիկ Սուլթանյանը, հնչեցրել է երկրին ուղղված քննադատական խոսք ու անգամ, եթե դա որոշ մասերով իրականությանը չի համապատասխանում, նա պետք է պատժվի քրեական պատասխանատվությամբ:
Նման հարցերը հեշտորեն կարող են լուծվել Կառավարության իրավասու մարմնի կողմից հայաստանյան կամ միջազգային հանրությանն ուղղված համապատասխան արձագանքով, որով ընդամենը կհաստատվեն կամ կհերքվեն քննադատությունները",- ասված է հայտարարության մեջ: